Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որն ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից: Այդ մասին տարածվել է ընդամենը շատ սեղմ պաշտոնական հաղորդագրություն: «Իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին` համատեղ աշխատանքի համար, եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Կ. Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Ս. Սարգսյանին` անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար»: Այս հաղորդագրությունից մի քանի ժամ անց Ս. Սարգսյանը ստորագրել է մի կարգադրություն, որով նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվում են աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա: Ինքը` Կ. Կարապետյանը, որեւէ կերպ չի մեկնաբանել իր անսպասելի հրաժարականը: Փոխարենը, երեկ կատարվածի վերաբերյալ ամենատարբեր վարկածներ եւ մեկնաբանություններ էին շրջանառվում էլեկտրոնային մամուլում եւ քաղաքական կուլիսներում: Այդ վարկածներից մեկի համաձայն, Կ. Կարապետյանը առաջիկայում նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ դրանով է պայմանավորված երեկվա հրաժարականը: Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում մամուլում, չնայած այն բանին, որ նրա աշխատակազմը բազմիցս է դա հերքել: Ըստ լավատեղյակ աղբյուրների,Կ. Կարապետյանը հրաժարական է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ եւ առաջիկայում ոչ միայն վարչապետի, այլեւ գործադիր իշխանության որեւէ պաշտոնում չի ցանկանում նշանակվել: Ավելին, մեր տեղեկություններով` նրան մի քանի պաշտոններ են առաջարկվել, որոնցից, սակայն, նա հրաժարվել է: Ի դեպ, Կ. Կարապետյանի` վարչապետ նշանակվելու լուրերի շրջանառությունը երեկ որոշակի շրջանակներում պայմանավորում էին գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի անձով: Մասնավորապես, տարբեր միջավայրերում Տ. Սարգսյանը դժգոհել է Կ. Կարապետյանից` նրան իր հիմնական մրցակից համարելով: Անկախ ամեն ինչից, Կ. Կարապետյանի հրաժարականը կանդրադառնա առաջիկա ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` իշխանական համակարգում ուժերի վերադասավորման վրա: Բացի նախագահի աշխատակազմի ղեկավարը լինելուց, Կ. Կարապետյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, ՀՀԿ Տնտեսագիտական հանձնաժողովի նախագահն է եւ կոորդինացնում է ՀՀԿ մարզային կառույցների աշխատանքը: