– Պարոն Խաչատրյան, սահմանային անցակետերի արդիականացման պահանջը ՀՀ նախագահի կողմից բարձրացվեց դեռեւս նախորդ տարի` Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Հենց նախորդ տարի էլ ստեղծվեց միջգերատեսչական երկու աշխատանքային խումբ, որոնք պետք է անցակետերի արդիականացման հստակ ծրագիր եւ ժամանակացույց ներկայացնեին: Հաշվի առնելով, որ աշխատանքային խմբերից մեկը ղեկավարում եք Դուք, կարո՞ղ եք ասել, թե այժմ ինչ փուլում են գտնվում այդ միջոցառումները:
– Սահմանային անցակետերի արդիականացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման պահանջը դրված է ոչ միայն մաքսային մարմինների, այլ նաեւ սահմանային բոլոր գերատեսչությունների առջեւ, քանի որ խնդիրը պետական սահմանին իրականացվող ոչ միայն մաքսային, այլ նաեւ մյուս բոլոր ընթացակարգերի բարելավումն է, սահմանային տարբեր գերատեսչությունների աշխատանքների հնարավորինս ինտեգրումը, սահմանային անվտանգության խնդիրների իրավական կարգավորումը եւ դրանց համապատասխանեցումը միջազգային առաջավոր փորձին: Այս ամենի հիմքում սահմանների համալիր կառավարման սկզբունքն է, որը բացառում է գործառույթների կրկնություններն ու բարձրացնում սահմանային հսկողության արդյունավետությունը. այդպիսով հնարավոր կլինի կյանքի կոչել նաեւ ազատ առեւտրի գաղափարի իրագործումը, այդ թվում` նպաստել «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրի» առավել արագ ստորագրմանը:
Ծրագրված բոլոր այս բարեփոխումների իրականացման նպատակով դեռեւս նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական երկու աշխատանքային խումբ` ՀՀ արդարադատության նախարարի եւ իմ գլխավորությամբ: Նշեմ, որ մեր աշխատանքային խմբի կողմից ծրագրի իրագործման ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանք է տարվել եւ կազմվել է սահմանային անցակետերի արդիականացման միջոցառումների հստակ ժամանակացույց, որի համաձայն` ամբողջությամբ վերակառուցվելու են մաքսակետերի ոչ միայն շենքային պայմանները, այլեւ ներքին տեխնիկական սխեման, ամբողջ ենթակառուցվածքային համակարգը: Բացի այդ, սահմանային կետերի արդիականացման գործում կարեւորելով «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը եւ հաշվի առնելով այդ ուղղությամբ Վրաստանի եկամուտների ծառայության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, իմ հանձնարարականով Պետական եկամուտների կոմիտեում եւս ստեղծվել է երեք աշխատանքային խումբ: Նրանք զբաղվելու են սահմանային անցակետերում ենթակառուցվածքների, ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ օրենսդրության, ինչպես նաեւ` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցման ու ինտեգրման հարցերով:
– Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում ընտրվել են Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի անցակետերը։ Ինչո՞վ է պայմանավորված հատկապես այս մաքսակետերի վերակառուցման առաջնահերթությունը:
– Անցակետերի արդիականացման խնդիրն առավել հրատապ է հայ-վրացական սահմանին, որտեղ ներկայում սահմանային հսկողության նպատակով օգտագործվող շենք-շինություններից որեւէ մեկն այդ նպատակի համար հատուկ նախագծված չի եղել, ինչը հնարավորություն չի տալիս ուղեւորների եւ բեռների սահմանահատման գործընթացում ներդնել ժամանակակից ընթացակարգեր եւ տեխնոլոգիաներ: Բացի այդ, հենց նշված մաքսակետերին է բաժին ընկնում հայ-վրացական սահմանով իրականացվող ապրանքաշրջանառության հիմնական մասը: Այդ պատճառով էլ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում որպես թիրախային կետեր` ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի անցումային կետերը: Նախատեսում ենք ոչ թե պարզապես վերանորոգել, այլ հին շինությունների փոխարեն կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող բոլորովին նոր հատակագծով անցումային կետեր, դրանք հագեցնել նորագույն տեխնիկական միջոցներով եւ ներդնել սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ավարտական փուլում են գտնվում նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային տենդերի միջոցով ընտրված, այդ ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող լատվիական «ARHIS» կազմակերպության կողմից:
– Պարոն Խաչատրյան, որքանով հայտնի է` սահմանային անցակետերում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ հայտարարելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է նաեւ հանձնաժողով, որը նախագահելու եք Դուք: Կարո՞ղ եք մոտավոր ժամկետներ նշել, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները:
– Միանգամայն իրատեսական է բուն շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը հայտարարել աշնանը: Կարծում եմ` այդ ժամանակացույցով առաջնորդվելու դեպքում, շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել նոյեմբերից, իսկ գործընթացն ամբողջությամբ կիրականացվի 2012 թվականի ընթացքում:
Նախատեսում ենք ընդլայնել սահմանային բոլոր երեք կետերի տարածքները, մասնավորապես, Բագրատաշենինը կկազմի 10 հեկտար` 3 անգամ գերազանցելով ներկա տարածքի մակերեսը: Բացի այդ, Բագրատաշենում` Դեբեդ գետի վրա կկառուցենք նոր կամուրջ, որը կունենա երթեւեկելի երկու առանձին հատված` յուրաքանչյուրը 10-ական մետր լայնությամբ: Կամրջի վրա կլինեն նաեւ հետիոտնի համար նախատեսված անցումներ: Ի դեպ, այն լինելու է բավականին գեղեցիկ ճարտարապետական կառույց, իսկ ներկայում շահագործվող կամուրջը, որն ընդամենը նոր կառուցվելիքի մեկ քառորդ լայնության է, նույնպես կվերանորոգվի եւ կօգտագործվի պահուստային նպատակներով: Թե՛ Բագրատաշենի եւ թե՛ Բավրայի անցակետերում կկառուցվի մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը բեռնատար եւ երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Միայն Գոգավանի անցակետում, ելնելով տարածքային առանձնահատկությունից, յուրաքանչյուր կողմի համար կգործի երկուական ուղի: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից եւ կուտակումներից, սպասարկումն էլ շատ արագ կիրականացվի. օրական 600 ավտոմեքենայի եւ 2000 ուղեւորի սպասարկելու հնարավորություն կստեղծվի, այսինքն` 4-5 անգամ ավելի ներկա ծավալներից: Ավտոմեքենաների համար նախատեսված հատուկ կանգառներ եւ տերմինալներ կկառուցվեն բոլոր երեք անցակետերում էլ: Տեղադրվելու են նաեւ առավել մանրակրկիտ զննման համար նախատեսված «Ռապիսկան» սարքավորումներ, որոնց օգնությամբ էլ ավելի կուժեղացվի սահմանային հսկողությունը: Իսկ հարեւան երկրներում համաճարակների բռնկման ժամանակ մեր հանրապետության սահմանին սանիտարահիգիենիկ ուժեղացված հսկողություն ապահովելու նպատակով` բոլոր երեք անցակետերում կառուցվելու են ավտոմեքենաների ախտահանման եւ լվացման հատուկ կետեր: Լուծվելու են նաեւ ջրամատակարարման եւ էլեկտրասնուցման խնդիրները: Բոլոր երեք անցակետերում էլ կառուցվելու են խորքային հորատանցքեր, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարման համար` հելիոկոլեկտորներ, որոնք կօգտագործեն արեւի էներգիան` վարչական շենքերում էլեկտրաէներգիայի եւ տաք ջրի մատակարարման համար, ինչը թե էկոլոգիապես մաքուր է, եւ թե նվազ ծախսատար:
Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերում նախատեսվում է կառուցել նաեւ հատուկ հրապարակներ` ուղղաթիռների կայանման համար: Սա հատկապես անհրաժեշտ կլինի արագ արձագանքման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Բոլոր երեք անցակետերում հատուկ տարածքներ կառանձնացվեն նաեւ կինոլոգիական ծառայությունների ապահովման համար. յուրաքանչյուր տարածքում անհրաժեշտ կացարաններ կհատկացվեն 6 վարժեցված շների համար:
Ինչ վերաբերում է Գոգավանին, ապա այդ անցակետի տարածքը կընդլայնվի ավելի քան 2 անգամ, իսկ կառուցվելիք շենքը հարմարեցված կլինի հատուկ այդ տեղանքին: Պետք է նշեմ, որ տարածքների ընդլայնումն իրականացվելու է տվյալ տեղանքների բնակիչներից որոշ հողատարածքների օտարման հաշվին, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ պետք է ճանաչվեն պետական գերակա հանրային շահ, եւ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են տարվել քաղաքացիների հետ: Երկկողմ համաձայնության արդյունքում շինարարության համար անհրաժեշտ հողատարածքները սեփականատերերից կօտարվեն փոխհատուցման դիմաց:
Բավրայում եւս, 2-ի փոխարեն, 7,7 հեկտար տարածքի վրա կառուցվելու է բավականին մեծ շինություն, իսկ մաքսային հսկողության գոտին մոտ 800 մետրով մոտեցվելու է վրացական կողմի անցակետին: Եվ ամենակարեւորը` իրականացվելիք կառուցապատումներն այնպես են կազմակերպվելու, որպեսզի չխոչընդոտեն անցակետերի բնականոն աշխատանքային ռիթմը:
Այսպիսով` սահմանային հսկողության բոլորովին նոր որակ ենք ապահովելու: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե արդյունավետության աճի, այլ սկզբունքորեն նոր որակական մակարդակի մասին:
– Կարո՞ղ ենք ասել, որ այդ նոր որակը վերաբերելու է նաեւ մաքսային ձեւակերպումների ընթացակարգերի պարզեցմանը:
– Միանշանակ, նոր մաքսակետերն ինքնըստինքյան ենթադրելու են պարզեցված ընթացակարգեր: Ճիշտ է, նախորդ ամիսներին մենք արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարել ենք փաստաթղթերի կրճատման ուղղությամբ, որոնք նույնպես էականորեն նվազեցնում են ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը, սակայն ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ շատ աշխատանքներ ընդգրկված են այս առաջիկա ծրագրում: Օրինակ, այժմ դեռ լիարժեքորեն չենք կարող հաշվառել ձեւակերպումների ամբողջ շղթայի վրա ծախսվող ժամանակը, քանի որ մաքսակետերում գործընթացներն ավտոմատացված չեն: ՀՀ նախագահի կողմից, սակայն, հանձնարարական է տրվել սահմանային նոր անցակետերում կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիական համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի ժամանակային առումով վերահսկել մաքսային ընթացակարգերի ամբողջ շղթան` սկսած մաքսակետ տվյալ ավտոմեքենայի մուտքից: Այսինքն` բոլոր երեք սահմանային անցակետերի տարածքներում տեղադրվելու են հատուկ տեսասարքավորումներ, որոնց միջոցով շուրջօրյա հսկողություն է սահմանվելու. արդյունքում հնարավոր կլինի ֆիքսել մաքսային յուրաքանչյուր գործընթացի վրա ծախսվող ժամանակը եւ ըստ այդմ քայլեր ձեռնարկել` այն հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
Այս լայնածավալ բարեփոխումներն, իրենց հերթին, կհանգեցնեն ընթացակարգերի պարզեցմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ` առավել արդյունավետ հսկողությանը: Սահմանակետերում հատուկ ուշադրություն ենք դարձնելու նաեւ սպասարկման մակարդակի բարձրացմանը. բոլոր մաքսակետերում անխտիր մաքսային մարմինների աշխատակիցները պարտավոր են լինելու սահմանը հատող անձանց նկատմամբ դրսեւորել էթիկայի բարձր նորմերին համապատասխան վարքագիծ եւ բարեկիրթ վերաբերմունք: Ի դեպ, այս բարեփոխումներում նախատեսում ենք ակտիվ համագործակցություն` ինչպես պետական այլ մարմինների, այնպես էլ օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ, ինչը կօգնի միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը Հայաստանում, Եվրամիության անդամ երկրների մաքսային մարմինների հետ փոխադարձ կապերի ամրապնդմանը. արդյունքում հնարավոր կդառնա նաեւ տեղեկատվության եւ էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրերի փոխանակումը:
Ի դեպ, քանի որ աշխատանքները նախ տարվելու են հայ-վրացական սահմանի անցման կետերում, ուստի կարեւորվում է նաեւ վրացական կողմի հետ համագործակցությունը: Այդ նպատակով մենք պատրաստել ենք հայ-վրացական սահմանային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծ, որի ստորագրումն այժմ ընթացքի մեջ է: Նմանատիպ եւս մեկ համաձայնագիր, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից, նախատեսվում է կնքել նաեւ իրանական կողմի հետ:
– Անցակետերի արդիականացման ամենակարեւոր միջոցառումներից մեկը սահմանային անցակետերում «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրումն է: Որքանո՞վ արդյունավետ կլինի դրա իրագործումը:
– Նախ` կբացառվեն շատ գործառույթների կրկնություններ` այդ թվում ոչ անհրաժեշտ կամ կրկնակի վերահսկողության եւ հսկողության իրականացումը: Միասնական գործառույթներ կսահմանվեն անցակետերում գործող տարբեր ծառայությունների համար, կբարձրանա նրանց գործունեության արդյունավետությունը: Ամենակարեւորը` «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը նախատեսում է նաեւ համատեղ հսկողության կազմակերպում` միեւնույն շինությունում, ինչը քաղաքացիներին կազատի ավելորդ հոգսերից եւ ընթացակարգային ձգձգումներից. օրինակ` սահմանապահ զորքերի եւ մաքսային ծառայության միջեւ համատեղ հսկողության կազմակերպումը հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել, երբ սահմանապահ եւ մաքսային ծառայությունները գործեն միեւնույն վայրում:
Ծրագրի ավարտից հետո ակնկալում ենք, որ հայ-վրացական սահմանով ուղեւորվող անձանց համար սահմանահատման գործընթացը կլինի նույնքան պարզ եւ հասկանալի, որքան Եվրամիության արտաքին սահմանային անցումային կետերում է: Ավելին. հաշվի առնելով, որ եվրոպական երկրների մաքսակետերը կառուցվել են տարիներ առաջ` մեր անցակետերի կառուցման ժամանակ արդեն կօգտագործվեն ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ, կընտրվեն կառուցապատման ամենաթարմ լուծումները:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ