Այս կյանքի բերկրանքներն ըստ էության այլ բան չեն, քան ահը առ ոգու կյանքը ելանելուց, այս կյանքի տառապանքներն ըստ էության ոչ այնքան երկրային տառապանքներն են, որքան ինքնախոշտանգումները, որոնց մենք մեզ ենթարկում ենք այդ ահի պատճառով:
Ֆրանց Կաֆկա
Կաֆկան` մեծ, հնարավոր է` մեծագույն վարպետն է մաքուր վիճակում առակի, գրական մի ժանրի, որի մասին քննադատը քիչ բան կարող է ասել: Վեպի ընթերցողը կամ ներկայացման հանդիսատեսը (թեպետ եւ վեպը, եւ բեմադրությունը կարող են օժտված լինել առականման կառուցվածքով) դեմ է առնում հորինված պատմության, հերոսների, իրադրությունների, գործողությունների, որոնք հիշեցնելով նրան արդեն հայտնի բաները, ամենեւին էլ նույնական չեն իրականությանը: Օրինակ, «Մակբեթում» ես տեսնում եմ, ըստ իրենց կամքի ծավալվող ողբերգությանը մասնակից, որոշակի պատմական պերսոնաժների: Ես կարող եմ ինձ համեմատել Մակբեթի հետ եւ տարակուսել, թե ինչ ես կզգայի եւ ինչպես ինձ կպահեի, եթե ես նրա տեղը լինեի: Բայց ես ընդամենը, իմ ժամանակին եւ տեղին կառչած, պասիվ հանդիսատես եմ: Սակայն իսկական առակ ընթերցել այդպես ես չեմ կարող: Թեեւ առակի հերոսը կարող է հատուկ անուն կրել (ավելի հաճախ, սակայն, «Ոմն» կամ «Կ») եւ գործել որոշակի պատմական եւ աշխարհագրական պայմաններում, այդ մասնավորություններն էական չեն առակի իմաստի համար: Հերոսին հասկանալու համար, ես պիտի հրաժարվեմ օբյեկտիվությունից եւ ինձ նույնացնեմ նրան: Ըստ էության, յուրաքանչյուր ընթերցողի համար առակի իմաստը տարբեր կլինի: Այդ պատճառով քննադատը ոչ մի կերպ չի կարող «բացատրել» այն այլոց: Շնորհիվ գեղարվեստական ճշմարտության, պատմության, լեզվի, նույնիսկ մարդկային բնության առավել խորունկ իմացության` լավ քննադատը կարող է օգնել մյուսներին տեսնելու վեպում կամ պիեսում այն, ինչի վրա նրանք ինքները երբեք ուշք չէին դարձնի: Բայց եթե նա փորձի մեկնաբանել առակը, ապա ընդամենը ինքնանկար կանի: Նա կնկարագրի այն, ինչ որ առակն արել էր իր հետ, բայց նա գաղափար անգամ չունի, թե այն ինչ կարող է բանալ այլոց:
Իրական կյանքում մենք երբեմն հանդիպում ենք որեւէ մարդու եւ մտածում ենք. «Դե սա կարծես թե Շեքսպիրի կամ Դիքենսի էջերից է իջել», սակայն ոչ ոք եւ երբեք կյանքում չի հանդիպել Կաֆկայի հերոսներին: Մյուս կողմից, մարդը կարող է ունենալ փորձ, որը նա «կաֆկայական» կկոչի, այնինչ «Դիքենսական» կամ «շեքսպիրական» անհատական փորձը չի կարող լինել: Մի անգամ պատերազմի ժամանակ ես երկար ու հոգեմաշ օր անցկացրի Պենտագոնում: Հանձնարարությունը կատարելուց հետո ես քայլում էի երկար միջանցքով, սոսկ մի ցանկությամբ` փութով տուն հասնել: Երբ ես մոտեցա պտտադռնակին, մոտակայքում կանգնած պահակը խիստ հարցրեց. «Դու ո՞ւր»։ «Ուզում եմ դուրս գալ»,- բացատրեցի ես։ «Բայց դուք հենց դրսում եք»,- պատասխանեց նա: Մի ակնթարթ ես ինձ Իոզեֆ Կ. զգացի:
Եթե խոսենք սովորական վիպագրի կամ դրամատուրգի մասին, ծանոթությունը նրա անձնական կյանքին եւ բնավորությանը համարյա ոչինչ չի տա նրա ստեղծագործությունը հասկանալու համար: Ինչ վերաբերում է առակի հեղինակին (օրինակ, Կաֆկային), կենսագրական տեղեկությունները անգնահատելի օգնություն են մատուցում, համենայն դեպս, որոշակի իմաստով, դրանք կարող են մեզ սխալ ընթերցումից զերծ պահել: («Ճիշտ» ընթերցումները միշտ մի քանիսն են):
Կաֆկայի կենսագրության նոր հրատարակության մեջ Մաքս Բրոդը պատմում է չեխ գրող Բոժենա Նեմցովայի (1820-1862) «Տատիկը» վեպի մասին: Գործողությունը տեղի է ունենում Ռիզենգեբիրգում, գյուղում, որը տեղակայված է դղյակի շուրջ: Գյուղաբնակները չեխերեն են խոսում, դղյակի բնակիչները` գերմաներեն: Հերցոգուհին, դղյակի տիրուհին, բարի է ու քնքուշ, բայց նա հաճախ ճամփորդությունների է գնում, եւ նրա ու գյուղացիների միջեւ միշտ կանգնած է ամբարտավան սպասավորների եւ ինքնահավան, անթիվ ծառայողների հորդան, այնպես որ, հերցոգուհին գաղափար անգամ չունի այն մասին, թե ինչ է տեղի ունենում իր տիրույթներում: Ի վերջո, անհամար խոչընդոտները հաղթահարելով, վեպի հերոսուհին կարողանում է հերցոգուհու տեսակցությանն արժանանալ, բացում է նրան ճշարտությունը, եւ վեպը եզրափակվում է հեփի-էնդով:
Այս վերապատմումից հստակորեն երեւում է, որ Նեմցովայի վեպում դղյակի ծառայողները մարմնավորում են չարի ուժերը, այդ պատճառով քննադատները, որ «Դղյակի» բնակիչներին Աստվածային Նախախնամության միջնորդներ էին կոչում, ակնհայտորեն սխալվում էին, միաժամանակ ճիշտ է եւ Կաֆկայի վեպի Էրիկ Հելլերի ընթերցումը. «Դղյակը Կաֆկայի մոտ` լավ ամրակայված կայազորի պես մի բան է, ուր բնակվում են գնոստիկական դեւերը, որ հաջող պաշտպանություն են վարում խռովահույզ հոգիների դեմ: Չեմ հասկանում` ինչ աստվածային գաղափարի մասին են գրում քննադատները, որոնք դղյակում տեսել են «երկնային օրենքի եւ աստվածային երանության» կացարան: Դղյակի ծառայողները միանգամայն խուլ են առ բարին, որպեսզի չասենք ավելին` նրանք հաստատաբար անբարոյական են: Այդ մարդկանց ոչ հրահանգներում, ոչ արարքներում սիրո, կարեկցանքի, գթասրտության կամ վեհանձնության հետք անգամ չկա: Սառցե անտարբերության եւ անաչառության զրահով պատված, նրանք ոչ մի պատկառանք չեն ներշնչում` լոկ նողկանքի ահուդող»:
Մաքս Բրոդը նույնպես առաջինը հրապարակեց այն լուրերը, որոնք, եթե դրանք ճիշտ լինեին, ավելի շուտ կապ կունենային Կաֆկայի կյանքի հետ, քան նրա ստեղծագործության: Ես նկատի ունեմ լուրերն այն մասին, որ Կաֆկան իբր երեխա է ունեցել, ով մահացել է 1921 թվականին յոթ տարեկան հասակում: Դա ստուգելն անհնար է, քանզի 1944 թվականին գերմանացիները ձերբակալել էին մորը, եւ նա անհայտ կորել էր:
Հիանալի է, որ, ըստ իս, Կաֆկայի լավագույն վեպերը` «Դատավարությունը» եւ «Դղյակը», մտել են «Մեծ չինական պատը» ժողովածուի մեջ, որը կազմված է այն ստեղծագործություններից, որոնք գրվել են նրա կյանքի վերջին վեց տարում: Դրանցում նկարագրված աշխարհը` նրա վաղ շրջանի գրքերի միեւնույն աշխարհն է, որը չի կարելի չափազանց բերկրալի համարել, սակայն հեղինակային ձայնն այստեղ փոքր-ինչ մեղմ է հնչում: Այստեղ չկան այն մահացու կարոտն ու հուսահատությունը, որոնց պատճառով այնպիսի պատմվածքներ, ինչպիսին է «Ուղղիչ գաղութումը», պարզապես անտանելի են թվում: Կյանքը մնում է նույնքան դժվար եւ ընկճող, բայց հերոսներն այժմ դրան ավելի մեծ հումորով են վերաբերվում:
Կաֆկայի տիպական պատմվածքի մասին կարելի է ասել, որ հերոսական որոնման բանաձեւը նրանում աստառի կողմն է շրջած: Գրքում, ուր հերոսը ինչ-որ բան է փնտրում, նրա որոնման նպատակը` արքայադուստրն է, կենաց աղբյուրը եւ այլն. նախօրոք նրան հայտնի: Դրան հասնելը հեշտ չէ, եւ հերոսը սովորաբար չի պատկերացնում ոչ ուղիները դեպի նա, ոչ էլ իրեն սպառնացող վտանգը, բայց կան այլ պերսոնաժներ, որոնց հայտնի է թե այս եւ թե այն, դրանք նախազգուշացնում եւ խրատում են հերոսին: Ավելին, այդ նպատակը ցանկալի է ամենքին եւ յուրաքանչյուրին: Դրան են ձգտում եւ մնացյալ բոլորը, բայց հասնել դրան կարող է լոկ նա, ում ճակատագիրը կանխորոշված է: Երբ հրաշապատում հեքիաթի երեք եղբայրները ուղեւորվում են Որոնումների, առաջին երկուսը բարձունքում են գտնվում եւ պարտություն են կրում, իսկ կրտսերը հաղթում է` շնորհիվ իր հեզության եւ սրտացավ բարության: Բայց կրտսերը, ինչպես եւ ավագ եղբայրները, անընդհատ միանգամայն վստահ է, որ հաղթելու է:
Կաֆկայի պատմվածքներում նպատակը անհասանելի է թվում հենց հերոսին, չկա մեկը, ում հետ նա մրցի։ Մարդիկ, որոնց նա հանդիպում է ճանապարհին, կամ փորձում են նրան օգնել, կամ խոչընդոտներ են հարուցում, իսկ ամենից հաճախ պարզապես անտարբեր են նրա հանդեպ, եւ նրանցից ոչ մեկը դույզն-ինչ պատկերացում չունի այն մասին, թե ուր է տանում նրա ճամփան: Ինչպես ասված է հայտնի ասույթում, «կա նպատակը, բայց չկա ճամփան, այն, ինչը մենք ճանապարհ ենք կոչում, սոսկ սովորական անվճռականությունն է»: Ամենեւին անվստահ հաջողության մեջ, Կաֆկայի հերոսն ի սկզբանե համոզված է այն բանում, որ նա պարտության է դատապարտված, ինչպես նաեւ` դատապարտված է աներեւակայելի եւ անպտուղ ճիգերի: Նպատակի հասնելու ցանկությունն արդեն ապացույց է` բայց ոչ այն բանի, որ նա Ընտրյալ է, այլ լոկ այն բանի, որ նրա գլխին առանձնահատուկ նզովք է կախված:
Ամենագլխավոր մեղքը` անհամբերությունն է: Անհամբերության պատճառով մենք վտարվեցինք Դրախտից, եւ հենց դա էլ մեզ խանգարում է վերագտնել այն:
Տեսականորեն գոյություն ունի երջանկության հասնելու անսխալ հնարավորությունը, դա այն է, որ հավատաս քո ներսի անշիջանելի սկզբին եւ չփորձես ըմբռնել այն:
Որոնման նախորդ տարբերակներում հերոսը գիտի, թե ինչ պետք է անի, եւ նրան միայն մի բան է անհանգստացնում` արդյո՞ք նա կկարողանա իրագործել իրեն նախատեսվածը: Ոդիսեւսը գիտի, որ չպետք է լսի սիրենների երգը, Սուրբ Գրաալի ասպետը գիտի, որ պետք է կույս մնա, դեդեկտիվը գիտի, որ պիտի ճիշտը ստից տարբերի: Բայց Կ.-ի հետ ամեն ինչ այլ կերպ է` նա չգիտի, թե ինչ անի: Նրան ոչ ոք չի գայթակղում, այդ պատճառով նրան պետք չէ բարու եւ չարի միջեւ ընտրություն կատարել, եւ միաժամանակ չի կարելի ասել, թե նա անհոգ է եւ շարժմամբ արբած: Նա համոզված է` իր այժմյան գործողություններն արտակարգ կարեւոր են, բայց նա ամենեւին չի պատկերացնում, թե ինչպիսին պիտի լինեն դրանք: Եթե նա սխալ ընտրություն կատարի, նա ոչ միայն դրանից կտուժի, այլ նաեւ իր սխալի համար պատասխանատվություն կկրի: Կան հրահանգներ եւ խորհուրդներ, որոնք նա ստանում է, նրան անհեթեթ եւ հակասական է թվում, նա չի կարող դրանք օտար չար մտադրության կամ մեղքի վկայություններ համարել` դրանք, հնարավոր է, սոսկ իր սեփական մեղքի ապացույցն են:
Որոնման ավանդական հերոսի մոտ կա խթան` կամ անհայտ, ինչպես Ոդիսեւսի մոտ, կամ թաքուն, ինչպես հրաշապատում հեքիաթի հերոսի մոտ: Առաջին դեպքում ճամփորդության հաջող եզրափակումը հավելում է նրա փառքը, երկրորդում` բացահայտում է, որ անշուք պերսոնաժը հենց իսկական հերոսն ու հաղթողն է. ավանդական իմաստով հերոս դառնալ` կնշանակի` «ես» բառն արտաբերելու իրավունք ձեռք բերել, շնորհիվ իր արտասովոր շնորհների եւ արարքների: Բայց Կ.-ն ի սկզբանե ունի իր «եսը», եւ նրա մեղքը լոկ այն է, որ նա գոյություն ունի իր շնորհներից եւ արարքներից անկախ:
Եթե Կ.-ն «Դատավարությունում» անմեղ լիներ, նա կդադարեր Կ. լինել, եւ կդառնար անանուն պերսոնաժ, ինչպես «Ալիսան հայելիների աշխարհում»-ի անտառային այծեմարդը: «Դղյակում» Կ.-ն տառ է, որ կամենում է բառ դառնալ, հողաչափ, այլ կերպ ասած, կամենում է վերագտնել իր «եսը», բոլոր մնացյալ մահկանացուների պես: Բայց հենց դա նրան չի թույլատրվում:
Ավանդական Որոնման աշխարհը կարող է վտանգավոր լինել, բայց բաց` հերոսը կարող է գնալ ցանկացած ուղղությամբ: Սակայն Կաֆկայի աշխարհը` դա հոգեւոր եւ զգայական հատկություններից զուրկ, հերմետիկ, փակ աշխարհ է: Դա խիստ նյութական, ֆիզիկական աշխարհ է: Առարկաները, դեմքերը կարող են անորոշ թվալ, բայց ընթերցողը զգում է նրանց հեղձուցիչ օղակը, ոչ մի երեւակայական աշխարհում այդպիսի ծանրություն չես զգում: Մի քայլը խլում է հերոսի բոլոր ուժերը: Նա իրեն բանտարկյալ է զգում եւ փորձում է փախչել, նա հենց բանտի համար էլ ստեղծված է, իսկ ազատությունը ունակ է նրան ճզմելու:
Օրինակ, «Որջը» առակում հերոս-պատմողը` անորոշ տեսքի մի գազան, ինչ-որ փորսուղի պես մի բան, միայն թե գիշակեր: Նա ապրում է միայնակ, առանց էգի, խուսափելով իր նմանների հետ հանդիպումից: Բացի այդ, նա անընդհատ վախենում է այլ գազանների հետապնդումից ու հարձակումից: «Թշնամիներն իմ անթիվ-անհամար են»,- պնդում է նա, բայց մենք չգիտենք, թե նրանք ինչպիսի տեսք ունեն եւ ոչ մի անգամ այդպես էլ դրանցից որեւէ մեկին չենք պատահում: Նրա ողջ կյանքի գործը որջն է: Երբ նա առաջին անգամ սկսեց այն փորել, այդ զբաղմունքը, հավանաբար, ավելի շուտ զվարճանք էր, քան լուրջ աշխատանք, բայց, որքան մեծ եւ լավն է այն դառնում, այնքան ուժգին է նրան տանջում հարցը. «Իսկ արդյո՞ք կարելի է միանգամայն անմատույց որջ կառուցել»: Այդ տանջանքն անսահման է, որովհետեւ նա երբեք չի կարող համոզված լինել, թե արդյո՞ք կա ինչ-որ նախազգուշական միջոց, որը նա չի ընդունել: Եվ որջը, որին նա նվիրել է իր ողջ կյանքը, նրա համար թանկարժեք մի բան է դառնում, նա պետք է պաշտպանի այն ճիշտ այնպես, ինչպես ինքն իրեն:
«Այդ սիրելի ծրագրերից մեկն այն էր, որպեսզի ամրացված հրապարակը շրջակա հողից զատի, այսինքն` թողնել նրա պատերը այն հաստությամբ, որը մոտավորապես համապատասխանում է իմ հասակին, եւ ամրացված հարթակի շուրջ դատարկ տարածություն, որը համապատասխանում է պատի չափերին, ամեն դեպքում պահպանելով, ավաղ, փոքրիկ, հողից անզատելի հիմքը: Այդ դատարկ տարածությունը ես միշտ ուրվագծել եմ ինձ համար, եւ ոչ անհիմն, որպես կյանքի համար լավագույն տեղը, որը կարող է գոյություն ունենալ ինձ համար: Կախվել այդ մուտքի վրա, ելնել, վար սողալ, շուռումուռ գալ, դարձյալ ոտքերի տակ զգալ պինդ բնահողը, բոլոր այդ խաղերը խաղալ հենց ուղղակի ամրացված հրապարակի մարմնի վրա եւ այդուհանդերձ ոչ նրա վրա, դրանից խուսափելու հնարավորություն ստանալ, ճանկերով կառչել այդ հարթակից…»:
Նա տարակուսում է` որպեսզի որջդ պահպանես, գուցե՞ ավելի լավ է թաքնվես գաղտնի մուտքի մոտի թփերում եւ հետեւես տեղի ունեցածին: Նա մտածում է. «Արդյո՞ք չօգտվել դաշնակիցների օգնությունից, որպեսզի միատեղ հետեւենք»։ Բայց հետո հրաժարվում է այդ մտքից:
«Իսկ մի՞թե նա պատասխան ծառայություն չի պահանջի: Չի կամենա, համենայն դեպս, զննել իմ բնակավայրը։ Միայն դա` կամովին ինչ-որ մեկին իմ տուն թողնելը` ինձ համար չափազանց ծանր կլիներ: Ես այն կառուցել եմ ինձ համար, ոչ թե հյուրերի, եւ, կարծում եմ, ես ներս չէի թողնի այդ վստահված անձին…
Դե, ես չէի էլ կարող նրան ներս թողնել, չէ որ այդժամ նա պետք է մենակ մտներ (իսկ դա անհնար է պատկերացնել), կամ էլ մենք պիտի երկուսով մտնենք, եւ այդժամ ես կզրկվեի նրա ներկայությունից բխող գլխավոր առավելությունից, եւ հատկապես այն դիտարկումներից, որոնցով նա պիտի զբաղվեր իմ գնալուց հետո: Եվ դե ինչպես վստահես… Հարաբերականորեն հեշտ է որեւէ մեկին վստահել, եթե նրան հետեւում ես կամ էլ թեկուզ հետեւելու հնարավորություն ունես, կարելի է նույնիսկ հեռվանց վստահել, բայց գետնի տակից, հետեւաբար այլ աշխարհից, լիովին վստահել դրանից դուրս գտնվող ինչ-որ մեկին, ինձ անհնար է թվում»:
Մի անգամ առավոտյան նրան արթնացնում է թույլ շվշվան մի ձայն, որը նա ոչ կարողանում է ճանաչել, ոչ էլ դրա ակունքը հասկանալ: Հնարավոր է, դա պարզապես քամին է, բայց հնարավոր է, որ դա ինչ-որ թշնամի է: Այսուհետ նա հիստերիկ տագնապի մեջ է: Արդյո՞ք գիտի այդ տարօրինակ գազանը, եթե դա գազան է, իր գոյության մասին: Եվ եթե այո` ապա ի՞նչ հատկապես: Պատմվածքն ընդհատվում է, առանց պատասխան տալու: Էդվին Մուրը ենթադրում է, որ պատմվածքը պետք է ավարտվի անտեսանելի թշնամու հայտնվելով, ում հերոսը գերության է հանձնվում: Ես կասկածում եմ: Առակի էությունը, հավանաբար, հենց այն է, որ ընթերցողը երբեք չի իմանա, թե արդյոք պատմողի սուբյեկտիվ վախը ունի ինչ-որ օբյեկտիվ պատճառ:
Որքան շատ ենք մենք հիանում Կաֆկայի ստեղծագործությամբ, այդքան ավելի լուրջ մենք պետք է քննենք նրա մահառաջ խնդրանքը` վերացնել իր բոլոր ստեղծագործությունները: Սկզբում կարելի է այդ խնդրանքի մեջ աներեւակայելի ինտելեկտուալ հպարտություն տեսնել` կարծես նա ինքն իրեն ասում է` «որպեսզի արժանի լինեք ինձ, այն ամենը, ինչ ես գրում եմ, պետք է հնարավորինս կատարյալ լինի: Բայց աշխարհի երեսին ոչինչ կատարյալ չէ, որքան հիասքանչ այն լինի: Այդ պատճառով այն, ինչ ես գրել եմ, հարկ է ոչնչացնել, որպես ինձ անարժան»: Սակայն այն ամենը, որ դոկտոր Բրոդը եւ Կաֆկայի մյուս ընկերները պատմում են նրա մասին որպես մարդու, հերքում է այդ անհեթեթ բացատրությունը:
Ակնհայտ է թվում, որ Կաֆկան ինքն իրեն բառիս ավանդական իմաստով արվեստագետ չէր համարում, այսինքն` մի էակ, որ իրեն նվիրաբերել է որոշակի գործունեության, ում անձնական գոյությունը երկրորդական է եւ ոչ մի կապ չունի ստեղծագործության հետ: Նրա մասին, ինչպես ոչ այլ մեկի, կարելի էր լիիրավ ասել, որ նա «տենչում եւ ծարավի էր ճշմարտության»: Հավանաբար, նա իր ստեղծագործությունը համարում էր Աստծուն գտնելու ձեւ: «Ստեղծագործությունը,- ասել է նա մի անգամ,- դա աղոթքի տեսակ է», եւ այն մարդը, ում մոտ դա ոգուց է բխում, չի կամենում, որ իրեն ականջ դնեն:
Սակայն, ինչպիսին էլ լինեին նրա մոտիվները, իր ստեղծագործությունները հրատարակելու Կաֆկայի չկամությունը պետք է համենայն դեպս ընթերցողին նախազգուշացնի նրա տեքստերը թերթելու սովորական մոտեցումից: Կաֆկան, իմ տեսանկյունից, մեկն է նրանցից, ով դատապարտված է անուշադիր ընթերցողի: Նրանք, ում Կաֆկա ընթերցելը կարող էր լավ ծառայություն մատուցել, նրա հանդեպ տհաճություն կամ նողկանք են զգում, իսկ նրանց համար, ում այն հիացմունք է հարուցում, նրա գրքերը վնասակար են, նույնիսկ վտանգավոր:
Ես հանգում եմ այն մտքին, որ Կաֆկա ընթերցել հարկ է լոկ այն ժամանակ, երբ դուք ձեզ լավ եք զգում, երբ դուք նորմալ հոգեվիճակում եք եւ, հետեւաբար, պատրաստ եք կողմ նետելու ամենայն հոգեկան տվայտանքները, որպես տաղտկալի ունայնություն: Երբ մարդ ճնշված է, նրան, հավանաբար, հարկ է Կաֆկայից հեռու մնալ, քանզի, քանի դեռ ինքնավերլուծությանը, որով միշտ զբաղված են նրա հերոսները, չի ուղեկցում ինքնակատարելագործման մոլեգին ծարավը, այն շատ շուտով վերածվում է անողնաշար նարցիսիզմի, սքանչանքի սեփական մեղավորությամբ եւ թուլությամբ:
Յուրաքանչյուրը, ում լրջորեն հուզում են չարի եւ տառապանքի խնդիրները, չի կարողանում ազատվել հնամենի գնոստիկա-մանիքեյական պատկերացումից այն մասին, որ նյութական աշխարհում գերիշխում է չարը, եւ Կաֆկայի գաղափարներից ոմանք վտանգավոր մոտիկության մեջ են այդ պնդման հետ:
«Գոյություն ունի լոկ հոգեւոր աշխարհը – այն, ինչ մենք կոչում ենք նյութական աշխարհ, սոսկ չարի այլանդակ արտացոլանքն է հոգեւոր աշխարհում:
Նյութական աշխարհը պատրանքային չէ, բայց արտացոլում է չար սկիզբը հոգեւոր աշխարհում, որը, սակայն, ըստ համընդհանուր խոստովանության, ձեւավորում է մեր պատկերացումը նյութական աշխարհի մասին»:
Կաֆկայի ողջ կյանքն ու ստեղծագործությունը` ապացույցն է այն բանի, որ հոգու խորքում նա գնոստիկ չէր, քանզի ճշմարիտ գնոստիկին միշտ առանձնացնում են որոշակի հատկանիշներ: Նա իրեն դասում է հոգեւոր ընտրանուն եւ քամահրում է բոլոր երկրային կապվածությունները եւ հասարակական պարտավորությունները: Հաճախ նա իրեն թույլ է տալիս անարխիստական անբարոյականություն սեքսուալ կյանքում` հիմք վերցնելով այն, որ, քանզի մարմինը ինքն իր տերն է, դրան չի կարելի վերաբերվել բարոյականության տեսանկյունից:
Ոչ Կաֆկան, ըստ նրա կենսագիր Մաքս Բրոդի վկայության, եւ ոչ էլ նրա հերոսներից որեւէ մեկը ինտելեկտուալ սնոբիզմով չեն տառապում, ինչպես նաեւ չեն համարում, որ բարձրագույն իրականությունը, որը նրանք փնտրում են, ընկած է ինչ-որ տեղ մեր աշխարհի սահմաններից դուրս` տարբերությունը, որը նրանք դնում են այս աշխարհի եւ ընդհանրապես աշխարհի միջեւ, ամենեւին չի ենթադրում, թե գոյություն ունեն երկու տարբեր աշխարհներ, լոկ ապացուցում է, որ մեր ընտել պատկերացումներն իրականության մասին ճիշտ չեն:
Կտակելով ոչնչացնել իր ձեռագրերը, Կաֆկան, հավանաբար, հիանալիորեն պատկերացնում էր իր տաղանդի գալիք խանդավառ երկրպագուներին:
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գիրքը հայելի է, եթե նրա մեջ նայի ավանակը, հազիվ թե ի պատասխան այնտեղից առաքյալ նայի:
Գեորգ Լիխտենբերգ
Լավ ընթերցվում է միայն այն, ինչ ընթերցվում է որոշակի անձնական նպատակով: Հնարավոր է, ուժ ձեռք բերելու նպատակով, բայց դա չպետք է լինի գրողական վրդովմունքի առարկա:
Պոլ Վալերի
Գրողի եւ ընթերցողի հետաքրքրությունները երբեք միանման չեն լինում, եւ եթե պարզվում է, որ դրանք նույնական են, դա երջանիկ զուգադիպություն է:
Գրողի առումով շատ ընթերցողներ հաճախ համոզված են երկակի մոտեցման հնարավորության մեջ` նրանք, ըստ ցանկության, կարող են նրան անհավատարիմ լինել, բայց նա իրենց` երբեք:
Ընթերցել` նշանակում է` թարգմանել, քանզի երկու տարբեր մարդկանց փորձը երբեք չի համընկնում: Վատ ընթերցողը հանց վատ թարգմանիչ` նա բառացի է այնտեղ, ուր շրջասություն է պետք, եւ շրջասում է այնտեղ, ուր պետք է բառացի ճշգրտություն: Կրթվածությունն ինքնին ընթերցանության ժամանակ այնքան կարեւոր չէ, որքան ինչ-որ բնազդը` չէ՞ որ մեծ գիտնականները շատ հաճախ վատ թարգմանիչներ են եղել:
Մենք շատ ավելի օգուտ ենք քաղում գրքից, ընթերցելով այն ոչ այնպես, ինչպես ենթադրում էր հեղինակը, ճիշտ է, միայն այն դեպքում, եթե լինելով մեծահասակ, դա անում ենք գիտակցաբար:
Որպես ընթերցող` մենք մեծամասնությամբ ինչ-որ բանով նման ենք տղեկների, որոնք գովազդային բացվածքների կանանց վրա բեղեր են նկարում:
Հատկանիշն այն բանի, որ գիրքն օժտված է գրական արժանիքներով` նրա տարընթերցումների հնարավորությունն է: Ընդհակառակը, ապացույցն այն բանի, որ պոռնոգրաֆիան չունի գրական արժանիքներ, եթե ինչ-որ մեկն այն սկսի կարդալ ոչ թե զգայական խթանի համար, այլ, ասենք, հոգեբանական իրավիճակի հետազոտման` դա կլինի անտանելի, արտասվաթոր տաղտուկ:
Թեպետ գրական ստեղծագործությունը ենթադրում է տարընթերցումներ, դրանց թիվն ի վերջո սահմանափակված է յուրահատուկ հիերարխիայով, մի ընթերցումն օբյեկտիվորեն «մոտ է», մյուսը` կասկածելի, երրորդը` օբյեկտիվորեն ճիշտ չէ, եւ, վերջապես, չորրորդը` անհեթեթ է, նման պատմվածքը վերջից ընթերցելուն: Ահա թե ինչու, եթե ընթերցողը հայտնվի անմարդաբնակ կղզում, նա ցանկացած գրական գլուխգործոցից կգերադասեր լավ բացատրական բառարանը, քանզի ընթերցողի նկատմամբ բառարանը բացարձակապես պասիվ է եւ թույլ է տալիս անթիվ-անհամար տարընթերցումներ:
Մենք չենք կարող անհայտ հեղինակին կարդալ այնպես, ինչպես կարդում ենք մեծավաստակներին: Նոր հեղինակի գրքում մենք փնտրում ենք միայն արժանիքներ կամ միայն թերություններ եւ, նույնիսկ զննելով դրանք միասին, չենք նկատում դրանց հարաբերակցությունները: Իսկ հայտնի հեղինակի դեպքում, եթե մենք դեռ ունակ ենք նրան ընկալելու, մենք հաստատ գիտենք, որ չենք կարող ախորժանք ապրել նրա վարպետությունից, ընդ որում, չներելով նրա վրիպումները: Ավելին, այդպիսի հեղինակի մեր ընկալումը զուտ գեղագիտական չի լինում: Գրական արժանիքներից զատ, նրա նոր գիրքը մեզ համար պատմական հետաքրքրություն է ներկայացնում` որպես ստեղծագործություն մի մարդու, ում մենք վաղուց հետեւում ենք: Նա արդեն ոչ թե պարզապես բանաստեղծ է կամ արձակագիր` նա մեր կենսագրության մասն է:
Բանաստեղծը չի կարող կարդալ այլ բանաստեղծի, իսկ արձակագիրը` արձակագրի, չհամեմատելով նրա ստեղծագործությունները իրենների հետ: Նրա դատողությունները համանման դեպքերում մոտավորապես այսպիսին են լինում. «Նա իմ աստվածն է, «Իմ նախապապն է», «Իմ թշնամին է», «Իմ արյունակից եղբայրն է», «Իմ թուլամիտ եղբայրն է»:
Գռեհկությունը գրականության մեջ ոչնչությունից գերադասելի է` ճիշտ այնպես, ինչպես նպարավաճառի պորտվեյնը` թորած ջրից:
Լավ ճաշակն առավելապես նշանակում է պահանջկոտության աստիճանը, քան բացառությունների պահանջը: Այդ պատճառով, երբ ճաշակով մարդուն ստիպում են ընտրել եւ հեռացնել, դա ավելի շուտ ուղեկցվում է տրտմությամբ, քան բավականությամբ:
Բավականությունը, իհարկե, անվրեպ հատկանիշ է քննադատի համար, այսինքն` ես ուզում եմ ասել, ամենաքիչ սխալը:
Երեխայի ընթերցանությունը կառուցվում է հաճույքի վրա, սակայն նրա հաճույքն անպահանջկոտ է, նա գեղագիտականը իմացականից կամ երազայինից չի զանազանում: Պատանի հասակում մենք հասկանում ենք, որ կան տարբեր հաճույքներ, եւ դրանցից ոմանք միաժամանակ չեն գոյում, բայց պատանության ժամանակ մեզ դեռ օգնություն է պետք, որպեսզի այդ ամենից գլուխ հանենք: Ինչպես եւ գաստրոնոմիական հակումներում, պատանությունը գրականության մեջ դաստիարակ է փնտրում` նրան, ում նա կարող է վստահել: Պատանությունը ուտում եւ կարդում է այն, ինչ նրան առաջարկում է հեղինակությունը, այդ պատճառով հաճախ ստիպված ենք լինում ինքներս մեզ խաբելու` ձեւացնելու, որ սիրում ենք ձիթապտուղ եւ «Պատերազմ եւ խաղաղությունը» ավելի շատ, քան իրականում: Քսանի եւ քառասունի արանքում մենք ներքաշվում ենք ինքնաճանաչման գործընթացի մեջ, այլ կերպ ասած, մենք հետազոտում ենք պատահական խոչընդոտների, որոնք հարկ է հաղթահարել, եւ անհրաժեշտ խոընդոտների, որոնց հաղթահարումը երբեք անպատիժ չի մնում, միջեւ եղած տարբերությունը: Լոկ քչերը, հետազոտելով իրենց` սխալներ չեն գործում եւ չեն փորձում գրավել տեղը, որ իրենց համար չէ նախատեսված: Հենց այդ շրջանում գրողը ամենից հեշտ ընկնում է ուրիշ գրողի կամ գաղափարախոսության ազդեցության տակ: Երբ որեւէ մեկը քսանի եւ քառասունի արանքում խոսում է արվեստի մասին` «Ես գիտեմ, թե ինչ է ինձ դուր գալիս», դա նշանակում է. «Ես սեփական ճաշակ չունեմ, ես կիսում եմ ճաշակները, որ ընդունված են իմ կուլտուրական միջավայրում», քանզի քսանի եւ քառասունի արանքում ամենաճիշտ հատկանիշն այն բանի, որ մարդ իսկական ճաշակով է օժտված, նրա անվստահությունն է դրանում: Քառասունից հետո, եթե մենք չենք կորցրել սեփական ընկալումը, հաճույքը դարձյալ դառնում է այն, ինչ որ էր նա մեզ համար մանկության ժամանակ` մեր ընթերցանության որակի հուսալի հատկանիշը:
Թեեւ հարկ չկա խառնելու հաճույքները, որոնք մեզ շնորհում է արվեստի ստեղծագործությունը այլ հաճույքների հետ, ընդհանրականը դրանցում այն է, որ դրանք մերն են, այլ ոչ թե եւս ինչ-որ մեկինը: Բոլոր մեր դատողությունները եւ դատապարտությունները, գեղագիտական եւ բարոյական, որքան էլ օբյեկտիվ դրանք թվան, ըստ էության, մեր սուբյեկտիվ ցանկությունների, հակումների եւ հաճույքների ռացիոնալ դրսեւորումներն են: Եթե մարդ բանաստեղծություն եւ արձակ է գրում, նրա երազանքը Դրախտի մասին` իր անձնական գործն է, բայց հենց որ նա սկսում է զբաղվել գրական քննադատությամբ, անկեղծությունը նրանից պահանջում է` ընթերցողին հստակ պատկերացում տալ իդեալի մասին, որպեսզի նա ավելի խորը հասկանա քննադատի դատողությունները: Այդ պատճառով այժմ ես մտադիր եմ պատասխանելու հարցերի, որոնք ես եմ ժամանակին առաջադրել, որպեսզի ընթերցողին տրամադրեմ այն տեղեկատվությունը, որը ես միշտ կուզենայի ունենալ, կարդալով այլ քննադատների.
ԴՐԱԽՏ
Բնակարը
Կրաքարե լեռներ, ահա Ապենինները, եւ հրաբխային ծագումով ժայռեր, թեկուզ մի հանգած հրաբուխ: Ժեռուտ ծովափ:
Կլիման
Անգլիական:
Բնակչության էթնիկ կազմը
Խիստ խառը, ինչպես Միացյալ Նահանգներում, նորդիկ ցեղի փոքր-ինչ գերակշռությամբ:
Լեզուն
Մի քանիսի խառնուրդից, համանման անգլերենին, հոլովումների բարձր զարգացած համակարգով:
Չափ ու քաշի համակարգը
Անհետեւողական եւ բարդ: Բազմապատկման համակարգը բացառվում է:
Կրոնը
Միջերկրականի տիպի թեթեւացված կաթոլիցիզմ:
Մայրաքաղաքի չափը
Պլատոնի իդեալական թիվը, 50/40:
Ղեկավարման ձեւը
Բացարձակ միապետություն, միապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ, ցմահ ղեկավարման:
Շարունակելի