«ԱՅՈ»-ի մարաթոն

14/11/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Նոյեմբերի 10-ին Երեւանի Պետական համալսարանում թռուցիկներ էին բաժանվում հետեւյալ բովանդակությամբ. «Համալսարանի ուսանողության եւ դասախոսների բոլոր փորձերը կասեցնելու կառավարության թիվ 975 ազգադավ որոշումը՝ բուհական ղեկավարության բանակցությունները իշխանությունների հետ, հայտնի գիտնականների միջամտությունները հարցին, բուհերը կործանումից փրկելու միտված ուսանողական ակցիաները չեն տվել ոչ մի արդյունք: Բոլորին կոչ ենք անում նոյեմբերի 11-ին ժամը 13.00-ին հավաքվել ԵՊՀ-ի դիմաց՝ բուհական դասադուլ սկսելու համար»: Ճիշտ նույն ժամին մենք էլ էինք ԵՊՀ-ի բակում, որտեղ հավաքված ուսանողների քանակը բավարար չէր դասադուլի համար: Հակառակը՝ հարակից Ալեք Մանուկյան փողոցի վրա արեւածաղիկ չրթող ուսանողներն այնքան շատ էին, որ մեկ չէ, այլ մի քանի դասադուլ կարելի էր կազմակերպել նրանցով, սակայն նրանք, այսպես ասած, շահագրգիռ կողմ չեն, ու նրանց ոչինչ չի հուզում, անգամ դասերը: Իսկ ակտիվիստ ուսանողների շրջանում անհանգստություն էր նկատվում: Հարցուփորձ անելուց հետո հասկացանք, որ դասադուլը, կարծես, խափանվում է: Պատճառը մեզ այսպես բացատրեցին. «Մասնակիցները մեկ այլ միջոցառումից են եկել ու շատ հոգնած են»: Բանն այն է, որ երեկ մեկ այլ միջոցառում էլ մեր կառավարությունն էր կազմակերպել, որը սպորտային բնույթի էր: Սահմանադրությանն «այո» քարոզող մարզաշապիկներով Երեւանի փողոցներով վազվզում էր ուսանողների եւ աշակերտների մի մեծ բանակ: Ենթադրվում էր, որ վազորդները սահմանադրական փոփոխությունների աջակիցներ էին, սակայն շատերն այդ մասին չգիտեին էլ՝ «Չգիտենք՝ ինչո՞ւ ենք այստեղ, ասեցին` հագեք այս մարզաշապիկները ու վազեք, մենք էլ անում ենք»: Իսկ վազելուց հետո՝ էլ ի՞նչ ակցիա, ի՞նչ բողոք՝ դասադուլը կսպասի: Վազորդների մեծ մասն էլ համալսարանականներ էին, որոնց ուշք ու միտքն իրենց պատվոգրերն էին: «Դե գնա ու սրանց հետ դասադուլ արա, չէ, երեւի հետաձգենք»,- մտածում էին ակտիվիստները: Դասադուլի պատճառն էլ բուհական խորհուրդների կազմավորման նոր կարգն է, համաձայն որի` խորհուրդը կազմվում է 50 տոկոս ներսի եւ 50 տոկոս դրսի մարդկանցով: Պետական պաշտոնյաները պնդում են, որ բուհը պետական կառույց է եւ տիրոջ կարգավիճակով կարող է միջամտել բուհական գործընթացին: Իսկ բուհի աշխատակազմն ու ուսանողությունը համոզված են, որ «Այսօր բուհը միայն «պետական» բառով է պատկանում պետությանը, ու վերջ: Մեր ուսման վարձը պետությո՞ւնն է տալիս, շատ քչերինը միայն: Այդ մենք ենք պետությանը պահում, քանզի մեր ուսման վարձի մի մեծ տոկոսը մտնում է պետության գրպանը: Կամ ինչո՞ւ պետք է դրսի մարդը խառնվի բուհական գործերին: Տեսնում ենք, թե ովքեր են այսօր պաշտոն զբաղեցնողներն ու այսպես ասած՝ նշանավոր մարդիկ: Ամեն մեկը մի ոչ պարկեշտ մականուն ունի իր անվան հետեւից»,- ասում էին ուսանողները: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ եք նախօրոք մտածում, որ անպայման անգրագետներն են բուհ մտնելու, ակտիվիստ տղաներից մեկը պատասխանեց. «Տեսնում ենք` ով է Սերգո Երիցյանը, այդքանը հերիք է իր շրջապատի մասին կարծիք կազմելու համար»: Նախորդ շաբաթվա դասադուլը նույնպես ձախողվել էր, այս անգամ սպորտն ու սահմանադրությունը կապ չունեին, պարզապես միջանկյալ քննություններ կային: «Դասադուլ անպայման կկազմակերպվի, բայց դեռ չգիտենք` երբ»,- ասացին ուսանողները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բուհական խորհուրդների մասին ընդունած որոշումն անբեկանելի է եւ ոչ մի դասադուլ կամ նմանատիպ այլ ակցիա չի կարող խոչընդոտել կառավարության ընդունած որոշումը: Մեր այն հարցին, թե ի՞նչ կանեք, եթե ոչնչի չհասնեք, տղաներից մեկը՝ Արենը, պատասխանեց՝«կկրվենք»:

Իրականում այս ամենը մեծ ներկայացում է, որի գլխավոր հերոսները դասախոսներն ու ռեկտորներն են, որոնց ոչ թե խորհուրդների կազմավորումն է մտահոգում, այլ` իրենց դիրքն ու պաշտոնը: Սակայն նրանք գործում են կուլիսների ետեւում: Կոնկրետ ռեկտորները, որոնց մեծ մասը տարիքն առած է արդեն, պայքարում են իրենց պաշտոնի համար: Դասախոսները բողոքում են, որովհետեւ այդպես է պետք ղեկավարությանը: Իսկ ուսանողները բաժանվում են երկու մասի՝ «մասովկա», որ պետք է քանակ ապահովի դասադուլի ժամանակ, եւ «ակտիվիստներ», որոնք փորձում են իրենց լուսավոր ապագայի կերտումը սկսել հենց բուհից։