ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել Արարատ քաղաքում տեղի ունեցած մանկասպանության վերաբերյալ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ.Ալոյանի` Արարատում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների` 6-ամյա Վարդան Ալոյանի եւ 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել: Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին եւ ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք` նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես` հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է` կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Ռ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին` ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը: Ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին` եւ նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաեւ սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ: Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր` Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: