Լեզվի խնդիրը Ղարաբաղում

14/11/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայտնի է, որ խորհրդային տարիներին արցախցիները հիմնականում խոսում էին ռուսերեն եւ, բնականաբար, բոլոր հիմնարկներում գործավարությունն իրականացվում էր նույն լեզվով: Հետպատերազմյան ժամանակաշրջանում այստեղ աստիճանաբար սկսվեց հայերեն լեզվին անցնելու գործընթացը: Եթե նախկինում Ստեփանակերտի 10 դպրոցներից 3-4-ը եղել է ռուսական, ապա հիմա գործող 12 դպրոցից ոչ մեկն էլ ռուսական չէ: Ներկայումս Ստեփանակերտում գործում է ռուսական մեկ մասնավոր դպրոց, իսկ պետական միջոցներով` մեկ դասարան մայրաքաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում, որտեղ հիմնականում սովորում են այլազգիներ: ԼՂ-ում «Լեզվի մասին» օրենքն ընդունվել է 1996թ., իսկ Լեզվի տեսչությունը ստեղծվել է 2005թ. հունվարին: Վերջերս Ղարաբաղի ժուռնալիստների միության կողմից կազմակերպված հերթական կլոր սեղանը, որին մասնակցում էին Լեզվի տեսչության պետ Լեռնիկ Հակոբյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Արպատ Ավանեսյանը, Վահրամ Աթանեսյանը, նվիրված էր լեզվի խնդիրներին: Լեզվի տեսչության պետը նշեց, որ տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում իրականացվել են մի շարք վերահսկողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Լ. Հակոբյանի խոսքերով, կան նույնիսկ այնպիսի նախարարություններ, որտեղ մինչեւ հիմա գործավարությունն իրականացվում է ռուսերեն լեզվով: Եղել են նաեւ օրինախախտումների այնպիսի դեպքեր, որ Տեսչությունը ստիպված է եղել դիմել դատարան: Տուգանքների չափը տատանվում է 50-300 հազար դրամի սահմաններում: Լրագրողի հարցին, թե արդյոք տուգանվածների թվում կա՞ն պետական պաշտոնյաներ, նա պատասխանեց, որ վերջիններիս կողմից չեն կատարվել օրենքի այնպիսի կոպիտ խախտումներ, որոնց համար անհրաժեշտ լիներ տուգանել: «Եղել են դեպքեր, որ որոշ պաշտոնյաների խանութների ցուցանակներին կամ վահանակներին բառերը հայերեն չէին գրված, բայց մեր զգուշացումից հետո նրանք շտկել են այդ թերությունները: Հարկ է նկատել նաեւ, որ կան այնպիսի բարեգործներ, որոնք նախազգուշացումից հետո դեռեւս շարունակում են խախտել օրենքը: Փաստի առնչությամբ մոտակա ժամանակներում պատրաստվում ենք դիմել դատարան»,- ասաց Լ. Հակոբյանը:

Քննարկումների ընթացքում ներկաներն անդրադարձան գործող օրենքների հակասություններին: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ «Լեզվի մասին օրենքում» հստակ ամրագրված է, որ պետական բոլոր պաշտոնյաները պետք է տիրապետեն հայերենին, իսկ օրինակ` «Կառավարության մասին» օրենքում չկա այնպիսի դրույթ, ըստ որի, նախարարը կամ մեկ այլ պաշտոնյա պարտավոր է տիրապետել պետական լեզվին: Ներկաներից ոմանք ցավով խոստովանեցին, որ լեզվին չտիրապետող պաշտոնյաներ շատ կան Ղարաբաղում: Ամփոփելով քննարկումը, ներկաները եկան այն եզրակացության, որ «Լեզվի մասին» օրենքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, որը նախօրոք պետք է քննարկվի շահագրգիռ մարմինների եւ համապատասխան մասնագետների շրջանում: