Տատիկին է՞լ եք դուք բռնաբարել

13/09/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մինչ հասարակությունը փորձում է ընկալել հերթական անոմալիկ իրադարձությունը, տեղի է ունենում հաջորդը: Ապա` հաջորդըգ

Վերջերս Վանաձորում, Չերկասի 3/30 հասցեում հայտնաբերվել էր 1951թ. ծնված Սամվել Ղազարյանի դիակը: Ընդ որում, վերջինս, ըստ դատաբժիշկների եզրակացության, մահացել էր տակավին 2005 թվականին: Այսինքն` իր տանը մահացած վիճակում «անց է կացրել» վեց տարի: Եվ եթե նրա դուստրը Ռուսաստանից չվերադառնար հարազատ քաղաք` հայրական տունը վաճառելու մտադրությամբ, Աստված գիտի, թե էլ ե՞րբ ինչ-որ մեկը կբացեր այդ բնակարանի դուռը եւ կհայտնաբերեր տարաբախտ այդ մարդու ոսկորները:

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենում եւս մեկ դեպք. 34-ամյա Ռոզա Ալոյանը խեղդամահ է անում իր 4-ամյա եւ 6-ամյա որդիներին: Զավակներին սպանելուց հետո մայրը ցանկանում է վերջ տալ նաեւ իր կյանքին, սակայն քաջությունն այդ պահին չի ներում: Նա ձերբակալված է, իսկ փոքրիկների սպանությունից ցնցված մարդիկ այդ կնոջ համար հորինում են բոլոր հնարավոր պատիժները:

Ապա ստացվում է հաջորդ շոկային լուրը` Ալավերդիում 22-ամյա երիտասարդը բռնաբարել է 82-ամյա տարեց կնոջը: Դրան հաջորդում է մյուս շոկը. պարզվում է` տատիկը կույս էր:

Եվ հանկարծ բոլորը սկսում են փնտրել հայաստանյան իրականությանը ոչ այնքան բնութագրական այս երեւույթների պատճառները: Փորձում են փնտրել մեղավորներին: Եվ ցույց տալով, թե երկար փնտրելուց հետո վերջապես գտել են, թվարկում են. մեղավոր են աղանդները, հարեւանները, բարեկամները: Ապա հանգում են ընդհանրական եզրակացության` ողբերգությունները տեղի են ունենում մեր բոլորի անտարբերության մեղքով: Կարճ ասած` այս պարագայում էլ մեղավորը հասարակությունն է: Խնդրեմ, բոլորս այնքան անտարբեր ենք, որ մարդն իր տանը կարող է մահանալ, ու հարեւաններն այդպես էլ վեց տարի գլխի չընկնեն: Այլ խնդիր է, որ անգամ հարազատ զավակներին տարիներ շարունակ չի հուզել` իրենց հայրը ո՞ղջ է, թե՞ ոչ այնքան:

Շատերն ավելի հեռուն գնացին եւ իր փոքրիկներին սպանած մոր վիճակի համար սկսեցին մեղադրել հնարավոր բոլոր կողմերին: Սակայն եզրակացությունն անհասկանալի ստացվեց` այս սպանությունների համար մեղավոր են բոլորը, այդ թվում` իրենք: Եվ եթերից սկսեցին հորդալ ինքնախարազանման տեքստեր: Վերջում ռեզյումեն էր` պատվիրան տասնմեկերորդ` ձեզ մեղավոր զգացեք կատարվող ամեն ինչի համար:

Թեեւ արժե նկատել, որ ամեն ինչի համար իրենց պատասխանատու համարողները չշտապեցին մեղքի իրենց բաժինը տեսնել նաեւ ալավերդցի տատիկի բռնաբարության դեպքում. 82-ամյա կնոջ բռնաբարության համար պատասխանատվությունն առայժմ ստանձնել է մեկ հոգի` միայն 22-ամյա երիտասարդը: Բայց այս դեպքում էլ տատի՛կը համաձայն չէ. նրա կարծիքով` հանցագործն ա՛յլ տղամարդ էրգ

Եթե բանակում կատարված ողբերգությունների համար հասարակությունն իրո՛ք կրում է պատասխանատվության իր բաժինը` յուրաքանչյուր դեպքից հետո թույլ հոգոց հանելով, որ զոհված զինծառայողն իր ընտանիքից չէր, ապա սոցիալական, կենցաղային հիմք ունեցող այս ողբերգությունների դեպքում հասարակության մեղքը փնտրելն այնքան էլ հիմնավոր չէ: Մեզնից յուրաքանչյուրն ունի խնդիրներ, որոնք լուծելու համար զբաղված է օրվա 24 ժամը: Մեզնից յուրաքանչյուրը, խոշոր հաշվով, միայնակ է իր խնդրի առաջ: Սակայն մեզնից յուրաքանչյուրը դարձյալ ժամանակ է գտնում նկատել հարեւանի, մերձավորի խնդիրը: Տեսե՛ք, մարդիկ ամբողջ ուժով դիմադրում են կատարվածին` մամուլում, սոցիալական ցանցերում նման միջադեպերին անմիջապես արձագանքում են գրեթե բոլորը:

Ավելի՛ն, հայերիս դեպքում միմյանց հանդեպ հետաքրքրությունը, իրար օգնելու ցանկությունը կրկնակի է: Պետությունը` որպես իր քաղաքացիների կյանքի, անվտանգության, արժանապատիվ կյանքի երաշխավոր, հանգստանում է: Երկրի ղեկավարներն իրենց առավել հանգիստ են զգում միրաժի դերում (թվում է` կան, բայց իրականում չկան): Եվ այս դեպքում մեզնից յուրաքանչյուրն իր միջավայրում, շրջապատում փորձում է մերձավորների հետ հարաբերություններում լրացնել պետության բացը: Անգամ իր վրա վերցնել պետության ֆունկցիան:

Վկան` սոցիալական ցանցերում, մամուլում ծանր հիվանդներին, սոցիալապես անապահով ընտանիքներին ձեռք մեկնելու մասին հրապարակումներին արձագանքն է. գրեթե բոլորը փորձում են ձեռք մեկնել, գոնե ցավել դիմացինի համար:

Բազմաբնակարան շենքերում, հատկապես գյուղերում բնակիչներն օգնում են իրենց կարիքավոր հարեւաններին` ով ինչպես եւ որքան կարող է: Պետությունը չի՞ հարգում իր քաղաքացիներին` երթուղայիններն աշխատեցնել այն քանակությամբ ու պարբերականությամբ, որ մարդկանց շարժը տեղից տեղ լինի քաղաքակիրթ: Երթուղային տաքսիներում մարդիկ միմյանց գրկում նստած` տեղ են առաջարկում անծանոթին:

Վանաձորի բնակչին, ով վեց տարի իր բնակարանում մահացած է մնացել, չի փնտրել պետական եւ ոչ մի կառույց, որը ճշտի` այդ մարդը որտե՞ղ է (իսկ դա պարզելը մեկից մեկ էր), ո՞ղջ է, թե՞ մեռած: Սակայն դժվար մեկը կասկածի` լիներ նա 18 տարեկանի մատույցներում, զինկոմիսարիատը նրան կփնտրեր ու կգտներ անգամ մյուս աշխարհում` բանակ զորակոչելու համար:

Եվրոպայում, Արեւմուտքում մարդիկ թվում են սառը, անտարբեր միմյանց հոգսերի հանդեպ: Սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուրը, որպես տվյալ պետության քաղաքացի, իրեն պաշտպանված է զգում: Գիտի, որ նույն արտոնություններն ու առավելություններն իր երկրում ունեն մյուս քաղաքացիները: Հետեւաբար, երեխա էլ չեն ունենում այն ակնկալիքով, որ վաղն իրենց ջուր տվող լինի: Իրենց ծնողը, երեխան, ամուսինը, կինը, բժիշկը, ուսուցիչը պետությունն է: Մեզ մոտ ճիշտ հակառակն է. իրեն հարգող յուրաքանչյուրը պետք է ընտանիքում համատեղի հոր, մոր, տատիկի, պապի, ընկերոջ, բժշկի, ուսուցչի, կրկնուսույցի եւ, ցանկալի է, նաեւ տեխնիկի դերը: Ու այսքանից հետո էլ դեռ պետք է իրեն պերմանենտ մեղավոր զգագ

Իսկ պետությանը մնում է հասցնել արձանագրել դժբախտ պատահարներն ու սպանությունները: Իսկ այդպես կարող է անգամ Գագիկ Շամշյանը: