Նոր փորձաքննություն ավտովթարի գործով

16/09/2011

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Մարինա Պողոսյանն ընդդեմ Նարեկ Թումանյանի» հայցի քննությունը: Քաղաքացին ցանկանում է ԱԱԾ աշխատակցից բռնագանձել այն ծախսերը, որոնք իրեն պատճառվել են Ն. Թումանյանի պատճառով:

2010թ. ապրիլի 21-ին տեղի ունեցած ավտովթարի հետաքննության ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություն, որով հաստատվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի անօրինական գործողությունների եւ դրանց հետեւանքներով կայացված վթարի պատճառահետեւանքային կապը: Հիշեցնենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Մարինա Պողոսյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր որոշումը եւ գործն ուղարկել վերաքննության: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Եսոյանը որոշում կայացրեց նոր փորձաքննություն նշանակել գործի վերաբերյալ: Մ. Պողոսյանը դատարանում հայտարարեց, որ իր համար ցանկալի չէ, որ փորձաքննությունն անցկացվի Ոստիկանությունում, քանի որ կասկածներ ունի, թե ԱԱԾ աշխատակիցը կարող է ճնշում գործադրել փորձագետների նկատմամբ: «Իսկ Նարեկ Թումանյանը ժամանակին անվստահություն էր հայտնել Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին, ինչն ինձ համար անհասկանալի է»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինան: Նրա խոսքով` պատասխանատվությունն այժմ ընկնելու է փորձագետների ուսերին: «Դատարանում դեռ չի հաջողվել վերջնական արդարության հասնել, քանի որ դատավորների նկատմամբ ճնշում կա, հիմա հերթը փորձագետներինն է, նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան կատարվածին»,- նշում է քաղաքացին` ավելացնելով, որ անարդար եզրակացություն ստանալու դեպքում այդ մասին տեղյակ կպահի բոլոր պետական մարմիններին եւ հասարակությանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին` նրան կոչ անելով «թույլ չտալ, որ իր պաշտոնեական դիրքը չարաշահող երիտասարդը հեղինակազրկի մեր երկրի եւ նախագահի անունը»:

Արման ՂԱՐԻԲՅԱՆ

Հ.Գ. Մ. Պողոսյանի նկատմամբ ճնշումներ են սկսվել նաեւ Արաբկիրի թաղապետարանից, որն արդեն 4 հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացու` պահանջելով նրա` 1995թ.-ից արդեն վաճառած ավտոմեքենաների գույքահարկերը, ինչպես նաեւ` նախկինում արդեն վճարված գույքահարկերի կրկնակի վճարումը:

Lragir.am