Սամիթի մոգությունը

15/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Anethum graveolens. սամիթ բուրավետ (կամ սամիթ բանջարանոցային)։

Սամիթի հայրենիքը Միջերկրականի ափամերձ տարածքներն են։ Կան պատմական տվյալներ, որ Եգիպտոսում բույսն անվանվել է «amisi»։ Հին եգիպտական պապիրուսները վկայում են այն մասին, որ սամիթն օգնում է գլխացավի դեպքում եւ «փափկեցնում» արյունատար անոթները։

Անտիկ Հունաստանում սամիթը չի օգտագործվել սնունդի մեջ եւ որպես դեղամիջոց, այն աճեցրել են որպես դեկորատիվ բույս։ Սամիթի նախշազարդ տերեւների փունջը նվիրել են ռազմի դաշտում աչքի ընկնող զինվորներին։

Հույները եւ հռոմեացիները իրենց արշավանքների ժամանակ տարածել են այն դեպի հյուսիսային Ալպեր, որտեղ ստացել է «anethon» անվանումը, որն օգտագործվում է ժամանակակից գիտական գրականության մեջ։

Դիոսկորիդիսն առաջարկել է սամիթն օգտագործել աչքերի հիվանդությունները բուժելու համար, իսկ Գալենը` ցավոտ միզարձակության դեպքում։

Բույսը Կարլոս Մեծի հրամանով սկսել են մշակել 812թ., որպես ուտելի եւ բուժիչ հատկություններ ունեցող։ Դեռեւս այն ժամանակներից պատրաստել են սամիթի քացախ, որը վերացնում է «ստամոքսի աղմուկը», հանգստացնում զկրտոցը, վառած սերմի ածխափոշով բուժել են վերքերը։ Բույսը կիրառել են բրոնխների ասթմայի, լյարդի եւ միզապարկի (քարերից) մաքրման համար։

Սամիթի վերաբերյալ Ա. Ամասիացին գրել է. «Սամիթն ամրացնում է օրգանիզմը, հանգստացնում է ցավերը, ավելացնում է կանանց կաթը, քնաբեր է։ Եթե սամիթի սերմերը խառնեն ուտելիքին եւ ուտեն, մարմնից կհանի քամիները։ Օգնում է նաեւ խիթերի դեպքում։ Տարրալուծում է քարերը, օգտակար է գոտկատեղի ցավերի ժամանակ։ Փափկեցնում է կոշտ ուռուցքները»։

Մեր օրերում բույսը տարածված է նաեւ Ամերիկայում եւ Հնդկաստանի արեւմուտքում։ Սամիթի վերգետնյա մասն ամբողջովին բուրումնավետ է։ Որպես համեմունք եւ բուժիչ նպատակներով օգտագործվում են տերեւները եւ թերի հասունացած հովանոցաձեւ ծաղկաբույլերը։ Սամիթը կարելի է ցանել մարտից մինչեւ հունիսի վերջը, այն միամյա բույս է, տարվա վերջում տալիս է սերմեր։ Տերեւները մթերում են աղի հետ խառնած, կամ քացախի մեջ։ Կարելի է չորացնել, սակայն ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավելի, քան 30 աստիճան C, օդափոխվող տեղում։ Երկարատեւ պահելիս կորցնում է իր օգտակար հատկությունները։

Foeniculum vulgare – հոռոմ-սամիթ, սամիթ բժշկական

Բույսը նույնպես միջերկրականի «ծնունդ» է, ի տարբերություն սամիթի, հայտնի է եղել նաեւ հին Չինաստանում եւ Հնդկաստանում։ Հոռոմ-սամիթը համարվել է բազմաթիվ հիվանդություններ բուժող մոգական դեղաբույս։ Բույսը միջնադարում Եվրոպա են բերել հռոմեացիները։ Մեր ժամանակներում բույսի աճեցմանը մեծ տարածքներ են հատկացված Արեւմտյան Եվրոպայի երկրներում, Ռումինիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Արգենտինայում։ Այն հիմնականում մշակվում է որպես դեղաբույս, սակայն մեծ կիրառում ունի խոհարարության մեջ։ Պտուղներից ստանում են բուսայուղ, որն օգտագործվում է լիկյորների եւ հացաբուլկեղենի արտադրության մեջ, մանրացրած պտուղը հրաշալի համեմունք է խորովածի համար։

Հոռոմ-սամիթը բազմամյա բույս է, թեեւ մշակվում է` որպես երկամյա։ Արտաքին տեսքը շատ նման է սամիթին, սակայն ավելի բարձր է, տերեւները` համեմատաբար կոշտ, համը մոտ է անիսոնին, շատ բուրումնավետ է։ Հոռոմ-սամիթի տերեւները չեն օգտագործվում որպես դեղամիջոց։ «Անիսոնի ջուր» անվանմամբ հայտնի միջոցը պատրաստվում է հոռոմ-սամիթի պտուղից, որի խորխաբեր հատկությունը ավելի ուժեղ է, քան սամիթինը։ Այս երկու բույսերի քիմիական բաղադրության մեջ զգալի տարբերություն կա.

– Սամիթի պտուղը պարունակում է մոտ 4 տոկոս եթերային յուղ, 20 տոկոս ճարպայուղ, շաքար, թաղանթանյութ։ Տերեւները` մոտ 1,5 տոկոս եթերային յուղ, կեմպֆերոլ եւ կվերցետին ֆլավոններ, ֆոլիաթթու, մոտ 130 մգ ասկորբինաթթու` 100 գրամ հումքի մեջ, վիտամիններ C, PP, B5, ենթավիտամին A, կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ։

– Հոռոմ-սամիթի սերմը պարունակում է մոտ 6 տոկոս եթերային յուղ, որը բաղկացած է մոտ մեկ տասնյակ տերպեններից, հատկապես (մոտ 60) անետոլ եւ (10 տոկոս) ֆենիոն, 18 տոկոս ճարպայուղ, անիսոնի ալդեհիդ, սպիտակուց, կումարին, կվերցետին, կեմպֆերոլ, վիտամին E։

Աչքերի հաճախակի արցունքակալության դեպքում. 1 ճ/գ սամիթի սերմին ավելացրեք 200 մլ եռջուր, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, անջատեք կրակը եւ անմիջապես լցրեք մեկական ճ/գ տերեփուկի ծաղկաթերթերի, ջղախոտ մեծի տերեւների եւ ակնախոտ բժշկականի խոտի խառնուրդը։ Թրմեք 24 ժամ։

Որդաթափ միջոց. Սամիթի սերմի 1 ճ/գ-ն 10 րոպե եռացրեք 300 մլ կաթի մեջ, երբ գոլանա` խմեք։

Հոդացավերի դեպքում. Սամիթի սերմը մանրացրեք հավանգով, 7 օր թրմեք արեւածաղկի յուղի մեջ (1։2)։ Քամեք, շփեք ցավոտ մասերը։

Տեսողությունը լավացնող միջոց. Սամիթի 1 թ/գ սերմը մանրացրեք, ծամեք, վրայից խմեք ջուր։ Թարմ խոտը իջեցնում է աչքի ներքին ճնշումը։ Կոնյուկտիվիդի դեպքում դնում են թրջոցներ կանաչու թուրմով, նույնը` նաեւ կոպերի այտուցման ժամանակ։

Նեւրոզի դեպքում. Խառնեք մանրացրած հովտաշուշանի խոտը, հոռոմ-սամիթի պտուղը, դաղձի տերեւը, կատվախոտի արմատը (1։2։3։4)։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, պահեք տաք տեղում։ Քամեք։ Խմեք 2 ճ/գ` օրը 2-3 անգամ։ Յուրաքանչյուր շաբաթը մեկ ընդմիջեք 3 օր։

Միզամուղ միջոց. Խառնեք մանրացրած գիհինի, մաղադանոսի եւ հոռոմ սամիթի պտուղները, կեչու եւ հովտաշուշանի տերեւը (1։1։1։6։6)։ Հումքի 1 ճ/գ-ն կես ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Ընդունեք երկուական ճ/գ, օրը 1-2 անգամ։

Անքնության դեպքում. Սամիթի 50 գ սերմը 15-20 րոպե եփեք 500 մլ պորտվեյնի մեջ, քամեք։ Խմեք 50 գրամ քնելուց առաջ։

Հեպատիտի դեպքում. Խառնեք բեկտենու (Frangula) տերեւը, հազարատերեւուկի, ոսկեհազարուկի խոտերը, դաղձի տերեւը, չամանի եւ հոռոմ-սամիթի պտուղները (2։2։2։2։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք ամուր փակված վիճակում 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց առաջ։ Կարգավորում է մարսողությունը։

Սրտային անբավարարության դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ չորացրած, մանրացրած բռնչենու (Viburnum) ծաղիկը եզնարգել դաշտայինի (Ononis), անտառաշուշանի, սամիթի խոտերը, ալոճի ծաղիկը։ Հումքի 2 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4-5 անգամ, 20-30 կաթիլ 20 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմի հետ։

Շաքարային դիաբետի դեպքում. 50 գրամ գլուխ սոխը 3 րոպե թրմեք եռջրի մեջ, խառնեք 15-ական գրամ մանրացրած սամիթի եւ մաղադանոսի հետ։ Ավելացրեք 10 գրամ բուսայուղ։ Յուրաքանչյուր 20-30 օրից ընդմիջեք 5-10 օր։

Կերակրող մայրերի կաթն ավելացնող միջոցներ

– Խմեք մեկական թ/գ սամիթի չորացրած սերմը 50 մլ գոլ ջրով, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ։

Կամ`

– 1 ճ/գ սերմը 4-6 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ փակ վիճակում` տաք տեղում։ Քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք օրը 3 անգամ։

գ Խառնեք 5-7 գրամ անիսոնի, սամիթի, հոռոմ-սամիթի սերմերը 200 մլ թթվասերին եւ դրեք ջեռոցի մեջ ցածր ջերմաստիճանի տակ, պահեք 1 ժամ։ Խմեք քնելուց առաջ։

Լուծողական միջոց. 10-ական գրամ սամիթի խոտը եւ սերմերը 30 րոպե թրմեք 300 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե հետո։ Շարունակեք 5 օր։

Հաճախակի զկրտոցի դեպքում. Մեկ ճ/գ սամիթի սերմը 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։

Բերանի տհաճ հոտը կանցնի, եթե ծամեք հոռոմ-սամիթի տերեւը։

Անքնության, նեւրասթենիայի դեպքում. Խառնեք սամիթի սերմը, սրոհունդի ծաղիկը, ուրցի խոտը (10։3։2)։ Հումքի 40 գրամը 24 ժամ թրմեք սպիտակ (խաղողի) գինու մեջ։ Դրեք կրակին, եփեք 10 րոպե, քամեք։ Խմեք 25-ական մլ, օրը 2 անգամ։

Անքնության, դեպրեսիայի դեպքում. Խառնեք ալոճի, գինձի, չամանի, սամիթի պտուղները (2։1։1։1)։ Հումքի 125 գրամը 7 օր թրմեք 1 լ կարմիր գինու մեջ։ Դրեք կրակին, եփեք 5 րոպե, թրմեք 2-3 ժամ տաք տեղում, քամեք։ Խմեք 25-ական գրամ` առավոտյան եւ քնելուց առաջ։

Ստամոքսաբորբի (ստամոքսահյութի ցածր թթվայնության) դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ սամիթի, չամանի սերմերը, դաղձի տերեւը, մատիտեղ թռչնի, չորածաղիկի խոտերը, հազարատերեւուկի, խատուտիկի ծաղիկները, կատվախոտի արմատը։ Հումքի 2 ճ/գ-ն 500 մլ եռջրով 8 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 50-ական մլ, օրը 4-5 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Բուժման ժամկետը` 45-60 օր։

Լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում. Խառնեք 1 ճ/գ մեղրը 200 մլ գոլ ջրի հետ, ավելացրեք 1-2 կաթիլ հոռոմ-սամիթի յուղ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Ախորժակը փակող միջոց. Ուտելուց առաջ ծամեք 5-10 հատ հոռոմ-սամիթի սերմ։ Հղիներին հակացուցված է։

Ալերգիայի դեպքում. Խառնեք սամիթի հյութը ջրի հետ (1։2)։ Ուժեղ քորի դեպքում դրեք թրջոցներ։

Արյունատար անոթները ամրացնող միջոցներ.

– Խառնեք կատվախոտի արմատը, դաղձի տերեւը, հոռոմ-սամիթի սերմը, հովտաշուշանի խոտը (4։3։3։2)։ Հումքի 70 գրամը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 3 ամիս։ Ամրացնում է սրտամկանը։

– Խառնեք բերենիկե բժշկականի (Veronica) եւ ուրցի խոտերը, կատվախոտի արմատը, հոռոմ-սամիթի պտուղը (4։3։2։1), մանրացրած հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ` գոլ վիճակում։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 10 օր։

Ստամոքսը հանգստացնող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ հոռոմ-սամիթի սերմը, երիցուկի ծաղիկը, տուղտի, մատուտակի, չայիր սողացողի (Agropyrun repens) արմատները։ Հումքի 2 թ/գ-ն թրմեք 200 մլ եռջրում, մինչեւ հովանալը։ Խմեք քնելուց մեկ ժամ առաջ։

Մարսողությունը կարգավորող միջոց. Խառնեք սամիթի սերմը եւ հալվեի տերեւների փոշին (2։1)։ Կես ժամ թրմեք 200 մլ եռջրում, օգտագործեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։

Պանկրեատիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ խատուտիկի ծաղիկը, դաղձի տերեւը, սամիթի սերմը։ Հումքի 1 թ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 15 րոպե, քամեք։ Խմեք 2-3 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։

Աղիներում գազերի կուտակման դեպքում.

– Շաքարի խորանարդիկի վրա կաթեցրեք 4-7 կաթիլ սամիթի յուղ եւ կերեք։

– Սամիթի սերմերի 2 թ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։ Պատրաստեք սամիթի, դաղձի տերեւների, հոռոմ-սամիթի փոշիացրած սերմերի խառնուրդ։ Օգտագործեք որպես համեմունք։ Խառնեք անիսոնի, հոռոմ-սամիթի, գինձի եւ չամանի յուղերը (5։2։2։2)։ Ավելացրեք 1 ճ/գ բադամի յուղ։ Խմեք երկուական կաթիլ, օրը 2 անգամ, սնվելուց առաջ, 1 թ/գ մեղրի հետ։

Լոսյոն

Խառնեք մեկական ճ/գ սամիթի եւ եղեսպակի (Salvia) խոտերը, ավելացրեք 400 մլ եռջուր։ Թեթեւակի թրջեք բամբակե խծուծը թթվասերի մեջ, մաքրեք դեմքը, հետզհետե ավելացրեք թթվասերի քանակը։ Մաքրեք թթվասերը վերը պատրաստված լոսյոնով եւ դեմքին քսեք սնուցող քսուք։

Դիմակներ

– Մանր կտրատեք, աղացեք սամիթի խոտը, հումքի 2 ճ/գ-ն խառնեք 1 թ/գ ձիթապտղի յուղի հետ։ Ավելացրեք այնքան վարսակի փաթիլներ, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, 15 րոպե անց դեմքը լվացեք տաք ջրով։ Դիմակը սնուցում, մաքրում, խոնավացնում է մաշկը։

– Խառնեք 1 ճ/գ մանր կտրատած սամիթի խոտը եւ լորենու ծաղիկը, 1 թ/գ մանրացրած կաղնու կեղեւը։ Հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Թուրմի 1 թ/գ-ն խառնեք 1 ձվի դեղնուցի եւ 1 թ/գ մեղրի հետ, մինչեւ ստացվի խիտ զանգված։ Կարելի է ավելացնել կարտոֆիլի օսլա։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք սառը ջրով։