Բուքմեյքերները տխուր են

08/09/2011

Մեր տեղեկություններով, ՀՀ ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Հայաստանում ուրախացրել է բոլորին, բացի տեղական շուկայում գործող բուքմեյքերական ընկերություններից։ Բանն այն է, որ բուքմեյքերները ի սկզբանե չէին հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին եւ գնահատել էին այն մոտ 8 գործակցով։ Սպասվածին հակառակ, մեծ թվով հայաստանցի ֆուտբոլասերներ, առաջնորդվելով թերեւս ոչ այնքան մասնագիտական կարծիքներով, այլ զգացմունքներով, խաղադրույքներ են կատարել Հայաստանի օգտին։ Խաղադրույքների մեծ հոսքը ստիպել է, որ գործակիցն իջնի, խաղի մեկնարկից առաջ ՀՀ հաղթանակի գործակիցը գնահատվում էր արդեն 6 գործակցով։ Սակայն անգամ գործակցի նվազելուց հետո մեծ գումարների խաղադրույքներ են եղել։ Արդյունքում, ֆուտբոլասերները շահել են թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես։