Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Իսրայելում կայացած աշխարհի թիմային առաջնությունում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականներին: Շնորհավորում ենք մեր տղաներին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: Սա այն քիչ դեպքերից է, երբ հայերը կարողացան թիմով հասնել հաջողության (Արարատ-73, ԽԹծ (ՈՒՀԱ)-ի երկու թիմերը եւ տղամարդկանց ու կանանց շախմատի հավաքականները):
Ի դեպ, նույն պատկերն է քաղաքականության մեջ: Առանձնապես շատ ուշադիր լինել պետք չէ՝ Հայաստանում գտնելու համար այնպիսի կուսակցություն, որը գոնե տեւական ժամանակ խաղում է թիմով (խոսքս իշխանական այն կուսակցությունների մասին չէ, որոնք, ելնելով տվյալ ժամանակահատվածի կոնյունկտուրայից, արհեստականորեն ուռճանում են): Այսօր Հայաստանում այդպիսի երկու կուսակցություն կա՝ ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն: Երկուսն էլ ապացուցել են, որ, չլինելով իշխանություն, կարողանում են ոչ միայն գոյատեւել, այլեւ ուրույն ձեւով զարգանալ: Հետաքրքիր է, բայց փաստ, որ բացի թիմային լինելուց, միայն այս երկու կուսակցություններն են կառուցված ռեալ գաղափարական հիմքի վրա: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ կուսակցությունների բոլոր անդամները գաղափարական քաղաքական գործիչներ են: Սակայն, փաստը մնում է փաստ, որ, ուզենք թե չուզենք, սիրենք մենք այդ կուսակցություններին թե ատենք, համակրենք թե չեզոք վերաբերվենք, դասական առումով, այսօրվա հայաստանյան կուսակցական բազմազանության մեջ հենց այս երկու կուսակցություններն են վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական թատերաբեմում խաղում երկու գլխավոր դերերը: Այսօր կվերլուծենք, շախմատային տերմինաբանությամբ ասած՝ 20-րդ կատեգորիայի մրցաշարի պարտիա:
Սպիտակների ճամբար
Թագավոր – արդեն 8 տարի է՝ պարզ չէ
Թագուհի – ՀՀՇ
Նավակներ – ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին կապերը, ցանկացած հարմար պահի կարող են նորից միանալ ՀՀՇ-ին
Փղեր – արեւմտյան լիբերալ ուժեր
Ձիեր – ՀՀՇ-ամետ լրատվամիջոցներ (ԶԼՄ)
Զինվորներ – Հայաստանի քաղաքացիների մի հատված:
Սեւերի ճամբար
Թագավոր – Երբեք պարզ չի եղել
Թագուհի – ՀՅԴ
Նավակներ – ադմինիստրատիվ ռեսուրս
Փղեր – սփյուռքահայության զգալի մի հատված
Ձիեր – դաշնակցական լրատվամիջոցներ (ԶԼՄ)
Զինվորներ – Հայաստանի երկքաղաքացիներ:
Խաղում են սպիտակները
90-ականների կեսերին սպիտակներն իրենց այն ժամանակվա թագավորի (Լեւոն Տեր-Պետրոսյան) գլխավորությամբ փորձեցին չեզոքացնել սեւերի թագուհուն: Դա նրանց չհաջողվեց: Կարծում եմ՝ դա սխալ քայլ էր, քանի որ, դեռ նրանցից առաջ, 70 տարի դա չէր հաջողվել անել անգամ կոմունիստներին: Ավելին, այդ քայլով սպիտակներն ավելի ուժեղացրին սեւերի թագուհուն, քանզի դեռ պատմությունից հայտնի է, որ ճնշվածների համակիրները միանգամից շատանում են: Եվ, եթե հիշենք, թե որքան ձայն էր ստացել 1991թ. նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը, ապա կարելի է եզրակացնել, որ այդ քայլով սպիտակները (ՀՀՇ) բարձրացրին սեւերի (ՀՅԴ) ռեյտինգը հենց Հայաստանում:
Խաղում են սեւերը
Իհարկե, 90-ականների մրցախաղերը սեւերը հիմնականում տանուլ էին տալիս, քանզի այն ժամանակ նրանք խաղում էին, փաստորեն, առանց նավակների (ադմինիստրատիվ ռեսուրս): Սակայն 90-ականների վերջին՝ ճիշտ պահին հրավիրելով ճիշտ մարզիչ (Ռոբերտ Քոչարյանին), կարողացան ոչ միայն դուրս գալ բավականին դժվար խաղային իրավիճակից, այլեւ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ:
Խաղում են սպիտակները
Չնայած այդ խաղում սպիտակները կորցրին իրենց թագավորին եւ պարտվեցին, սակայն շախմատում գոյություն ունի մատչ-ռեւանշ հասկացություն, ինչին արդեն 8 տարի է ձգտում են սպիտակները: Նախ, պարզ չէ, թե ինչու են այսքան տարի նրանք իրենց նորովի խաղն ուզում սկսել նույն թագավորի հետ (հատկապես, եթե թագավորը դա չի ուզում) եւ, իհարկե, անհասկանալի է, թե ինչու այսքան տարիների ընթացքում ունենալով մեծ ներուժ, նրանք այդպես էլ չկարողացան նոր անցողիկ զինվոր գտնել: Մի հետաքրքիր դիտարկում. սպիտակները չէին սիրում խաղալ ձիերով (ԶԼՄ-ներ)՝ թերագնահատելով նրանց դերը: Ավելին, նրանք կարող էին շատ հեշտությամբ զոհաբերել, ասենք, Պետական հեռուստատեսության պրոֆեսիոնալ տնօրենին (Տիգրան Հակոբյանին): Նույնիսկ կորցնելով իշխանությունը, ՀՀՇ-ն տեր չկանգնեց իրեն համակիր ձիերից ամենահզոր դիրք ունեցողին («Ա1+»): Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ձին այն ֆիգուրն է, որ յուրաքանչյուր անուշադիր քայլի դեպքում կարող է իր թակարդը գցել մրցակցի միանգամից երկու հզոր ֆիգուրների:
Խաղում են սեւերը
Ունենալով մրցակցից ոչ պակաս ներուժ, սեւերը վերջին տարիների ընթացքում շատ ճիշտ կարողացան օգտագործել սպիտակների թե նոր, թե հին սխալները: Նախ, ի տարբերություն սպիտակների, նրանք միշտ ճիշտ են օգտագործել իրենց ձիերին: Հիշենք միայն 90-ականների սկզբի «Երկիր» թերթը: Չնայած այսօր էլ նրանք մեծ տեղ են տալիս ԶԼՄ-ներին՝ ի դեմս «Երկիր-Մեդիա» հեռուստատեսության եւ մի շարք այլ թերթերի: Բացի այդ, թե այն ժամանակ, եւ թե այսօր սեւերի փղերը (սփյուռքահայություն) միշտ ակտիվ դերակատարություն են ունեցել բոլոր խաղացած պարտիաներում: Իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ երկքաղաքացիությունը թույլատրվի օրենքով, այդ ֆիգուրները կարող են «մատ» հայտարարել յուրաքանչյուր մրցակցի: Չնայած, չպետք է մոռանալ, որ այդ նույն սփյուռքահայության շրջանում շատ-շատերը վաղուց լքել են եւ լքում են Դաշնակցության շարքերը: Նրանցից շատերն այսօր պայքարում են հենց նույն Դաշնակցության դեմ:
Խաղում են սպիտակները
Ի տարբերություն սպիտակ ձիերի, սպիտակների փղերը միշտ ստրատեգիական ակտիվ դիրք են ունեցել: Հաշվի առնելով թե ձիերի, եւ թե նրանց նավակների (ուժեր, որոնք հարմար պահին կարող են նորից միանալ ՀՀՇ-ին) առկայությունը, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ կարող են անսպասելի քայլեր անել, սպիտակները, բնականաբար, կշարունակեն պայքարը: Չմոռանանք, որ փառքի գագաթին մեկ անգամ եղած ուժը հետո շատ դժվար է հաշտվում պարտության մտքի հետ:
Խաղում են սեւերը
Սեւերն, իրենց հերթին, հասկանում են, որ սպիտակները երբեք չեն հանգստանա: Դրա համար նրանք երբեք առիթը բաց չեն թողնում` բոլորին հիշեցնելու սպիտակների թագուհու «ականջների մասին»: Այս քայլը, այսպես կոչված, «սեւ PR-ի» նպատակով բավական հաճախ օգտագործում են սեւերը: Բայց եթե 90-ականների վերջին դա «ուժեղ քայլ» էր համարվում, ապա այսօր այդ քայլը միայն ցայտնոտի արդյունք է:
Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան
Շախմատիստներ Տալը եւ Սմիսլովը թեեւ շատ տաղանդավոր էին, սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրեցին շատ կարճ: Իսկ Բոտվիննիկը, որը պակաս տաղանդավոր չէր, կարողացավ մի քանի անգամ պարտվելուց հետո իր մեջ ուժ գտնել եւ վերադարձնել ուժեղագույնի թագը: Ժամանակը ցույց կտա՝ սպիտակները նման են Տալին եւ Սմիսլովի՞ն, թե՞ Բոտվիննիկին: Իսկ սեւերին կհամեմատեի էստոնացի շախմատիստ Պաուլ Կերեսի հետ, որն ուներ «ընդմիշտ երկրորդ» անունը: Սեւերը բազմիցս ապացուցել են, որ եղել են եւ կմնան քաղաքական դաշտում, սակայն, չունենալով թագավոր, նրանց դժվար է դառնալ առաջինը: