«Ինթրան»` Հայաստանում

15/09/2011

Սեդա Ղազարյանի Հիշատակի Հիմնադրամը (ՍՂՀՀ) ստեղծվել է 2009թ., որի առաքելությունն է` նվազեցնել հոգեկան բնույթի խնդիրներով պայմանավորված մարդկային ծանր ապրումները Հայաստանում: Հիմնադրամի նպատակն է` օգնել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց` դիմակայելու եւ հաղթահարելու դժվարությունները, ապրելու լիարժեք կյանքով, ինչպես նաեւ աջակցել նրանց ընտանիքի անդամներին, խնամողներին: Հիմնադրամն աշխատում է հոգեկան առողջության պահպանման ու վերականգնման բոլոր ուղղություններով` ներառելով տարիքային բոլոր խմբերը: ՍՂՀՀ-ի գործունեության շրջանակը ներառում է` սոցիալ-հոգեբանական եւ հոգեբուժական ծառայությունների մատուցում, ուսումնասիրությունների իրականացում, ուսումնական ծրագրերի մշակում եւ կազմակերպում, հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ հանրության իրազեկում, ինչպես նաեւ ոլորտին առնչվող քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների մշակում: ՍՂՀՀ-ի` Հայաստանում գործող «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը բարձրորակ հոգեբանական եւ հոգեբուժական ծառայություններ է տրամադրում: «Ինթրայում» գործում է նաեւ ցերեկային կենտրոն, որի շրջանակներում աջակցություն են ստանում ինչպես այցելուները, այնպես էլ նրանց խնամողները: Կենտրոնի ծառայությունները անվճար են սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար:

Գործնական գիտելիքների հետ համադրված հետազոտական աշխատանքների արդյունքները օգնում են բացահայտել Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի տարատեսակ հիմնախնդիրները, ինչպես նաեւ` մշակել դրանց լուծմանն ուղղված հասցեական միջամտության միջոցներ: Մասնավոր եւ հանրային կազմակերպությունների պահանջով ՍՂՀՀ-ն մշակում եւ իրականացնում է նաեւ տարատեսակ հասցեական ուսումնական ծրագրեր (թրեյնինգներ):

Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` ներկայումս աշխարհում ծանրության տարբեր աստիճանի հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կազմում է 160` յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով: Պարզվում է, ամբողջ աշխարհում 10 խնդրահարույց հիվանդություններից 5-ը բաժին է ընկնում հոգեկան հիվանդություններին: Ամբողջ աշխարհում 450.000.000 մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով: Բոլոր մարդկանց ավելի քան 25%-ը կյանքի որոշակի ժամանակաշրջանում ունենում են հոգեկան եւ վարքային խանգարումներ: Առաջնային առողջապահության օղակ դիմած մարդկանց շուրջ 20%-ն ունեն հոգեկան խանգարումներ: Մարդկության մոտ 5%-ը տառապում է դեպրեսիվ խանգարումներով, ավելին, կանխատեսվում է, որ հաջորդ 20 տարիների ընթացքում, տասը ամենատարածված հիվանդությունների շարքում` տագնապային-դեպրեսիվ խանգարումները կգրավեն չորրորդ տեղը: Չնայած դեպրեսիան ավելի տարածված է միջին տարիքի մարդկանց շրջանում, սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աստիճանաբար ավելանում է դեպրեսիայով տառապող պատանիների թիվը, որոնցից 15-20%-ը դիմում են ինքնասպանության: Ինչ վերաբերում է մանկապատանեկան տարիքին, ապա 9-17 տարեկան երեխաների 20%-ից ավելին տառապում են ախտորոշվող հոգեկան խանգարումներով կամ հակվածություն ունեն վերջիններիս նկատմամբ, որը կարող է հանգեցնել առնվազն որեւէ հաշմանդամության: Հաշվարկված է, որ յուրաքանչյուր վեցամսյա ժամանակահատվածում երեխաների եւ պատանիների 13%-ը կարող են տառապել հուզական խանգարումներով: Խորը դեպրեսիվ խանգարումով տառապող պատանիների մինչեւ 7%-ը կարող են ինքնասպանություն գործել պատանեկան հասակում: Ապացուցված է, որ արագ զարգացող երկրներում լայնածավալ սոցիալական փոփոխությունները եւ ընտանեկան համակարգերի քայքայումը կարող են հսկայական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան առողջության վրա: Հայաստանում առկա վիճակագրությունը հեռու է վերոհիշյալ տվյալներից, այն կազմում է մոտ 1,5%. Առաջին հայացքից այս տվյալը կարող է մեկնաբանվել թյուրիմացաբար, իսկ իրականում նշանակում է, որ Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունները արդիական դառնալու երկար ճանապարհ պիտի անցնեն:

Կենտրոնի հասցեն` Երեւան, Սեւքարեցի Սաքոյի փողոց, 25 ա: