Սեպտեմբերի 15-ին Peoplemeter ընկերության (նախագահ` Նարեկ Մալյան) հրավերով Երեւան է ժամանելու գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայության դոկտոր, բազմաթիվ գրքերի հեղինակ Վազրիկ Բազիլը, ում ծառայություններից օգտվել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 45-ամյա Վազրիկ Բազիլը գլխավորում է Գերմանիայի Ճառ (speech) գրողների միությունը: 2003-2005թթ. նա աշխատել է Բունդեսթագում: Վազրիկ Բազիլը ՀՀ-ում հանդես է գալու մի շարք դասախոսություններով (նաեւ Գեւորգյան Ճեմարանում): Ի դեպ, 2007թ., երբ Վ. Բազիլն առաջին անգամ Հայաստանում էր, լրագրողների հետ հանդիպմանը նշել էր. «Հայերս ավանդապաշտ չենք, անցյալապաշտ ենք: Մեր հիմնական սխալն այն է, որ նույնացնում ենք անցյալն ու ավանդությունը: Ավանդապաշտ չէ անգամ Հայ Առաքելական եկեղեցին: Հայ եկեղեցին պիտի փորձի ճանաչել իր ավանդությունն ու վերարժեքավորել: Օրինակ, Հայ եկեղեցին վանականություն չունի, եւ դա զարմանալի է այնպիսի եկեղեցու համար, որի ակունքը դա է եղել: Վանական համալիր ունենալով է զարգանում եկեղեցին: Դա միայն մի կողմն է»: