Ոչնչացրել են

15/09/2011

ԼՂ Պաշտպանության բանակից հայտնում են, որ Ղարաբաղի Մարտունու շրջանում հայկական զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարք: Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության` սարքը հետախուզական գործունեություն էր իրականացնում շփման գծում: Սակայն Ադրբեջանը հերքում է անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հաղորդագրությունը: Ըստ ԼՂ ՊԲ տարածած հաղորդագրության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ` վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

«Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ` խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել են համարժեք քայլեր: Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին, ժամը 7:30-ի սահմանում, ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»,- ասված է ԼՂ ՊԲ հաղորդագրությունում: