Բուժիչ նամակներ

10/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մագնիոլիա – Magnoliaceae

Կղբազգիները երկիր մոլորակի հնագույն բույսերից են։ Պեղումների միջոցով հայտնաբերվել են բույսի 20-90 միլիոն տարվա հետքեր։ Բնության մեջ հանդիպում է Հարավ-արեւելյան Ասիայում, Ճապոնիայում, Կունաշիր կղզում, ԱՄՆ-ի հարավ-արեւելքում։ Հարավային կիսագնդում հանդիպում է Բրազիլիայում, Մալայան կղզիներում։

Կղբազգիները կարող են ունենալ թփի, լիանայի, բարձր ծառի տեսք։

Հյուսիսային կիսագնդում կղբազգիների մնացորդներ հայտնաբերվել են Վոլգա, Դոն եւ Ուրալ գետերի ջրային ավազաններում, Սախալին կղզում։

Կղբազգիները, ինչպես եւ այլ ծածկասերմ բույսեր, կարեւորագույն դեր են կատարել ծաղկի զարգացման պատմական, էվոլյուցիոն գործընթացում։

Այդ բույսերի փոշոտումը հիմնականում կատարվել է քամու միջոցով։ Ընտանիքի Magnolia անվանումը տրվել է Պիեռ Մանիոլի պատվին 1703 թվականին։ 1753 թվականին Կարլ Լիննեյը օգտագործել է այս անվանումը «Species plantarum» գրքում։ Առավել հայտնի են M. Denudata, M.Obovata չինական եւ ճապոնական կղբիները։ ԱՄՆ-ի արեւելյան մասում աճում է Liriodendron tulipifera-վարդակակաչի ծառը, որի նարնջականաչավուն ծաղիկները ունեն նմանություն վարդակակաչի հետ։

M. Grandiflora- կղբի խոշորածաղիկի հայրենիքը ԱՄՆ-ի հարավ-արեւելյան շրջաններն են։ Մշակության մեջ է 1734 թվականից։ Աճում է ճահճոտ անտառներում, գետերի ափերին։ Բույսը խոնավասեր է։ Միսիսիպի գետի շրջակայքում հանդիպում են 30 մ բարձրության, 130 սմ բնի տրամագիծ ունեցող ծառեր, բրգաձեւ սաղարթախիտ է։ Տերեւները խոշոր են, հարթ եւ կաշվեպատ, 12-25 սմ երկարությամբ 4-12 սմ լայնքով։ Տերեւի երեւացող արտաքին երեսը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն։ Ծաղիկները միայնակ են, խոշոր, վերնամասը` կաթնագույն, սուր, շշմեցնող հոտով։ Ծաղիկների տրամագիծը հասնում է մինչեւ 25 սմ։ Ծաղկապատյանի տերեւները կարող են լինել 6, 9 կամ 12 հատ` ձվաձեւ կամ օվալ, 7,5-10 սմ երկարությամբ, 2-5 սմ լայնքով։ Ծաղկման շրջանի վերջում բազմաթիվ վարսանդները վերաճում են պտղի, որոնք սերտաճած են ծաղկի երկար առանցքին։ Ծաղկի վարսանդիկը երկարավուն է` նստած ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում գտնվում է սերմնարանը։ Առէջքները գազարագույն են, դասավորված են վարսանդի շուրջը։

Բույսի ծաղիկներից, տերեւից, մատղաշ ճյուղերից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։

Բնափայտը ունի յուրահատուկ, ոչ սովորական կառուցվածք, այն շատ արժեքավոր է, օգտագործվում է կահույք պատրաստելու համար։ Կան երկրներ, որոնք արտահանում են այն։ Կղբի խոշորածաղիկը մշակվում է Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում, այլ վայրերում։

Կղբի խոշորածաղիկը, բացի եթերային յուղից (0,6 տոկոս), պարունակում է նաեւ ֆենոլ (մոտ 3 տոկոս), կարբոնիլային միացություններ (4 տոկոս), գլյուկոզիդներ, ցինեոլ, ցիտրալ։ Պտուղները հարուստ են ճարպով (մինչեւ 42 տոկոս)։ Ծաղիկները պարունակում են եթերային յուղ ( 0,16 տոկոս)։ Բնի կեղեւի հաստությունը 1-2 սմ է, այն պարունակում է մագնոֆլորին։

Կղբի խոշորածաղիկը թունավոր բույս է։ Պետք է խստորեն պահպանել դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները։ Բույսը հնուց կիրառվել է Արեւելքի ժողովրդական բժշկության մեջ։ Չինացիներն օգտագործում են բույսի կեղեւը մկանաթուլության, կոլիտի եւ ստամոքսաբորբի դեպքում։

Հին ժամանակներից ընդունված է եղել լվանալ գլուխը կղբի տերեւների թուրմով` մազաթափության դեպքում։ Բույսի տերեւների թուրմն ունի արտահայտված, հիպոտենզիվ հատկություն, այն խորհուրդ է տրվում հիպերտոնիա հիվանդության առաջին եւ երկրորդ փուլերում։

Դեղատոմսեր

Հիպերտոնիայի դեպքում. Կուղբ խոշորածաղիկից պատրաստում են հատուկ հեղուկամզվածք, այն վաճառվում է դեղատներում։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 3 անգամ, չորս շաբաթ անց ընդմիջեք 2 ամիս։

Այս միջոցը, ինչպես նաեւ սպիտակ ճագոմի թուրմը (1 ճ/գ` օրը 3 անգամ), կատվախոտի ոգեթուրմը (20-30 կաթիլ` 3 անգամ), առյուծագու թուրմը (100 մլ` 3 անգամ) խորհուրդ է տրվում որպես լրացուցիչ բուժում։

Ստենոկարդիայի դեպքում. 200 գ կուղբ խոշորածաղկի տերեւին ավելացրեք 200 մլ զտված ջուր։ Եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա (անջատեք կրակը), ավելացրեք 100 մլ 96 տոկոսանոց բժշկական սպիրտ, 1 շաբաթ թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Ընդունեք 15-20 կաթիլ ուտելու ընթացքում, օրը 3 անգամ։ Թուրմը նվազեցնում է ցավերը ստենոկարդիայի դեպքում։

Միաստենիա.

– Փոշիացրեք կուղբի ճյուղերի կեղեւը, տաքացրեք ձիթապտղի յուղը, 50 մլ ձեթին խառնեք 10 գ փոշի, քսեք ցավոտ հատվածին, քնելուց 1-2 ժամ առաջ։

– 1 գ չոր մանրացրած կեղեւը 8 ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ։ Քամեք թանզիֆով. խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Ստամոքսաբորբի դեպքում. Խառնեք 1-ական թեյի գդալ չոր, մանրացրած տուղտի արմատը եւ կուղբ խոշորածաղկի կեղեւը (տուղտի արմատը չեռացնել)։ Հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք, խմեք երկուական թ/գ, 60-90 րոպե ընդմիջումներով, գոլ վիճակում։