Առաջին անգամ

08/09/2011

«Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, եւ մենք համամիտ ենք այն հարցում, որ այս հիմնախնդիրն այլընտրանք չունի, միայն բանակցության միջոցով, միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի խնդրի կարգավորումը»,- երեկ Երեւանում Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆիլիպ Լեֆորը ԼՂ հակամարտության խնդրի մասին խոսելով` նշել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում են, եւ Մինսկի խումբը հիմնարար առաքելություն ունի այս հարցում: «Եվրամիությունն այս բանակցային գործընթացում ցանկանում է ֆակուլտատիվ, լրացուցիչ աջակցություն ցուցաբերել»,- ասել է նա` ավելացնելով, թե Եվրամիությունը, որ ունի համապատասխան մեխանիզմներ եւ փորձառություն նման կոնֆլիկտների լուծման հարցում, ցանկանում է խաղաղության հասնելու հարցում աջակցել թե Ադրբեջանին, թե Հայաստանին, որոնց երկուսին էլ «համարում է այս հակամարտության խաղաղ զոհեր»: «ԵՄ մերձեցման ամենակարճ ուղին հակամարտությունների կարգավորումն է»,- ասել է նա: Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է, թե հույս ունի, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները սկսելու մանդատը կտրվի մինչ այս տարի Վարշավայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» համաժողովը: Նալբանդյանը նշել է, որ երեկվա հանդիպման ժամանակ Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք լավ զարգացում են ստացել վերջին տարիներին, անդրադարձել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, Հայաստան-ԵՄ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցություններին: Ըստ նրա, «խորը, համապարփակ առեւտրի ստեղծում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, որի ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում»: Երեկ Ֆիլիպ Լեֆորին ընդունել է նաեւ նախագահ Ս. Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում: