Թզի գործը

15/09/2011

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ գնալիս` ճանապարհին նկատել է, որ մի քանի տասնյակ դատապարտյալներ Սյունիքի մարզի դաշտավայրերում թուզ եւ նուռ են հավաքում: Այդ դատապարտյալները պետք է մի քանի ամիս այդ գործով զբաղվեին: «Ես ուզում եմ կառավարությունից ճշտել, թե ինչպիսի իրավական ակտի հիման վրա են մեր դատապարտյալները գտնվել այդ բնակավայրում, ինչպիսի աշխատանքներ են նրանք իրականացնում, եւ այդ հավաքած թուզն եւ նուռը որտեղ են իրացվում, դրանից ինչպիսի եկամուտ է ստանում Հայաստանը, կառավարությունը, ինչպիսի պայմանագրեր կան դրա համար»,- երեկ Ազգային ժողովում կառավարությանն այսպիսի հարց ուղղեց «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը: Թեման հետաքրքրեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարց տվեց. «Թզի գործերն ինչպե՞ս են, պարոն Թովմասյան»: Պատգամավորների, կառավարության անդամների եւ լրագրողների ծիծաղի ուղեկցությամբ` Հ.Թովմասյանը պատասխանեց, թե «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը կազմակերպում է թզի ջեմի արտադրություն, իսկ արտադրանքը փոխանցվում է քրեակատարողական հիմնարկներին: Նախարարը նաեւ վստահեցրեց, որ բերքը հավաքողները նվազագույն աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձ են ստանում, եւ այդ աշխատանքներում ներառված են բացառապես բաց տիպի հիմնարկների դատապարտյալները: Իսկ մշակվող ողջ բերքն օգտագործվում է քրեակատարողական հիմնարկների կարիքների բավարարման համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սյունիքի վերամշակման գործարաններում «թզի գործով», նաեւ համով հետաքրքրվում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, երեկ` ԱԺ աշնանային նստաշրջանի` կառավարության հետ առաջին հարցուպատասխանը բավականին շուտ ավարտվեց: ԱԺ-ն այնպես էր կազմակերպել, որ հարցուպատասխանն, ըստ էության, տեղի չունեցավ: Կոալիցիոն երեք խմբակցությունների եւ ոչ մի պատգամավոր կառավարությանը երեկ հարց չտվեց: Մի քանի գրավոր եւ «Ժառանգության» պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ արագ հեռացան, որ հասցնեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի անկախության 20-ամյակի հերթական միջոցառմանը: