Երեկ խմբագրություն էր այցելել Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի 120 տան բնակչուհի Շուշանիկ Արզումանյանը` ահազանգելով մեր բուժհաստատությունների կողմից արժանացած վերաբերմունքի մասին: Երեւույթ, որը մեր օրերում այլեւս որեւէ մեկին չի զարմացնում:
Շ. Արզումանյանն ունի երկու երեխա, որոնցից փոքրը` Գեւորգ Աթանիսյանը, բուժօգնության կարիք ունի։ «Ինքը ծնված օրվանից խնդիրներով ա եղել, մշտապես ջերմել ա: 7 ամսականում երեխան ցնցում տարավ, ջերմությունը բարձրացել էր 42 աստիճան: Մահամերձ վիճակում էր, հարեւաններս հասան, լեզուն հանեցին, ու հասցրեցինք «Մուրացանի» հիվանդանոց»,- ասում է Շ. Արզումանյանը, ում բժիշկները տեղեկացրել են, որ երեխայի նշիկներն այնքան մեծ են, որ չի կարողանում շնչել, խեղդվում է: Բժիշկների տվյալներով` Գ. Աթանիսյանի մոտ նաեւ քթի մսի առկայության պատճառով շնչառական խանգարում է արձանագրվել: Շ. Արզումանյանին մասնագետները խորհուրդ են տվել երեխայի գլանները վիրահատական միջամտությամբ հեռացնել միայն 5 տարին լրանալուց հետո։ «Ասացին` տղա երեխաների մոտ վտանգավոր է, պետք է դառնա 5 տարեկան: Հինգ տարի շարունակ երեխայիս հակաբորբոքային դեղամիջոցներով եմ պահել: Մշտապես գլանների պատճառով ջերմում է, չի կարողանում հաց ուտել, կոկորդի անցքը գրեթե փակված է, փսխում է»,- վստահեցնում է երեխայի մայրն` ասելով, որ դեղատան մշտական հաճախորդն է, քանի որ տարվա բոլոր եղանակներին երեխան հակաբորբոքային դեղամիջոցներ է ստանում: Ի դեպ, երեխայի այտերը շառագունած են, դեմքի ստորին հատվածն` այտուցված, եւ անզեն աչքով էլ նկատելի է նրա առողջական վատ վիճակը: Մայրը հավատացնում է, որ սրտի հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն նաեւ այդ հատվածում են շեղումներ արձանագրվում, բացի այդ, երեխայի մոտ հոդացավեր են սկսվել: Շ. Արզումանյանի ընտանիքը սոցիալապես անապահով է եւ ստանում է աղքատության նպաստ: Երեխան հաշվառված է թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ Շ. Արզումանյանը կրկին դիմել է երեխայի վիրահատության խնդրով, քանի որ ապրիլին լրացել է Գեւորգի 5-ամյակը: Պոլիկլինիկայից հորդորել են դիմել «Կանազ» հիվանդանոց` վստահեցնելով, որ ուղեգիր կտրամադրեն: Շ. Արզումանյանը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրված` Երեխայի առողջության պետական հավաստագիրը ձեռքին գնացել է հիվանդանոց: Ի դեպ, հավաստագրում նշված է. «Սույն հավաստագիրը փաստում է Ձեր երեխայի անվճար հիվանդանոցային բուժօգնության իրավունքը»: «Ասեցին` հերթ ա: Մեծահասակ մարդ էր բժիշկը, ասեց` պիտի հերթագրվեք: Գրանցման բաժնի աղջիկն էլ ասեց` տեղ չունենք, պիտի մնա հունվար ամսին: Ասեց` մտեք, բժշկի հետ խոսեք: Բժիշկն ասեց` տեղ չունենք, ինձ հասնում ա` ութ երեխա, որոնց վիրահատել եմ ու հիմա չեմ անում: Ստիպված ասեցի` իսկ եթե մի 100 դոլար կարողանամ ճարել, կանե՞ք: Ճիշտն ասած` ասեցի, բայց հետո կարկամեցի, որովհետեւ 100 դոլար ճարելու ելք էլ չունեմ: Չէ, ասեց` ի՞նչ 100 դոլար… եթե ուզում ես անեմ` 180.000 դրամ տուր, պաժալուստա, հենց վաղն էլ կանեմ: Ասեցի` չունեմ, երեխայիս վիճակն էլ վատ է, չի կարողանում շնչել, ամբողջ օրգանիզմը դեղ ա: Ասեց` բոլորն էլ վատ են, ուրեմն` կմնա մինչեւ դեկտեմբեր: Ես էլ հուսահատված, ձեռնունայն դուրս եկա: Էդ գումարը ես սկի չեմ էլ շոշափել, որ մի հատ էլ ճարեմ, տամ, «Փարոսով» ապրող մարդիկ ենք, ամուսինս` գլխից հիվանդ, գործազուրկ»,- վստահեցնում է Շ. Արզումանյանը` հավելելով, որ անելանելի վիճակում է, որովհետեւ մինչեւ դեկտեմբեր սպասելը երեխայի համար կարող է ճակատագրական լինել: Մյուս կողմից` որտեղի՞ց հայթայթի բժշկի պահանջած գումարը: Մինչդեռ, հիշեցնենք, որ ՀՀ-ում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումն օրենքով անվճար է: Ամենազարմանալին, թերեւս, այն է, որ այս ամենից հետո Շ. Արզումանյանը, մեղմ ասած, «ձեռքերը ծալած» նստել է տանը` առանց փորձ անելու դիմել, օրինակ` ՀՀ Առողջապահության նախարարություն. «Ճիշտ եք ասում, ես մի քիչ վախենում եմ: Նույնիսկ հիվանդանոց գնալիս վախենում էի, մտածում էի` նենց բան կասեն, որ լացելով դուրս կգամ: Ձեզ դիմելու համար էլ հարեւաններս են համոզել»: Երեկ մենք զանգահարեցինք ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանին եւ փորձեցինք ներկայացնել իրավիճակը: Վերջինս հաստատեց, որ գոյություն ունի պլանային հերթագրում, ըստ որի` բժիշկները պետք է վիրահատություններ կատարեն. «Ոչ մի անօրինական բան չկա բժշկի պատասխանի մեջ: Այսինքն` նա կատարում է այնքան վիրահատություն, որքան աշխատանքային պայմաններն են թելադրում»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե տվյալ դեպքում ի՞նչ պիտի անի առողջական վատ վիճակում գտնվող երեխայի ծնողը կամ ո՞ւմ պիտի դիմի: Արդյոք հնարավո՞ր չէր վիրահատությունն իրականացնել որեւէ այլ մանկական հիվանդանոցում, մանավանդ, որ երեխայի մոտ շնչառական խանգարումներն արդեն ծայրահեղ դրսեւորումներ են ունենում: Շ. Հունանյանը մեզ խնդրեց Շ. Արզումանյանի տվյալները տրամադրել, որպեսզի Առողջապահության նախարարությունն այս փաստի առթիվ ուսումնասիրություն կատարի: Առաջիկայում մենք կներկայացնենք Շ. Հունանյանի մեկնաբանությունը: