«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, սեպտեմբերի 9-ի միտինգի հետ կապված հարցերը, մեր հետագա գործողությունների ծրագիրը, երկխոսության վերաբերյալ մեր դիրքորոշումները: Որոշել ենք, որ գնում ենք մեծ զանգվածային միջոցառումների հաճախակիացմանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով վաղվա հանրահավաքին եւ հետագա անելիքներին: Վերջին օրերին իշխանական շրջանակում կարծիքներ են շրջանառվում, թե հնարավոր է, որ մինչեւ հանրահավաքը ազատ արձակվի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում կալանավորման պատճառով երկխոսությունն առկախվեց: «Ես ուզում եմ իմ մեջ մտածել, բայց բոլոր դեպքերում գրեթե կասկած չունեմ, որ վաղը չէ մյուս օրը ասվի, որ քննությունն ավարտված է, ու զգան, որ Տ.Առաքելյանի վրա ոչ մի մեղք չկա: Էլ ինչ իշխանություն, որ նման դեպքի գերի դառնա»,- ավելացրել է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: