Բուժիչ նամակներ

13/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ամրուկ դաշտային

Delphinium – կարգի բույսերը պատկանում են հրանուկազգիների ընտանիքին։ Դելֆինիումի մոտ 350 տեսակներ տարածված են Եվրասիայում, Աֆրիկայի արեւադարձային գոտու սարերում, Ամերիկայի աշխարհամասի հյուսիսային կիսագնդում գտնվող տարածքներում։ Առավել շատ են Չինաստանում (150), Ռուսաստանում եւ Ուկրաինայում (110)։

Անտիկ ժամանակաշրջանում բույսն օգտագործել են որպես ոջիլի դեմ պայքարելու միջոց, պահպանվել է Թեոֆրաստի առաջարկած դեղատոմսը։ Հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բույսի սերմը առաջարկվել է օգտագործել նույն նպատակով։ Բույսի հայերեն անվանումներից մեկը` «ոջլախոտ», համապատասխանում է բույսի սերմի նման կիրառմանը։

Ավելի ուշ ժամանակներում բույսի արմատից կամ խոտից պատրաստված թուրմով թրջոցներ են դրել կոտրված ոսկորների վրա, այդ պատճառով դելֆինիումի փոխարեն հաճախ օգտագործվում է «ամրուկ» գիտական տերմինը, որն ընդգրկում է իր մեջ նաեւ Aconitum խիստ թունավոր տեսակը։ Չեխովն իր «Սախալինի կղզի» գրքում նկարագրում է բազմաթիվ թունավորման դեպքեր ակոնիտից (ընձախոտ)։

Հին Հունաստանում ամրուկն անվանել են «Դելֆինիում», քանի որ բույսի չբացված կոկոնը եւ դրան կից մեկ հատ սնամեջ` եղջյուր հիշեցնող գունավոր բաժակատերեւիկը նման է դելֆինի գլխի։ Հայաստանում հանդիպում է Դելֆին արեւելյանը, որն իր տեսքով չի տարբերվում Ամրուկ դաշտայինից – Consolida regalis կամ D.Consolida։

Ամրուկների բոլոր տարատեսակները ինչ-որ չափով թունավոր են, իսկ ակոնիտը` խիստ թունավոր։ Դելֆինիումի տարբեր տեսակներ ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրությունների։ Դեռեւս 1819թ. D.staphisagnia տեսակից ստացել են դելֆինին, ավելի ուշ` դելֆիզին եւ այլ ալկալոիդներ։ Ինտենսիվ հետազոտությունների շնորհիվ տարբեր տեսակներում հայտնաբերվել են մոտ 3 տասնյակ տարբեր ալկալոիդներ։ Ուսումնասիրվել են նույնիսկ Թուրքմենիայի սարերում ավելի քան 3200 մ բարձրության վրա աճող` «Դելֆին-լեռնասարերը»։

Նման հետաքրքրություն էր առաջացրել այն հանգամանքը, որ ամրուկները կարճ ժամանակում ընդհատում են դեպի մկանները գնացող նյարդային ազդանշանները, որի հետեւանքով շնչառական օրգանները ենթարկվում են պարալիչի, եւ վրա է հասնում մահը։ Նման ազդեցություն ուներ Հարավային Ամերիկայի հնդիկների կողմից օգտագործվող կուրարե թույնը, որը քսում էին իրենց սառը զենքերին։

Կարեւոր է իմանալ, որ դելֆինիումի եւ ակոնիտի բնության մեջ հանդիպող բույսերի ծաղիկներում ծաղկահյութ է արտադրվում, որն, ինչպես եւ ծաղկափոշին, թունավոր է։ Մեղուները իրենց 6-րդ զգարայանի դրդմամբ կամ ինչ-որ բնազդով այս ծաղկահյութը վերամշակում են մեղրի, իսկ ծաղկափոշին մեղվահացի, հաշվի չառնելով, որ այն կարող է մահացու լինել իրենց համար։ Նկատվել են մեղուների թունավորման դեպքեր դելֆին բարձրի եւ դաշտայինի ծաղկափոշուց։

Պատմությունից հայտնի է, որ այսպիսի «հարբեցնող մեղրով» Հին Հայաստանում կանգնեցրել են թշնամու առաջխաղացումը։ Ք.ա. 5-րդ դարում հույն պատմագիր Քսենոֆոնը գրում է. «Հայաստանով անցնելիս տեսանք մեղվի բազմաթիվ փեթակներ, այն զինվորները, որոնք կերան այդ մեղրից, բոլորը խելակորույս դառան, շատ ուտողները ոտքի կանգնեցին 3-4 օրից»։

Ամրուկ դաշտայինը միամյա ձմեռող բույս է, ունի խորը գնացող արմատ եւ ուղղաձիգ հաստ, թույլ ճյուղավորվող ցողուն, մինչեւ 60 սմ բարձրությամբ, ծածկված է նոսր եւ գանգուր մազմզուկներով։

Ցողունի վրա հերթադիր եւ անկանոն դասավորված մատնաձեւ նեղ գծային տերեւների ծոցերից աճում են երկրորդային, ապա` երրորդային ճյուղերը։ Ծաղկաբույլը երկար հուրանաձեւ ողկույզ է։ Ծաղկակոթունները ջահանման են, մանուշակագույն ծաղիկներն ունեն հինգ անկանոն դասավորված ծաղկաթերթեր։ Ամրուկ դաշտայինի արմատներում եւ խոտում հայտնաբերվել են դելսոլին եւ դելկոզին, իսկ սերմերում` կոնսոլիդին, լիկոկտոնին, անտրանոիլլիկոկտոնին, դելսոնին ալկալոիդներ։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։ Բույսի տարբեր մասերում կա գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, մաննիտ կոչվող սպիրտ, դեղին եւ կապույտ (կեմպֆերոլ եւ անտոցիանային գլյուկոզիդ) ներկանյութեր, ֆլավոններ, դաբաղանյութ, կալիում, մագնիում, երկաթ, պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։

Մթերման համար հավաքեք բույսի վերին մասը, առանց կոշտ ցողունների, բողբոջած կամ ծաղկման սկզբում։ Ծաղկման շրջանում (հունիս-օգոստոս) ալկալոիդների պարունակությունը առավելագույնն է։ Նույն տեղից բույսը կարելի է հավաքել երկու տարուց ոչ շուտ։ Բույսը թունավոր է, հավաքելիս չի կարելի ձեռքը քսել դեմքին` հատկապես աչքերին։ Հումքը չորացրեք ծածկի տակ կամ 50 աստիճանի տակ ջեռոցում։ Թույլ մի տվեք, որ հումքն ամբողջովին չորանա, մանրացրեք, տեղավորեք թղթե պարկերի մեջ եւ պահեք օդափոխվող տեղում։ Չոր հումքը անհոտ է, այն պարունակում է 2-4 տոկոս ալկալոիդներ։ Պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբերին, սերմերը փռեք թղթի վրա եւ չորացրեք օդափոխվող տեղում 4-5 օր։ Ամրուկի ալկալոիդներից ստացվել են մի շարք դեղամիջոցներ, որոնց ազդեցությունը նման է կուրարե թույնին` «Էլատին», «Մելիկտին» դեղահաբերը, «Կոնդելֆին» դեղափոշին եւ հաբերը, «Դելսիմին» ամպուլաների մեջ։ Դեղամիջոցները նշանակում են ջղաբանական բնույթ ունեցող հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով տեղի է ունենում շարժողական ֆունկցիաների խանգարում, հատկապես` Պարկինսոնի հիվանդության, տրավմայի հետեւանքով առաջացած անդամալուծության եւ այլ դեպքերում։

Բույսի պատրաստուկներն ունեն նաեւ հակաբորբոքային, խորխաբեր, միզամուղ եւ հակամանրէ հատկություն։ Ժողովրդական բժշկությունը խոտի թուրմը օգտագործում է դեղնախտի, լյարդի մեծացման, աղեստամոքսային համակարգի, միզուղիների հիվանդությունների դեպքում։

Ամրուկ դաշտայինը հակացուցված է մկանաթուլության, լյարդի եւ երիկամների ոչ բավարար գործունեության դեպքում։ Բույսի կիրառումը` լինի դա արտաքին կամ ներքին, պետք է վերահսկվի բժշկի կողմից։

Դեղատոմսեր

Դեղնախտի, երիկամների, միզապարկի բորբոքման եւ կոնյուկտիվիդի դեպքում. 10 գրամ մանրացրած խոտին ավելացրեք 500 մլ զտված ջուր, կես ժամ եփեք թույլ կրակի վրա։ Քամեք, բաժանեք երեք մասի, խմեք ուտելուց 30 րոպե առաջ։ Եփուկի թրջոցը դրեք աչքերին։

Հիպոտոնիայի դեպքում. Բույսի տերեւները երկու շաբաթ թրմեք օղու մեջ (1։10)։ Քամեք, խմեք օրը 2-3 անգամ, 10-ական կաթիլ։ Բուժման ժամկետը` 10-15 օր։

Կոտրվածքից հետո` ապաքինման շրջանում. Ամրուկ դաշտայինի խոտը կամ չորացրած խոտի խաշուկը դրեք վնասված հատվածին։

Ետկոտրվածքային ցավեր. Խառնեք ամրուկ դաշտայինի մանրացրած սերմերը հալած ճարպայուղի հետ (1։10 չափաբաժնով)։ 10 օր թրմեք փակ տարայի մեջ, պարբերաբար խառնեք։ Շփեք քսուքը ցավոտ մասերին։

Որպես որդաթափ միջոց` կլոր որդերի դեմ. Խառնեք ամրուկ դաշտայինի խոտը, մեղվամուշկի (Tanacetum) ծաղիկները (2։1) եւ երկու ժամը մեկ թրմեք 300 մլ եռջրի մեջ։ Խմեք 50-100 մլ, օրը 3-6 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 3 օր։

Օգտակար խորհուրդ

Ամրուկ դաշտայինի թուրմը լավ միջոց է վնասատուների դեմ պայքարելու համար, հումքը (արմատը, վերգետնյա մասը) 2 օր թրմեք ջրի մեջ (1։10)։ Քամեք եւ անմիջապես մշակեք ծառերը։