Յոգուրտը եւ ՀՀ Սահմանադրությունը

14/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բայց ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր փորձից գիտի, որ եթե ասուլիսները երկար ու ձանձրալի են լինում, լրագրողները շատ շուտ հեռանում են: Դրա համար էլ այս թեման նա բերեց առաջին պլան: Եվ պատճառաբանվեց, իբր թե լրագրողներն իրենք էլ տիկին Հակոբյանից խնդրել էին, որ ռեպորտաժների համար շատ կարեւոր՝ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունը շուտ անի, որ այդ մասը արձանագրելու համար ստիպված չլինեն մինչեւ վերջ սպասել: «Գործող Սահմանադրության մեջ սպառողների իրավունքները պաշտպանող դրույթ չկար,- ասաց տիկին Հակոբյանը: -Նոր նախագծի մեջ մենք ունենք 31.1 հոդվածը, եւ դրա համար էլ այսօր այդ բարեփոխումներին «այո» ենք ասում»,- ասաց Մ. Հակոբյանը:

Սահմանադրության նոր նախագծի 31.1 հոդվածն ասում է. «Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ»: Մեր հարցին, թե այս դրույթը որքա՞ն է պարտավորեցնում սպառողների շահերը պաշտպանող պետական կառույցին՝ ՀՀ Որակի տեսչությանը, պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանն այսպես պատասխանեց. «Մենք միշտ էլ պարտավորված ենք կատարել մեր աշխատանքը, ուղղակի հիմա ավելի զգաստ կլինենք»:

Պրն Գյոզալյանը, սակայն, կոնկրետ չհիշեց, թե կաթնամթերքի, մասնավորապես` յոգուրտի, շուկայում չարաշահումների քանի դեպք են հայտնաբերել եւ կանխարգելիչ ինչ միջոցառումներ են իրականացրել, բայց հավատացրեց, որ այդպիսիք եղել են: «Սպառողների իրավունքները պաշտպանելիս մենք՝ հասարակական կազմակերպություններս, միայնակ ենք,- ասում է Մ. Հակոբյանը: -Բայց մենք էլ լծակներ չունենք համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Իսկ պետությունն այդ հարցում ոչինչ չի անում»:

«Մենք ստուգումներ ենք անցկացնում կոնկրետ մի ապրանքի շուկայում եւ եթե որեւէ մի խանութում հայտնաբերում ենք պարտադիր պահանջներին չհամապատասխանող խախտում, ասենք, ժամկետը անցած է լինում կամ ընդհանրապես նշված չի լինում, հայերեն մակնիշում չի լինում, նրանց նկատմամբ կիրառում ենք վարչական տույժ»,- ասում է պրն Գյոզալյանը:

Սպառողների իրավունքները պաշտպանող թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցներն էլ հորդորում են, որ ժամկետանց, առանց համապատասխան մակնիշումների ապրանք հայտնաբերելու դեպքում իրենց անպայման տեղյակ պահեն: Նրանք դժգոհում են, որ հայ սպառողը բողոքավոր չէ եւ ապրանք գնելիս չի կարդում, թե փաթեթի վրա ինչ է գրված: Մ. Հակոբյանը ցույց տվեց ներկրված ու ժամկետանց մի քանի տեսակի յոգուրտ եւ խորհուրդ տվեց գնել միայն «Աշտարակ-կաթի» արտադրանքը:

«Սա հենց այնպես չեմ ասում, մեր մասնագետներն ուսումնասիրել եւ պարզել են, որ այդ ընկերությունն իր յոգուրտը պատրաստում է իսկական կաթից,- Սահմանադրությանը «այո» քարոզելուց տիկին Հակոբյանը սահուն անցում կատարեց «Աշտարակ-կաթի» յոգուրտի գովազդին: -Մենք պարզել ենք, որ այս ներկրված յոգուրտների մեջ կա օսլա եւ արհեստական այլ հավելումներ: Մրգային համը նրանք ստացել են արհեստական փոշուց, եւ այս հավելումներն առողջության համար վնասակար են: Տեսեք, ոնց որ դոնդող լինի, օսլայից է, որ այսպիսի տեսք է ընդունել»:

Յոգուրտ ուտում են հիմնականում երեխաները: Իսկ երեխային հեշտ կշտացնելու ձեւ գտած մեր երիտասարդ մայրերից քչերն են հետաքրքրվում, թե ինչից եւ երբ է պատրաստվել գեղեցիկ զարդարված տուփերի միջի զանգվածը: «Չէ, չեմ նայում, առնելուց միշտ հարցնում եմ, վաճառողուհին ասում է, որ թարմ է, այսօր կամ երեկ են ստացել,- ասում է երկու տարեկան Արամիկի մայրը՝ Մոնիկան: -Իմ փիսիկը յոգուրտ շատ է սիրում, համարյա ամեն օր էլ առնում եմ»:

Տիկին Մոնիկային հարցրինք, թե ինքը տեղյա՞կ է արդյոք, որ սահմանադրության նոր նախագիծը սպառողի՝ իր իրավունքները պաշտպանող դրույթ ունի, եւ դրա համար պատրա՞ստ է կողմ քվեարկել. «Չգիտեմ, ճիշտն ասած` չեմ կարդացել,- զարմացավ նա: -Հնի մեջ չկա՞ր: Խի դրանով ի՞նչ պիտի լինի որ»:

Հաճախ, երբ հայտնաբերում ենք, որ տվյալ ապրանքը ժամկետանց է, կամ նշված չէ, թե ով եւ որտեղ է արտադրել, վաճառողուհիները, խիստ զարմացած, միշտ այսպես են պատասխանում. «Վայ, չեմ նկատել: Մեզ մոտ առաջին անգամ է այդպիսի դեպք հայտնաբերվում»:

Հայաստանում սպառվող յոգուրտի միայն 10-15 տոկոսն է տեղական արտադրության, մնացածը ներկրվում է: Իսկ յոգուրտի պահպանման ժամկետն ընդամենը 10 օր է, մինչդեռ մեր ներկրողները դժվար թե հասցնեն մեզ այդքան թարմ ապրանք մատակարարել:

Պահպանման ժամկետը երկարացնելու համար արտասահմանյան արտադրողները յոգուրտը ենթարկում են ջերմամշակման, ինչը, մասնագետների ասելով, անթույլատրելի է: Բացի այդ, ներկրված յոգուրտը բավական թանկ արժե. «Պետք չէ ժողովրդին մոլորեցնել,- ասում է տիկին Հակոբյանը: -Այդ մոլորության արդյունքը հիվանդությունն է»:

Իսկ տիկին Հակոբյանը վստա՞հ է, որ Սահմանադրության փոփոխություններին «այո» քարոզելով ժողովրդին չի մոլորեցնում: Եվ արդյո՞ք յոգուրտի թեման պատրվակ չէ, որպեսզի նա մեր մյուս գործիչների նման իր հավատարմությունը հայտնի իշխանություններին. «Չեմ կարծում, ուղղակի մեր ժամանակը քիչ էր, դրա համար էլ որոշեցինք այս երկու թեմաները միասին ներկայացնել»,- պատասխանեց Մ. Հակոբյանը: