«Մենք ողջունում ենք Ուրուգվայի` մեր ինքնիշխանությունը ճանաչելու ցանկությունըգ Ալմագրոյի խոսքերը չեն նշանակում անկախության ավտոմատ ճանաչում, սակայն նշանակում են, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային գործընթացին»,- «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությանը, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի ճանաչումը երկու հետեւանք կարող է ունենալ` Ադրբեջանն ու Թուրքիան հիստերիա կբարձրացնեն Ուրուգվայի դեմ, եւ երկրորդ, միջազգային հանրությունը, հատկապես Հարավային Ամերիկայի երկրները, ավելի լուրջ կսկսեն վերաբերվել ղարաբաղյան հիմնախնդրին: Իսկ tert.am-ի հետ զրույցում Դ. Բաբայանն ասել է, թե Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը լայն դաշտ կբացի Հայաստանի համար` թե՛ ճանաչման, թե՛ բանակցային գործընթացներում, բացի այդ` «այդ ճանաչումը նոր իրավիճակ կստեղծի աշխարհում եւ մեր տարածաշրջանում»: Նրա խոսքով` Ուրուգվայը մասնակից չէ տարածաշրջանային զարգացումներին, բայց մյուս կողմից` «միամիտ» պետություն չէ եւ շատ ակտիվորեն ներգրավված է միջազգային հարաբերություններում, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ուրուգվայի բանակի մի մասը ՄԱԿ-ի կազմում աշխարհի տարբեր թեժ կետերում մասնակցում է խաղաղապահ առաքելությունների: «Սա հետաքրքիր քայլ է նաեւ պատմական տեսակետից, քանի որ Ուրուգվայը մեզ հետ շատ նմանություններ ունի: Նա եւս պայքարել է իր անկախության ու ազատության համար, երբ անկախ հռչակվելու պահին ուներ 75 հազար բնակիչ»,- ասել է ԼՂ նախագահի խոսնակը` հավելելով, թե Ուրուգվայի այս հայտարարությունը ծանր հարված է նաեւ Ադրբեջանի համար, քանի որ «հայկական կողմը նման բանի է հասնում առանց որեւէ գումար ծախսելու, մինչդեռ վերջիններս միլիոնավոր դոլարներ են ծախսում կեղծ քարոզչության համար»: