Հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ 2012թ. փետրվարին Երեւանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում: Ժյուրիի նախագահն է լինելու ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Սոս Սարգսյանը: Ժյուրիի անդամներն են՝ արվեստաբան՝ Հենրիկ Հովհաննիսյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը, ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, արվեստաբան Նարեկ Թովմասյանը, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Այս նախագիծն իրականացվելու է «Orange Արմենիա» ընկերության շնորհիվ: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը չունի պետական ֆինանսավորում: Գ. Գեւորգյանին բացահայտ ոգեւորել էր ասուլիսին ներկա լրագրողների քանակը: «Կարծում եմ, որ հետաքրքրությունը հայ կինոյի հանդեպ մեծացել է: Սա առաջին դեպքը չէ, երբ կինոյին վերաբերող ասուլիսներն այսպես բուռն են անցնում: Բոլոր մեր լրատվամիջոցները հետաքրքրված են հայ կինոյի ճակատագրով: Դա խոսում է այն մասին, որ այսօր հայ կինոն որոշակիորեն վերելք է ապրում»,- նշեց նա: Զարմանալի է, որ լրագրողների քանակից կարելի է ենթադրել, թե հայկական կինոյի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, եւ որ հայ կինոն վերելք է ապրում: «Հայկական կինոն զարգացնելու, տարածելու, միջազգային ճանաչում ձեռք բերելու համար, մենք փորձում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները, եւ այդ շրջանակներում կազմակերպվում են փառատոներ, ֆիլմերի ցուցադրություններ…Մենք որոշեցինք եւս մեկ նախաձեռնություն իրականացնել՝ նախաձեռնելով Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Դա եւս մեկ քայլ է հայկական կինոմշակույթի զարգացման հարցում՝ մեր կինոն հանդիսատեսին ավելի հասանելի դարձնելու համար: Այս նախաձեռնությունն իրականացնելով, մենք փորձելու ենք ապացուցել, որ Հայաստանում կարելի է իրականացնել ազնիվ մրցանակաբաշխություն»,- ասաց Գ. Գեւորգյանը: Ի դեպ, ազնվության մասին: Երեկ հարց հնչեց այն մասին, թե ի՞նչ է արվում, որպեսզի կասկածի տակ չդրվի նրանց կողմից կատարված լավագույնների ընտրությունը:
«Փորձել ենք ժյուրիի կազմում հավաքել մարդկանց, ովքեր չեն տրվի էմոցիաների կամ բարեկամական սկզբունքներով չեն առաջնորդվի: Այն հանգամանքը, որ անգամ կազմակերպիչները ներկայացված չեն ժյուրիի կազմում, պետք է որ խոսի այն մասին, որ մենք չենք ցանկանում որեւէ կերպ ազդել ժյուրիի որոշման վրա»,- ասաց Գ.Գեւորգյանը: Ժամանակին լուրեր էին տարածվել, որ ազգային կինոյի մրցանակաբաշխությունը կոչվելու է «Պեպո»: Այս թեմայի շուրջ Գ. Գեւորգյանն ասաց. «Քննարկվել են մի քանի անուններ՝ «Պեպո», «Անահիտ»…Շատ անուններ են քննարկվել, բայց մենք որոշել ենք անունը դեռ չորոշել»,- ասաց Գ. Գեւորգյանը:
Նշվեց նաեւ, որ նախապես հայտարարվելու է մրցանակաբաշխության մրցանակի էսքիզի մրցույթ, որի հաղթողը կստանա 370.000 դրամ: Այն պետք է խորհրդանշի կինոն եւ Հայաստանը: Հարցին, թե ի՞նչ գումարային մրցանակ է սպասվում մրցանակաբաշխության հաղթողներին՝ տարբեր անվանակարգերում դեռեւս հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ «ոչ մի կոպեկ»: «Հաղթող ֆիլմին առայժմ հանձնելու ենք միայն մրցանակ-արձանիկը,- ասաց Գ.Գեւորգյանը, եւ ավելացրեց,- Վերջնական պայմանավորվածություն դեռ չունենք: Մենք դեռ կմտածենք՝ միայն արձանի՞կ հանձնել, թե՞ գումարային պարգեւատրում եւս սահմանել»: