Հոբելյանական միջոցառումների ֆոնին մեր էական ձախողումների մասին գրելը հավանաբար տեղին չէ: Բայց դժվար թե որեւէ մեկն այն անբարոյական քայլ համարի: Հատկապես իշխանության ներկայացուցիչները: Որովհետեւ բարոյականությունն ընդհանրապես մեր հասարակական ու քաղաքական կյանքում կատեգորիա չի: Երկու նախկին նախագահ ունենք եւ մեկ գործող: Բայց դժվար է հիշել մի դեպք, երբ հրապարակային որեւէ ելույթի մեջ մեր երեք նախագահներն օգտագործած լինեն այս հասկացությունը: Նույնը` համարյա մեկուկես տասնյակ վարչապետերի պարագային: Նույնը` մի քանի հարյուր (կամ հազար) քաղաքական գործիչների պարագային: Մեր երկրում որեւէ բարեփոխում, հասարակական մասշտաբի որեւէ ձեռնարկ քննարկելիս կամ կիրառելիս «բարոյականություն» հասկացությունը երբեք չի արտասանվել: Առանց խնդիրն այդ երեւույթի տեսանկյունից վերլուծելու` ինչ ասես չի կատարվել: Բարոյականությունը չափանիշ չէր ոչ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ: Ոչ այն պահին, երբ հանրակրթական դպրոցն էր բարեփոխվում: Ոչ այն օրերին, երբ նույն դպրոցն էր օպտիմիզացվում (կամ նման մի բանի ենթարկվում): Ոչ հասարակությունը, ոչ քաղաքական ուժերը, ոչ իշխանությունները չհիշեցին բարոյական նորմերի մասին, երբ Հյուսիսային պողոտայի կառուցապատում օպերացիան էր իրագործվում: Իրագործվում էր հանց նորօրյա «Կոլցո»: Բոլոր հասարակագետներն են վստահեցնում, որ ցանկացած հասարակություն բարոյական նորմեր է մշակում ու դրանցով փորձում է կարգավորել համայնքային կյանքը:
Անկախ այն փաստից, թե մարդկային տվյալ հանրույթը էվոլյուցիայի որ օղակում է գտնվում: Հասարակագետները պնդում են, որ զարգացման ամենաստորին օղակում անգամ մարդկային խմբերը վարքի կանոններ են ունեցել: Հավանաբար դրանցից մենք` հայերս էլ պիտի ունենայինք: Մի քանի հազար տարվա` ընդհանրապես, ու արդեն 20 տարվա անկախության պատմություն ունենք: Բայց այս վերջին պնդումի հետ համաձայնելն ահագին դժվար է: Դժվար է, երբ կարդում ես Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության մասին հրապարակումները: Մանկապղծությունը մարդկային բոլոր հանրույթների համար դատապարտելի երեւույթ է: Բայց մեր երկրի հյուսիսային փոքրիկ բնակավայրում կարծես բարոյալքումն անհասկանալի մասշտաբների է հասել: Զոհերի ծնողները մանկապիղծին պաշտպանում են: Պաշտպանում ու «Աստծո պես մարդ» են անվանում:
Միասեռականության նկատմամբ առերեւույթ հանդուրժողական Արեւմուտքն անգամ մանկապիղծներին արդարացնելու որեւէ խոսք չի գտնում: Սոցիալական ծանր պայմաններով ու թշվառությամբ նման երեւույթը չես բացատրի: Ինչպես նաեւ չես բացատրի, թե ինչպես էին մեր իշխանությունները տեւական մի ժամանակահատված հանդուրժում այդ երեւույթը: Ինչպես էին հացկատակ մտավորականները պատիվ համարում հարուստ մանկապիղծի հետ սեղան նստելը: Կամ հենց իրենց գրասեղանները պղծում` նրա մասին գիրք գրելով: Մեզ այլեւս ոչինչ չի զարմացնում: Ոչ ինքնասպանությունների թիվը, ոչ բանակում տեղի ունեցող բարբարոսությունները: Ոչ էլ այն, որ հայ մայրը կարող է սպանել իր չորս ու վեց տարեկան որդիներին: Լավագույն դեպքում կարող ենք մտածել, որ այդ մայրը խելագարվել էր: Բայց այդ բացատրությունը ինքնախաբեության նման մի բան է: Ինքնախաբեություն, որով զբաղված ենք բոլորս: Իշխանավորը, ով մտածում է, թե իր պարտքն իր ոլորտը կառավարելն է ու աննկատ թալանելը: Գրագետը, ով կարծում է, թե հասարակական կյանքը փոխելը հեղափոխականի գործ է: Զինվորականը, ով մտածում է, որ բարբարոսությունն իր ստորաբաժանման մեջ չի եղել: Եվ այսպես շարունակ: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հպարտ-հպարտ զեկուցում է իր ստորաբաժանման ղեկավարի ձերբակալության մասին:
Մարդը, պարզվում է, տարիներ շարունակ առնվազն 57 տոկոսի չափով յուրացրել է իր ոլորտին հատկացվող պետական միջոցները: Նա յուրացրել է, իսկ ոստիկանապետը հրաժարական չի տալիս: Որովհետեւ ինքը տարիներ շարունակ լավ է աշխատել: Լավ է աշխատել, բայց յուրացնելու մասին իսկի գլխի չի ընկել: Չնայած, որ Ոստիկանության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար, արդեն մի քանի ամիս է, կալանավորված է (երեկ էլ կալանքը հերթական երկու ամսով երկարացրեցին): Հավանաբար մի այլ (թե՞ նույն) հացկատակ մտավորականը ոստիկանապետի մասին էլ է գիրք գրելու (կամ արդեն գրել է):
Ոստիկանապետը, որի բանուգործը հենց տեղյակ լինելն է, իրենց բառապաշարով ասած` օպերատիվ իրավիճակին տիրապետելը, խրոխտ ձայնով հայտարարում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ: Տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում Ոստիկանությունում: Ու որեւէ մեկը նրան չի ասում` ուրեմն, առավել եւս` հրաժարական տուր: Իսկ դու ինչի՞ց ես տեղյակ: Ու այսպես շարունակ: Ո՛չ հասարակական բարոյական նորմեր կան, ո՛չ մասնագիտական: Առաջին անհրաժեշտության սննդամթերքը 30-80 տոկոսով է թանկանում, իսկ կառավարող տնտեսագետները 5 տոկոսից պակաս գնաճ են հրապարակում: Բոլորն արտագաղթի ծավալների մասին են խոսում: Բայց ապագա մարդահամարը 3 ու կես կամ 3,8 մլն բնակիչ կհաշվարկվի: Ինչ փույթ, թե այդ գործի վրա պետբյուջեն (իմա` հարկատուն ու թոշակառուն) որքան փող կկորցնի: Մեր պետական պաշտոնատարներն անողոք պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Անողոք պայքարում են ու ամեն տարի եկամուտների հայտարարագիր ստորագրում: Հայտարարագրերի մեծ մասը հասարակությունից թաքուն են պահվում: Իհարկե, ոչ բարոյական նկատառումներից: Եթե բարոյական որեւէ չափանիշ գործեր սոցիալական բնակարանաշինություն չիրականացնող երկրում` նրանց չէր թույլատրվի ապարանքներ կառուցել: Կամ գոնե շքեղության հարկ կդրվեր նրանց անշարժ ու շարժական գույքի վրա: Ու այլ նման բաներ: