Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի Ֆինանսաբյուջետային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ՀՀԿ գործարար կանանց աջակցման հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ
– Նախ` հետաքրքիր է Գործարար կանանց հանձնաժողովի մասին լսելը, ինչը, փաստորեն, ենթադրում է, որ Հայաստանում բազմաթիվ գործարար կանայք կան: Ի՞նչ խնդիրներ ունեն այդ կանայք:
– Գործարար կին ասելով` մենք նկատի ունենք այն կանանց, ովքեր զբաղվում են ձեռագործությամբ, խոհարարությամբ, գորգագործությամբ, ինչպես նաեւ` նրանց, ովքեր ունեն ավելի լայն բիզնես-շրջանակներ: Ավելի քան 6 տարի է՝ գոյություն ունի ՀՀԿ Կանանց խորհրդի Գործարար կանանց աջակցման հանձնախումբը: Այն խրախուսում է բոլոր գործարար կանանց՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դրա հավաստիքը եղավ նախորդ տարի Երեւանի քաղաքապետարանի շենքում կազմակերպված գործարար հայ կանանց ցուցահանդեսը, որտեղ նրանք ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ գործարար կանայք տղամարդկանց պես կարող են մեծ գումարներ վաստակել: Առաջիկայում նախագիծ կա գործարար կանանց տոնավաճառ ստեղծելու մասին, որը կգործի ամբողջ տարին: Աշխատանքներ են տարվում, որպեսզի դա լինի մինչեւ տարեվերջ. արդյունքում` մոտ 400-500 աշխատատեղ կստեղծվի գործարար կանանց համար: Ուրախալի է այն հանգամանքը, որ վերջին տարիներին կանայք առավելապես սկսել են հետաքրքրվել թե՛ քաղաքականությամբ, թե՛ գործարարությամբ: Այդ իմաստով հայ տղամարդիկ մտահոգվելու առիթ ունեն: Կանայք այս առումով ավելի հետեւողական են, նվիրվում են սիրած գործին, անշահախնդիր են, գիտեն ոգեւորվել, ապրել ստեղծածով: Դա նաեւ կանանց հաջողության գրավականներից մեկն է: Անցել են այն ժամանակները, երբ կանանց առաքելությունը համարում էին միայն տնային տնտեսություն վարելը, այսպես ասած՝ ժամանակները փոխվել են: Այսօր կինը հասարակության լիիրավ, ակտիվ անդամ է:
– Իսկ դա ինչի՞ հետեւանք է:
– Կյանքն է առաջ շարժվում: Եվրոպայում կինն անհատականություն է, որի խնդիրներից մեկը բիզնես, աշխատանք, կրթություն ունենալն է: Եթե տարիներ առաջ Հայաստանը ետ էր մնում այս հարցում, ապա այսօր զարգացած երկրների փորձը արդեն ներթափանցել է մեր հասարակություն: Նախկինում հայ ընտանիքներում մտահոգվում էին աղջկա հաջող ամուսնությամբ՝ չկարեւորելով նրա կրթությունը, առավելեւս` զբաղվածության խնդիրը: Մինչդեռ այսօր պատկերը փոխվել է: Մեր գրասենյակ են գալիս կանայք՝ ներկայացնելով իրենց պրակտիկ առաջարկները:
– Այնուամենայնիվ, մեր երկրի սոցիալական մակարդակը, մեղմ ասած, այնքան բարձր չէ, որ խոսենք եվրոպական բարքերի մասին, քանի դեռ շարունակում ենք երթեւեկել կորացած մեջքերով, նյարդային ու չսափրված վարորդների ուղեկցությամբ: Որպես Երեւանի ավագանու անդամ՝ ի՞նչ եք անում Երեւանում երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ:
– Դա ամենացավոտ խնդիրներից մեկն է: Ամիսներ առաջ բավական լուրջ քննարկեցինք Երեւանի տրանսպորտի վիճակը: Երեւանի ավագանու երկու որոշումների համաձայն՝ Երեւանի տրանսպորտի կառավարումը տրամադրվել է ավստրիական «Սվարկո» ընկերությանը, որին պատկանում է բաժնեմասերի 75%-ը (մնացյալ բաժնեմասը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին), փոխշահավետ համագործակցության պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի` ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքային տնտեսության ոլորտներում, մասնավորապես` ավտոկայանատեղիների կազմակերպման եւ քաղաքային լուսավորության ցանցի արդիականացման ու էներգախնայողության համակարգի ներդրման ուղղությամբ: Իսկ ավագանու վերջին նիստի որոշման համաձայն՝ տրանսպորտի կառավարումը տրամադրվել է նաեւ լատվիական մի կազմակերպության: Երկու ընկերությունների միջեւ ծավալված մրցակցության արդյունքում կտեսնենք, թե ո՞ր ընկերությունն է առավել լիարժեք կառավարում Երեւանի տրանսպորտի ոլորտը: Մենք տրամադրված ենք Երեւանի տրանսպորտի ոլորտից հանել երթուղային տաքսիները՝ ներմուծելով մեծ քաղաքներին բնորոշ ավտոբուսները եւ տրոլեյբուսները, այսինքն՝ մենք ամեն բան անելու ենք, որ մայրաքաղաքի երթեւեկությունը կազմակերպենք այնպես, ինչպես եվրոպական զարգացած քաղաքներում է: Ծրագիրն արդեն ընդունվել է, եւ կարծում եմ՝ զգալի փոփոխություններ կտեսնենք առաջիկա 5 տարիների ընթացքում:
– Բավական բազմազբաղ եք: Ձեր ընտանիքի անդամները չե՞ն դժգոհում այդ փաստից:
– Բարեբախտաբար, ընտանիքս ըմբռնումով է մոտենում իմ բազմազբաղ առօրյային: Ամուսինս միշտ աջակցում է ինձ բոլոր հարցերում: Չնայած իմ գերզբաղված վիճակին, երեկոյան ժամերս նվիրում եմ երեխաներիս ու թոռներիս:
– Իսկ ինչո՞ւ մուտք գործեցիք քաղաքականություն, այն էլ` իշխանական կուսակցություն:
– Խորհրդային Միության փլուզման տարիներին աշխատում էի Կառավարությունում: Այն ժամանակ կար անկախության, երկրի կայացման գաղափար: 1999թ. դարձա Հանրապետական կուսակցության անդամ: Ինձ ավելի հոգեհարազատ է Նժդեհյան գաղափարախոսությունը՝ բնականաբար, ընտրեցի Հանրապետական կուսակցությունը:
Այսօր Հայաստանում խնդիրները շատ են, եւ տնտեսական առումով մեր երկիրը ոչ բավարար վիճակում է: Իհարկե, տնտեսության զարգացումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ թե՛ մեր երկրի աշխարհագրական դիրքով, թե՛ հարեւան երկրներից, այսպես ասած՝ գտնվում ենք ոչ բարենպաստ վիճակում: Մյուս կողմից էլ` տնտեսության զարգացմանը խոչընդոտեց Հայ-ադրբեջանական պատերազմը: Մինչ 1997թ. Հայաստանում էներգետիկ ճգնաժամ էր, բոլորս ենք հիշում: Իսկ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նշել այն ձեռքբերումները, որ ունենք, եւ քայլ առ քայլ կարող ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Իսկ պետության հիմքը տնտեսությունն է, արտադրությունը, արդյունաբերությունը, գործարանները: Կգա ժամանակ, երբ մենք կկարողանանք վերականգնել արդյունաբերական այն հզոր գործարանները, որ ունեինք Խորհրդային Միության տարիներին:
– Իսկ իշխանական կուսակցության անդամ լինելով՝ նկատո՞ւմ եք հասարակության հիասթափությունը: Մի՞թե դա պայմանավորված չէ իշխանությունների գործելաոճով:
– Որեւէ իշխանություն երբեք չի ցանկանա, որ իր երկիրը վատ վիճակում լինի կամ մոռացության մատնի հասարակության սոցիալական վիճակը, հիմնախնդիրները: Պետությունն էլ ընտանիքի պես է, որտեղ ընտանիքի հայրը միշտ ցանկանում է իր կնոջն ու երեխաներին երջանիկ տեսնել: Այլ հարց է, թե ինչպես անել, որ ընտանիքի անդամները երջանիկ լինեն: Որպես օրինակ` նշեմ իմ ղեկավարած ոլորտներից մեկը՝ Հայաստանի հիդրոէներգիայի ոլորտը: Խորհրդային Միության փլուզումից մինչ 2007թ. մեր երկրում կար ընդամենը 13 հէկ (բացի այդ հէկ-երից` կար նաեւ Մեծամորի ատոմակայանը), այսինքն՝ Խորհրդային Միության 70 տարիների ընթացքում ԽՍՀՄ իշխանությունները գնահատել են, որ 13 հէկ-ը բավական է Հայաստանի համար: Այսօր ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր երկրում կա շուրջ 140 հէկ, ինչը վկայում է այն մասին, որ հիդրոէներգիայի ոլորտը զարգացել է Հայաստանում: Իսկ թե ինչի՞ հաշվին է զարգացել, պատասխանեմ՝ առաջին հերթին` ոլորտի սեփականաշնորհման: Սակայն մասնավորեցումը դեռ բավարար չէր ոլորտը զարգացնելու համար, անհրաժեշտ էին խոշոր ներդրումներ, որոնք սեփական միջոցներով կամ տեղական բանկերի կողմից տրամադրված բարձր տոկոսադրույքներով հնարավոր չէր իրականացնել: Եվ ահա, 2007թ. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնության կառավարության միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Գերմանական KfW բանկը Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ հատկացրեց Հայաստանին: Այդ ներդրումների շնորհիվ ընդամենը 4 տարվա ընթացքում հնարավոր եղավ զարգացնել ոլորտը: Առանց օտարերկրյա ներդրումների հնարավոր չէ որեւէ ոլորտ զարգացնել կամ, առավել եւս, զարգացման միտումները պայմանավորել տեղական բյուջեի գումարներով եւ մեր երկրի փոքր մասշտաբով: Յուրաքանչյուր բնագավառի ներկայացուցիչ պետք է անընդհատ փնտրի ներդրողներ, այլապես կշարունակի, մեղմ ասած՝ դոփել տեղում: 2011թ. Գերմանական KfW բանկը Հայաստանին տրամադրեց «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի 2-րդ փուլի վարկային եւ դրամաշնորհային միջոցները: Իսկ վերջերս Հայաստան էր այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆինանսների փոխնախարար Յորգ Ասմուսենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Գերմանիայի դեսպանության փոխդեսպանը, Անդրկովկասում KfW բանկի ներկայացուցչության տնօրենն ու առաջին փոխնախագահը: Բանկի ղեկավարների հետ կրկին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ ոլորտի զարգացման համար: Ընդ որում՝ Հայաստանի հիդրոէներգիայի ոլորտն ունի լուրջ նախադրյալներ զարգացման համար. Հայաստանի բնական ռելիեֆը եւ նրա ջրային ռեսուրսները նպաստում են այս ոլորտի զարգացմանը:
Հայաստանի տնտեսական որեւէ այլ ոլորտի մասին որակավորումներ չեմ կարող տալ, ինչպես էներգետիկայի ոլորտի մասին: Կարծում եմ՝ հիդրոէներգիայի բնագավառում մենք մեծ նվաճում ունենք՝ 140 հէկ-երն արդեն խոսում են բնագավառի ձեռքբերումների մասին:
– Ձեր նշած ոլորտի մոնոպոլացումը բացառո՞ւմ եք:
– Իհա՛րկե բացառում եմ: Հիդրոէներգիայի ոլորտի մոնոպոլացում հնարավոր չէ անել, քանի որ ամեն մեկն էլ կարող է կառուցել այնտեղ, որտեղ կա ջրային ռեսուրս: Սակայն դա պայմանավորված է խոշոր գումարներով, ներդրումների մեծ ծավալներով: Իսկ այն, որ Հայաստանում հիդրոկայանները պատկանում են մեկին, նման երեւույթ գոյություն չունի: Ավելին՝ էներգետիկան այն ոլորտն է, որտեղ մեկ կայանում կարող են հանդես գալ 5-6 սեփականատերեր:
– Լավատես եք:
– Անշուշտ, լավատես եմ: Ինչպե՞ս կարելի է ապրել Հայաստանում եւ լավատես չլինել: Եթե այսօր մեզնից յուրաքանչյուրը հիշի 1990-ական թթ. մութ ու ցուրտ տարիները, շրջափակումը… Կարծում եմ՝ 1994թ.-ից ոչ այնքան մեծ ժամանակ է անցել, որպեսզի հսկա պահանջներ դնենք իշխանությունների առջեւ: Իսկ մի քանի տարվա ընթացքում մեր երկրի այսչափ զարգացումը լուրջ նվաճում է: Սակայն ստեղծված իրավիճակում պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մենք դեռեւս նորանկախ պետություն ենք: Մենք դեռ չենք գիտակցում, թե ի՞նչ է նշանակում` մաքուր պահել մայրաքաղաքը: Մինչդեռ եվրոպական երկրներում մարդիկ հոգատար են իրենց քաղաքի նկատմամբ: Տվյալ պարագայում կրկին լավատեսորեն եմ մոտենում այս ամենին՝ հուսալով, որ սերնդափոխությունը կօգնի արմատախիլ անել այն վնասակար երեւույթները, որ այսօր առկա են մեր երկրում: Երեւանի քաղաքապետի որոշումը կրպակները ապամոնտաժելու մասին, իհարկե, մեծ աղմուկ եւ բողոքի ալիք բարձրացրեց: Իսկ տեսե՞լ եք, թե ինչ էր կատարվում կրպակների շուրջը. կրպակը մաքրում էին, իսկ հավաքված աղբը նետում փողոց կամ Երեւանի Հրազդանի կիրճ, որտեղ մարդիկ գնում են բնության գրկում հանգստանալու, մինչդեռ բեռնատար ավտոմեքենա է անհրաժեշտ նրանց ետեւից աղբը մաքրելու համար: Այսինքն՝ այդ մարդիկ իրենց մենթալիտետով չեն գիտակցում, որ վաղն այս քաղաքում ապրելու են իրենց երեխաները: Ամեն դեպքում հասարակությունը եւս պետք է աջակից լինի իշխանություններին՝ երկիրը միասին զարգացնելու համար: Միայն պահանջներով հարցը չի լուծվում: Այսօր շուկաներում ազատ տաղավարներ կան, բայց մարդիկ հրաժարվում են աշխատել այնտեղ, որովհետեւ, ըստ նրանց, հարմար է լոլիկը վաճառել այն շենքի մուտքի մոտ, որտեղ բնակվում են: Հետաքրքիր է՝ ո՞ր երկրում են շենքի մուտքի մոտ մթերք կամ բանջարեղեն վաճառում: Մի խոսքով՝ եւ՛ ուզում են նմանվել եվրոպացուն, եւ՛ միաժամանակ ավտոմեքենայի պատուհանից փողոց են նետում աղբը:
– Ի դեպ, զրույցի սկզբում ընդգծեցիք կանանց դերը հասարակության մեջ՝ ասելով, որ դա անգամ մտահոգության առիթ է դարձել տղամարդկանց համար: Ձեր ասածը վերաբերում է գործարար կանանց քաղաքական դաշտ մուտք գործելուն: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ըստ իշխանական աղբյուրների, կին պատգամավորները պետք է ավելի շատ լինեն: Պատրաստվո՞ւմ եք Ձեր թեկնածությունն առաջադրել Աժ ընտրություններին:
– Կանայք լուրջ, մեծ ուժ են, հատկապես մտավոր շոշափելի ներուժ ունեցող կանայք: Շատ կուզենայի, որ կանանց տոկոսային թվի ավելացումը հենված լինի նախեւառաջ բացառապես մասնագիտական, բարոյական նկարագրի բարձր որակների վրա, կենսագրության, անցած ճանապարհի, հասարակական գործունեության թվաբանության վրա եւ ոչ թե զուտ կուսակցական ու «բարեխոսների» հենքի վրա:
Խորհրդարան պետք է մտնի այն կինը, ով անելիք եւ ասելիք ունի:
Ինչ վերաբերում է ինձ` ժամանակը ցույց կտա: