Իր մրցունակությամբ Հայաստանի տնտեսությունը աշխարհի 142 երկրների շարքում զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։ Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից երեկ հրապարակված Մրցունակության համաշխարհային զեկույցում։ Թեեւ Հայաստանը նախորդ տարվա համեմատ 8 կետով բարելավել է վարկանիշը, սակայն շարունակում է իր մրցունակությամբ զիջել տարածաշրջանի իր բոլոր հարեւաններին, հատկապես Ադրբեջանին։ Ամենավատ դիրքերը Հայաստանը զբաղեցրել է տեղական մրցակցության ուժգնության չափանիշով (139-րդ տեղ), հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ (138-րդ տեղ), եւ շուկայում գերիշխող խմբերի առկայությամբ (133-րդ տեղ)։ Ավելացնենք, որ զեկույցի համաձայն, աշխարհի ամենամրցունակ երկիր ճանաչվել է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան եւ ԱՄՆ-ը։