Թշերը, մինչդեռ, փափուկ են այստեղ

15/09/2011

«Wikileaks»-ի հրապարակումները շարունակում են անակնկալներ մատուցել Հայաստանի իշխանությունների վերաբերյալ: Դրանցում, բացի քաղաքական բացահայտումներից, կան նաեւ այս կամ այն պաշտոնյայի անձնական ու մասնագիտական որակները ներկայացնող գնահատականներ: Այդպիսի մի հաղորդագրություն 2008թ. հուլիսի 11-ին Պետդեպարտամենտ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը` ներկայացնելով իր եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: «Նալբանդյանը դասական սովետական ոճով լեզվակռվի բռնվեց Գործերի հավատարմատարի հետ Հայաստանի ժողովրդավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ եւ զարմանալիորեն զուսպ էր նույնիսկ Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում, որոնց վերաբերյալ Հայաստանն այս պահին համեմատաբար կառուցողական է իրեն դրսեւորում… Անգլերեն խոսելու Նալբանդյանի վճռականությունը` չնայած սահունության բացակայությանը (անգլերենն իր հինգերորդ լեզուն է), որոշ իմաստով խոչընդոտ էր հանդիսանում, քանի որ մենք ավելի արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել իր հետ հայերենով եւ ռուսերենով… Ժողովրդավարության ոլորտում Հայաստանի գործողությունների նրա արդարացումները նույնքան պաշտպանողական եւ լույս չսփռող էին: Պատճառներից մեկը, թերեւս, այն էր, որ Նալբանդյանը հաճախ պետք է անգլերեն նախադասություններ կառուցելու վրա չափից շատ ուշադրություն կենտրոնացներ` բովանդակության հաշվին: Հայերենով կամ ռուսերենով դա կարող էր փոքր-ինչ ավելի լավ զրույց լինել: Ինչեւիցե, Նալբանդյանի պատասխանները ԱՄՆ-ի համար կարեւորագույն հարցերի վերաբերյալ փոխնիփոխ պաշտպանողական կամ բացահայտորեն հոռետեսական էին»,- սրանք ՀՀ արտգործնախարարի վերաբերյալ «բարձր գնահատականների» մի մասն են միայն: Փաստաթղթի ամբողջական ընթերցումը բավական զավեշտալի է, ուստի առաջարկում ենք այն ուղղակի կարդալ` առանց մեկնաբանությունների: