Առանց բանկ այցելելու

15/09/2011

Խոշոր հարկ վճարողների տեսչությունում գործարկվել է նոր տերմինալ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվել տեղում վճարել վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները։ Այս մասին տեղեկացրել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը։ 2011-ը ՊԵԿ-ը հռչակել է հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման տարի: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների առջեւ խնդիր է դրել` հարկ վճարողներին մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում: Այդ նպատակով այս տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականացվել, եւ դրանց մի մասն էլ ընթացքի մեջ է: Մասնավորապես, բարելավվել են հարկային տեսչությունների շենքային պայմանները, ստեղծվել են հարկ վճարողների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Վճարային տերմինալների գործարկումը հարկատուների համար բավականին հարմար գործիք են. դրանք հնարավորություն են տալիս առանց բանկ այցելելու՝ տեղում կատարել վճարումն ու կտրոնը ներկայացնել հարկային մարմնին։ Ճիշտ է, առայժմ նրանք կարող են այդ տերմինալներով վճարել միայն վարչական տուգանքները, սակայն այդ սահմանափակումը շուտով կվերանա։ Նախատեսվում է ներդնել «POS-տերմինալ», որը հնարավորություն կտա «TAX-քարտեր»-ի միջոցով տեղում իրականացնել բոլոր տեսակի հարկային վճարումները` առանց բանկ հաճախելու: