Երկխոսության արդյունքը

15/09/2011

«10 զոհերի մահվան հանգամանքները եթե վստահելի քննությամբ չի բացահայտվում, այդ էջը չի կարող փակված համարվել: Այս վերջին բանաձեւի ամբողջ տրամաբանությունը հենված է նրա վրա, որ գոյություն ունի երկխոսություն, եւ դա է հույս տվել, որ այդ էջը կարող է փակվել: Ովքեր դժգոհում են, մոռանում են, որ դա իրենց երկխոսության տված արդյունքն է: Իշխանության շահն արդեն այս երկխոսությունից շատ հստակ երեւաց: Այսպիսի դրական որակումներով բանաձեւ ունեն, ինչպիսին ԵԽ-ն վաղուց չէր ընդունել ՀՀ վերաբերյալ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին բանաձեւի նախագծի այն ձեւակերպմանը, թե Մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել: Բայց չէ՞ որ երկխոսության կողմերից մեկը` ՀԱԿ-ը, միշտ հայտարարել է, որ Մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել, քանի դեռ չեն բացահայտվել այդ դեպքերի կազմակերպիչներն ու 10 զոհերի պատասխանատուները: Եվ այդ հայտարարությունները ԵԽ-ին հասանելի են եղել: «Բայց բանաձեւում գրված է, չէ՞, թե ինչպես են ընկալել այդ երկխոսությունը»,- ավելացրել է պատգամավորը: