ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ով հունվարի 20-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար (Նիկոլայ Առուստամյանի փոխարեն), մինչ փոխնախարար նշանակվելը դիմել էր ԱԳՆ, որպեսզի մասնակցի համապատասխան մրցույթի եւ առաջին կարգի մասնագետի կարգ ձեռք բերի (որն աշխատանքային ստաժ չի պահանջում): Սակայն որոշ ժամանակ անց նա hետ է վերցրել գործերը` առանց պատճառաբանության: Պարզվում է` դատաիրավական համակարգում Ա. Օրբելյանի ունեցած միակ փորձառությունը նրա կենսագրականում այն է, որ նա 2005թ. գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային իրավունքի ֆակուլտետը: 2008թ. պաշտպանել է «Ուժի գործադրումը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով թեկնածուական ատենախոսություն: Նա 2009-ից աշխատել է նաեւ «Concern-Dialog» իրավաբանական գրասենյակում` որպես գործընկեր, փոխտնօրեն, այնուհետեւ` գլխավոր իրավաբան: Ի դեպ, ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչպես է 28-ամյա Ա. Օրբելյանը հայտնվել այդ պաշտոնում, պետք է նշենք, որ նա նաեւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հիմնադրած «Լույս» հիմնադրամի «երիտասարդ փորձագետներից» է: Ինչ խոսք, խրախուսելի է երիտասարդ, լավ կրթություն ստացած կադրերին աշխատանքի տեղավորելը, բայց արդյոք երկրի Արդարադատության փոխնախարարը բավարար աշխատանքային եւ պրոֆեսիոնալ փորձ չպե՞տք է ունենա: