Ո՞ւր են տոմսերը

16/09/2011

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` հոկտեմբերի 7-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 14-ից մարզադաշտի տոմսարկղերում, «Հյումել» խանութներում: Սակայն, ինչպես պարզել է մեր թղթակիցը, սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին մարզադաշտի տոմսարկղում մնացել էին միայն հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը, իսկ արեւելյան եւ արեւմտյան տրիբունաներից` մի քանի վատ տեղեր: «Հյումել» խանութների փոխանցմամբ, իրենք նույնպես ստացել են միայն «վատ» տրիբունաների տոմսերը: Նույն պատմությունը կրկնվել է նաեւ հաջորդ օրը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Պատասխանը հետեւյալն էր. «Միգուցե իրո՞ք վաճառվել են տոմսերը»: Սակայն հասկանալի է, որ մի հսկայական մարզադաշտի տոմսերը չէին կարող 3-4 ժամվա ընթացքում սպառվել, տեխնիկապես հնարավոր չէր այդ պրոցեսն իրականացնել: Մնում է ենթադրել, որ այդ սպասված հանդիպման տոմսերն արդեն սպեկուլյանտների ձեռքում են եւ խաղից մի քանի օր առաջ թանկ գներով կհայտնվեն ֆուտբոլասերների մոտ: