Լոս-Անջելեսում ընթացող «WTA» թենիսի մրցաշարում երեկվա կենտրոնական հանդիպումը Մարիա Շարապովայի եւ Լինդսի Դեւենպորտի մրցավեճն էր։ Նշենք, որ Դեւենպորտը ներկայումս աշխարհի առաջին ռակետն է, իսկ Շարապովան ուժեղագույնների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ռուս թենիսիստուհին վերջերս է ապաքինվել վնասվածքից, սակայն մրցաշարի առաջին իսկ խաղից, երբ նա պարտության մատնեց Պետտի Շնայդերին, պարզ դարձավ, որ Շարապովան կրկին ձեռք է բերել իր լավագույն մարզավիճակը։ Իսկ պայքարը, ինչպես եւ սպասվում էր, համառ ստացվեց։ Առաջին սեթում Շարապովան առավելության հասավ 6-3 հաշվով։ Երկրորդում Դեւենպորտը վերադարձրեց պարտքը եւ 7-5 հաշվով սեթն ավարտեց իր օգտին։ Երրորդ վճռորոշ սեթն իր դրամատիզմով գերազանցում էր նախորդ երկուսին, եւ Շարապովան ավելի մարտունակ գտնվեց՝ հաղթանակ տանելով 6-4 հաշվով։
Ռուսաստանցի մյուս երկու թենիսիստուհիներն անհաջող են հանդես եկել։ Շնայդերն առավելության է հասել Պետրովայի նկատմամբ (0-6, 7-5, 4-6), իսկ Ամելի Մորեսմոն երկու սեթում պարտության է մատնել Ելենա Դեմենտեւային (6-2, 6-3): Այսպիսով, խմբում առաջին տեղը զբաղեցնում է Շարապովան։ Երկրորդ տեղում Դեւենպորտն է, իսկ լավագույն եռյակը ներկա պահին եզրափակում է Շնայդերը։