Երեկ կայացավ ՀԱԿ-ի այդքան գովազդված հանրահավաքը` առաջինը` իշխանությունների հետ սկսված եւ առկախված երկխոսությունից հետո: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սովորության համաձայն, հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանություններին` այս անգամ մինչեւ սեպտեմբերի 23-ը: Երեկվա հանրահավաքի ամենասենսացիոն իրադարձությունը, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որը, որպես «հակասությունների հավաքածու», կարելի է ընդգրկել դասագրքերում: Նախ` հանրահավաքն ընդհանրապես, եւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը` մասնավորապես` կառուցված էր «Wikileaks»-ի հրապարակումների վրա: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները մեջբերում էին «Wikileaks»-ի այն հրապարակումը, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնը խոսում է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների մասին: «2008թ. նախագահական ընտրությունների օրինականությունը լուրջ կասկածի տակ դնող մի նորահայտ փաստ էլ տեղ է գտել «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերից մեկում` Ջ. Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ով թվագրված զեկուցագրում… ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գնահատականներով, 2008թ. նախագահական ընտրություններում ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30-35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Իսկ թե ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունը, այս բանն իմանալով հանդերձ, թիկունք կանգնել չընտրված նախագահին եւ, դրան զուգահեռ, ժողովրդավարության դասեր տվել մեզ, դա արդեն ուրիշ հարց է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: Սակայն երեկ որեւէ մեկը չի անդրադարձել նույն «Wikileaks»-ի կողմից հրապարակված այն փաստաթղթերին, որտեղ ԱՄՆ նույն դիվանագետները տարբեր գնահատականներ են տալիս Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա մերձավորների վերաբերյալ: Մասնավորապես` այն մասին, թե ինչպես է Լ. Տեր-Պետրոսյանը հորդորել ԱՄՆ-ին չկորցնել պահը եւ կազմակերպել ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթի ստորագրումն ու հայ-թուրքական հարաբերություններում բեկում մտցնել` իր կողմից աջակցություն խոստանալով նույն «չընտրված» Ս. Սարգսյանին: Այսինքն` իրականում «Wikileaks»-ի փաստաթղթերը Լ. Տեր-Պետրոսյանն օգտագործել է այն գործելակերպով, ինչում մեղադրում է Արեւմուտքին. որպես «վերին ատյանի ճշմարտություն» ներկայացնելով իրենց շահեկան տեղեկությունները` իրենց ոչ ձեռնտու հատվածներին ընդհանրապես չի անդրադառնում` դրանց պատասխանելով իրեն բնորոշ ոճով: «… Եվ այսպիսի բարոյականության տեր մարդիկ են (նկատի ունի Արեւմուտքին.- խմբ), ահա, որ իրենց բարձրագույն դիրքից մեզ պիտի ժողովրդավարություն եւ օրինապահություն սովորեցնեն»: Երեկվա հանրահավաքում հնչած եւս մեկ սկզբունքային հակասություն վերաբերում է Մարտի 1-ին: Մասնավորապես նախօրեին ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը (որում համաներումը, երկխոսությունը, 2008թ. դեպքերի քննությանը նոր թափ հաղորդելու պատրաստակամությունը (սրանք բոլորը ՀԱԿ-ի պահանջներն էին) գնահատվում է որպես Մարտի 1-ի էջը փակված համարելու հիմք), որակվել է որպես «Դավիթ Հարությունյանի եւ Պրեսկոտի գրած նախագիծ»: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Լ. Տեր-Պետրոսյանն ինքն էր հայտարարում, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը «անսահմանորեն բարձրացրեց Հայաստանի վարկը», եւ ՀԱԿ պատվիրակները նույն Դ. Հարությունյանի գլխավորած խմբի հետ ժամերով երկխոսում ու լսում էին նրանց «իրավահավասար հակափաստարկները»: Ինչ վերաբերում է առաջիկային, ապա ՀԱԿ-ի մարտավարությունն արդեն նմանվում է հայտնի « մոժետ զավտրա, մոժետ պոսլեզավտրա» արտահայտությանը: Հայտարարելով «զանգվածային միջոցառումները նոր թափով սկսելու» մասին, երեկ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին երկարաձգեց «վերջնաժամկետը»` մինչեւ սեպտեմբերի 23-ը` նշելով, որ երկխոսությունը կարող է շարունակվել միայն Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու դեպքում: «Չի լինի քաղբանտարկյալ, կլինի երկխոսություն, կլինի քաղբանտարկյալ` չի լինի երկխոսություն եւ չի լինի երբեք, թող ուրիշ հարիֆ գտնեն»: Փաստորեն, ստացվում է, որ կամ մինչեւ հիմա էր ՀԱԿ-ը հանդես գալիս «հարիֆի» դերում, որում այլեւս չի ուզում լինել, կամ էլ ապագայի համար իշխանություններին հասկացնում է, որ պայմանավորվածությունները չխախտեն կամ «չքցեն»: Ի դեպ, երեկվա ելույթի ֆոնին «հարիֆ չկա» արտահայտությունը շատ տեղին է. դա միակ արձագանքն է, որ հանրահավաքի մասնակիցները կարող են ուղղել Լ. Տեր-Պետրոսյանին: