Եհովայի յոթ վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Դատապարտվածներն այն 22 երիտասարդների թվում են, որոնք դադարեցրել են իրենց այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը` հայտարարելով, որ իրենք եղել են Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին. Եհովայի վկաները դեմ են զինվորական ծառայությանը (տես՝ «168 Ժամ»-ի N46-ի հոդված):
Սեւանում 19-ամյա Արթուր Չիլինգարովը, Գագիկ Դավթյանը, Վաղարշակ Մարգարյանը եւ 20-ամյա Բորիս Մելքումյանը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման: Նախապես նրանց մեղադրում էին կազմակերպված դասալքության մեջ, որի համար նախատեսվում է 4-10 տարվա ազատազրկում: Դատախազն իր մեղադրականում մեղմացրեց պատիժը` դասալքության փոխարեն արարքը որակելով ծառայության վայրի կազմակերպված ինքնակամ լքում եւ պահանջեց 3,5 տարվա ազատազրկում: Դատավորը նույն հոդվածով դատապարտեց 3 տարվա ազատազրկման:
Նույն մեղադրանքով Կապանի հոգեբուժարանում ծառայող Նարեկ Ալավերդյանը եւ Արսեն Սեւոյանը դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, իսկ Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոցում ծառայած Շալիկո Սարգսյանը` 2 տարի 8 ամիս ազատազրկման դասալքության մեղադրանքով (եթե կազմակերպված դասալքությունը նախատեսում է 4-10 տարվա պատիժ, ապա անհատականը` մինչեւ 4 տարվա): Եվս 15 երիտասարդ սպասում են իրենց դատավճռին:
Սեւանի դատավարությունում ամբաստանյալներին պաշտպանող բրիտանացի 70-ամյա փաստաբան Ռիչարդ Դանիելը, որ 44 տարվա փաստաբանական պրակտիկա ունի, ինտերնետով կարողացել է ուսումնասիրել անգլերեն թարգմանված Հայաստանի օրենսդրությունը: Օրենքների նկատմամբ նրա միակ դիտողությունն այն է, որ օրենսդրությունը շատ խիստ պատիժներ է սահմանել դասալքության ծառայության վայրը ինքնակամ լքելու համար. «Շատ ծանր պատիժ է, եթե մարդուն դասալքության համար կարող են 10 տարի տալ»,- ասում է նա: Նա նաեւ կարծում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքն անկատար է: Բրիտանացի փաստաբանի համար (որն ինքը Եհովայի վկա է) տարօրինակ է, որ դատավարության ընդմիջումները դատավորն ու դատախազը անցկացնում էին միասին նույն սենյակում փակված: «Իմ երկրում այսպիսի բան հնարավոր չէ,- ասում է նա: – Մեզ մոտ դատավորին երկու կողմերը մոտենում են միասին: Այստեղ եթե դատախազը պիտի մնար դատավորի հետ, ապա ես էլ պիտի մնայի, որ հանկարծ մի կողմը չկասկածի, թե մյուսը դատավորի հետ ինչ-որ գործարքի մեջ է մտնում»: Սակայն Դանիելի ամենամեծ դժգոհությունն այն է, որ տղաներին դատել են այլընտրանքային ծառայության մեկնելուց հետո ընդունված օրենքով:
2004թ. հուլիսին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ասվում է, որ քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը դուրս է զինվորական ծառայությունից: Երբ նրանք մեկնում էին ծառայության, նախատեսված չէր, թե ծառայությունից հրաժարվելու համար նրանց ինչ պատիժ է սպասում: Սակայն ծառայության անցնելուց 15 օր անց այլընտրանքային ծառայության օրենքի մեջ փոփոխություն է արվում, որ ծառայողները պատժվում են զինվորականների համար նախատեսված հոդվածներով: Սկզբում երիտասարդներին քննել է զինվորական քննիչը, ապա՝ քաղաքացիական:
«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որ օրենքը հետադարձ ուժ չունի: Դա նաեւ Հայաստանի օրենքն է: Եթե այդ օրենքը ուժի մեջ լիներ, նրանք ծառայության չէին մեկնի: Ես ուրախ եմ, որ դատախազը հոդվածը փոխեց ու պատիժը մեղմացրեց: Սակայն, այսուհանդերձ, սա անօրինական դատավճիռ էր, եւ մենք բողոքարկելու ենք»,- ասաց Դանիելը: