«ՀԱԿ-ի համար լավագույն տարբերակը կլինի երկխոսության շարունակությունը, բայց ՀԱԿ-ը պետք է կարողանա պահպանել իր արժանապատվությունը` կապված այդ երիտասարդի հետ»,- երեկ հայտարարել է ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով ՀԱԿ երեկվա հանրահավաքի մասին: «Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այսօր ունակ է էապես սրելու իրավիճակը»,- ասել է նա` ավելացնելով, թե իշխանափոխություն իրականացնելու համար այսօր չկա ժողովրդի այն ոգեւորությունը, որը կար 2008թ.: Ա. Մելիքյանի համոզմամբ` իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է արտաքին աջակցություն, ինչն այս պայմաններում չի կարող լինել, քանի որ «Սերժ Սարգսյանը միջազգային ասպարեզում էլ է լավ դիրքեր ապահովել»: «ՀԱԿ-ի դիրքերը թույլ են հատկապես այն պատճառով, որ Ղարաբաղի մասին նրա դիրքորոշումները շատ չեն տարբերվում գործող իշխանության մոտեցումներից»,- հայտարարել է նա: Նաեւ հավելել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Արեւմուտքում իսկապես սիրված քաղաքական գործիչ է` անկախ նրանից, ինչ է «Վիկիլիքսը» բացահայտում»: Սակայն նրա կարծիքով` անգամ այս հանգամանքը չօգնեց ՀԱԿ-ին` արտաքին աշխարհից աջակցություն ստանալու գործում: «Միգուցե ՀԱԿ-ի առաջնորդը սեփական խոսքը փոխելուց է վախենում»,- ասել է նա: