Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ «Մեդիամաքս» գործակալությունը հարցազրույց է վերցրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից։
Ի վերջո, անկախ Հայաստանը իր նորագույն պատմության կեսը՝ 10 տարին, անցկացրել է հենց Ռ. Քոչարյանի նախագահության օրոք։ Հարցազրույցը, անշուշտ, դեռ մանրամասն կքննարկվի մոտակա օրերի ընթացքում։ Սակայն մեզ ամենից շատ հետաքրքրեց հարցուպատասխանի այն մասը, որը վերաբերում էր անկախ Հայաստանի տնտեսական ձեռքբերումներին եւ հեռանկարներին։
Եվ այսպես, լրագրողը նախկին նախագահին ուղղում է հետեւյալ հարցը. «30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ»: Ինչին Ռ. Քոչարյանը պատասխանում է. «Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը»:
Փորձենք հասկանալ։ Ռոբերտ Քոչարյանի «չգիտեմը» ամենեւին չի նշանակում, թե նա չունի իր սեփական տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ։ Այն նշանակում է, որ նախկին նախագահը պարզապես չգիտի (ինչը բնական է), թե առաջիկա 30 տարիների ընթացքում ովքե՞ր կլինեն երկրի ղեկին, եւ երկրի ապագա ղեկավարները այնքան խելք, հմտություն ու ցանկություն կունենա՞ն, որպեսզի արդյունավետ կառավարեն երկիրը, ընտրեն զարգացման ճիշտ մոդել եւ Հայաստանը դարձնեն տարածաշրջանի ամենաարդյունավետ երկիրը։ Եվ վերջապես, պատասխանի մեջ հստակ զգացվում է այն ակնարկը, որ Ռ. Քոչարյանը համոզված է, որ ինքն ունի երկիրն առաջ տանելու այդ ունակությունը։
Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ կոնկրետ Ռ. Քոչարյանի դեպքում արդեն կա փորձ, պատմություն եւ վիճակագրական տվյալներ։ Այսինքն՝ կարելի է գնահատական տալ, թե «պոտենցիալի օգտագործման» եւ «զարգացման ճիշտ մոդելի ընտրության» հարցում ի՞նչ է հաջողվել նրան։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ր չափանիշի հիման վրա է պետք դատողությունները կառուցել։ Նախկին նախագահը այդ հարցի պատասխանն էլ է հուշել՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ։ Այս ցուցանիշի հարցում Ռ. Քոչարյանն իրո՛ք հաջողության հասել է։
Անկախության հռչակման ժամանակ՝ 1991թ., Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եղել է 589 դոլար։ 2010թ., Համաշխարհային բանկի տվյալներով, այն հասել է 2998 դոլարի։ Տպավորիչ աճ է։ Ընդ որում, այդ աճը, կարելի է ասել, տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում։ 1998թ., երբ նա ստանձնեց նախագահի պաշտոնը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 609 ԱՄՆ դոլար էր։ 2008-ին, երբ նա արդեն իշխանությունը փոխանցեց Ս. Սարգսյանին, ցուցանիշը հասել էր 3790 դոլարի (հետագայում այն նվազեց ճգնաժամի պատճառով)։
Եթե համեմատական ենք անցկացնում այն երկրների հետ, որոնք 1991թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանի հետ համադրելի ցուցանիշ են ունեցել (տես աղյուսակը), ապա մեր գործերը կարծես այնքան էլ վատ չեն եղել։ 20 տարվա մեջ 5 անգամ ավելացրել ենք ցուցանիշը, եւ շատ քիչ երկրներ կարող են մեզ հետ այդ առումով համեմատվել։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կստացվի, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել, օգտագործել է զարգացման պոտենցիալն, ու դրա համար միայն եւ միայն պետք է շնորհակալություն հայտնել նախկին իշխանություններին։
Բայց… կան բայցեր։ Նախ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն աճում է ոչ միայն ՀՆԱ-ի ավելացման հաշվին, այլ՝ բնակչության թվի կրճատման։ Իսկ այն թեմայով, որ վերջին տարիներին Հայաստանից սարսափելի չափերի արտագաղթ է եղել, կարծում ենք, որեւէ մեկը չի վիճի։
Երկրորդ, անգամ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հնգակի աճը ոչինչ չի նշանակում, եթե կա եկամուտների այնպիսի խիստ բեւեռացում, ինչպիսին Հայաստանում է։ Այլ խոսքերով, Հայաստանում տնտեսական աճը ոչ թե համարժեք բարձրացրել է բոլորի բարեկեցության մակարդակը, այլ՝ հարուստներին ավելի է հարստացրել։
Նույն պատճառներով, 2000 ականներին գրանցված երկնիշ աճը դառնում է ինքնանպատակ, քանի որ դրանից բնակչության ստացած իրական օգուտը շատ քիչ է։ Այս մասին նշում են անգամ միջազգային կառույցները։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովը 2011թ. հրապարակել է «Սոցիալական պաշտպանությունը եւ սոցիալական ներառումը Հայաստանում» զեկույցը, որում կարելի է կարդալ. «Թեեւ բարձր տնտեսական աճը բնակչության համար ընդհանրապես նշանակում է եկամտի, զբաղվածության մակարդակի բարձրացում եւ մակրոտնտեսական այլ ցուցանիշների բարելավում, եւ անշուշտ աղքատության նվազում, տնտեսական զգալի աճը նշված տարիներին չի ուղեկցվել աղքատության համարժեք կրճատմամբ. այն 1999թ. 56.1%-ից նվազել է մինչեւ 34.6%` 2004թ.-ին, եւ 28.7%` 2009թ.-ին)»։ Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ այդ աճի իրական արժեքը խիստ չափազանցված է։
Զեկույցում խոսվում է ՀՀ տնտեսական աճի առանձնահատկությունների մասին, որոնք ցնցումների ժամանակ կարող են դիտարկվել «որպես տնտեսական ցուցանիշների խոցելիության աղբյուրներ»։ Ասել, թե այդ «առանձնահատկությունները» նորություն են, սխալ կլինի։ Պարզապես դրանց համակարգված եւ հակիրճ թվարկումը եւս մեկ առիթ է՝ ամփոփելու համար, թե ինչ է Հայաստանը շահել տնտեսական երկնիշ աճերից։ Ահա ինչ են գրում զեկույցի հեղինակները. «Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է որպես. (I) սահմանափակ հիմք ունեցող, (II) ըստ ոլորտների սակավ դիվերսիֆիկացված, (III) միկրոտնտեսական խեղումներով` փոքր եւ միջին ձեռնարկությունների քիչ բաժնով, ինչը կասեցնում է նոր ֆիրմաների եւ փոքր ձեռնարկատիրության զարգացումը, եւ, հետեւաբար, նոր աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության աճն ու գործազրկության կրճատումը, (IV) տնտեսության մեջ դրամական փոխանցումների կարեւոր դերով, ինչը մեղմացնում է անցման շրջանի ազդեցությունը տնային տնտեսությունների բարեկեցության վրա, (V) մի տնտեսություն, որում մեծ է ոչ ֆորմալ հատվածը. ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների ստվերային տնտեսությունը 2010թ.-ին կազմել է ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մոտ 35-40%-ը»:
Համաձայնեք, որ այսքան թերությունների մեջ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի պլպլան ցուցանիշը խամրում է։ Իսկ ինչ վերաբերում է «զարգացման ճիշտ մոդելին», ապա մոդելը միգուցե ի սկզբանե ճիշտ է ընտրվել, սակայն իրականությունը հետո խիստ շեղվել է այդ մոդելից։ Ամեն դեպքում, 1991թ. Հայաստանի ապագան ոչ ոք չէր պատկերացնում որպես «էլիտար» շինարարության եւ տրանսֆերտների հաշվին գոյատեւող տնտեսություն։