Հաստատել են դեսպաններին

15/09/2011

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը: Ջ. Հեֆերնը շուրջ 30 տարի աշխատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում եւ այժմ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է: Քվեարկությունից առաջ` Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Ի դեպ, նա նույնպես խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը` նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է ԱՄՆ նախագահի կողմից»: Հիշեցնենք, որ նույն օրը հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն: