«Հայաստանում այսօր ունենք երկարաժամկետ ցածր գնաճ»: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Կարելի է գնաճի նկատմամբ ունենալ տարբեր գնահատականներ, ասենք` ցածր գնաճ համարել մինչեւ 1%-ը, սակայն այդ չափանիշը կիրառելու դեպքում մենք աշխարհում ցածր գնաճ ունեցող երկիր չենք ունենա»,- ասել է նախարարը։ Համադրելով Հայաստանի` տարբեր տարիներին ունեցած գնաճային ցուցանիշները` Վ.Գաբրիելյանը նշել է, որ 2000-2010թ.-ին Հայաստանում միջին գնաճը եղել է 3%-ի շրջանակներում, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ իրապես համաշխարհային բոլոր չափանիշներով ցածր գնաճ է եղել: «Մի շարք տնտեսագիտական հիմնավոր պատճառներով, աշխարհի բոլոր երկրներում զրո տոկոսանոց գնաճի մակարդակ չի թիրախավորվում»,- ասել է Վ.Գաբրիելյանը՝ որպես օրինակ նշելով, որ Եվրոպական կենտրոնական բանկը մշտապես թիրախավորել է 2%-անոց գնաճ, Մեծ Բրիտանիան` 2-3%: Ըստ նրա` մի շարք բնական պատճառներով երբեւէ 1 տոկոսանոց գնաճն օպտիմալ չի եղել տնտեսական աճի եւ իրական եկամուտների բարձրացման համար: «Բնականաբար, 2009-2010 թթ.-ին մենք ունեցել ենք բարձր գնաճ, որի հետեւանքով մեր գնաճային ֆոնը վերջին երկու տարիներին բարձրացել է, սակայն այս տարի արդեն գնաճը վերադառնում է կառավարելիության տիրույթ եւ, դա հաշվի առնելով, գլոբալ առումով մենք կարող ենք ասել, որ իրապես Հայաստանում առկա է երկարաժամկետ ցածր գնաճային ֆոն»,- նշել է Վ.Գաբրիելյանը։ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ խոսել է նաեւ այն մանրամասն վերլուծության մասին, որը ՀՀ Ֆինանսների նախարարությունն անցկացրել է ՀՀ արտաքին պարտքի կայունության վերաբերյալ։ Նա նշել է, որ հարցի առնչությամբ նախարարությունը կազմակերպել է լայն քննարկումներ հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչների հետ, իսկ դրանց արդյունքները շուտով կհրապարակվեն նախարարության կայքում: «Մանրամասն վերլուծություն ենք կատարել. մի քանի` թե միջազգային, թե ակադեմիական կազմակերպությունների կողմից կիրառվող մոդելներով գնահատել ենք պարտքի կայունությունը: Թեեւ ցույց տալով, որ կան որոշակի խնդիրներ պարտքի հետ կապված` նշել ենք, որ այն ամբողջովին արդյունավետ կերպով կառավարվում է»,- ասել է Վ.Գաբրիելյանը: Ինչ վերաբերում է հարեւան երկրների հետ համեմատություններին, ապա, ըստ նախարարի, էական տարբերություններ կան արտարժութային եկամուտների, արտաքին հաշվեկշռի մեջ: «Նույն Ադրբեջանում արտաքին հաշվեկշիռը դրական է նավթի պատճառով: Եթե Հայաստանի եւ Վրաստանի տարբերություններին ենք նայում, շատ թվեր համահունչ են»,- ընդգծել է ֆինանսների նախարարը: Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական աճը մոտավորապես համադրելի է, սակայն Վրաստանում ավելի մեծ են քաղաքական ռիսկի գործոնները, ընդհանուր պարտքային բեռը թե պետական ֆինանսների տեսակետից, թե մասնավոր հատվածի արտաքին պարտքային բեռի: «Հայաստանում մասնավոր հատվածի պարտքային բեռն էապես ավելի թեթեւ է, քան Վրաստանում»,- ասել է նախարարը: