«Wikileaks» կայքի հրապարակումները ոչ միայն մտահոգություններ են առաջացրել Հայաստանի քաղաքական վերնախավում, այլ նույնիսկ հպարտության տեղիք տվել:
Տարեսկզբից պարբերաբար մամուլ նետված ամերիկյան դիվանագիտական այդ նամակագրության մեջ բավականին դրական է ներկայացվել «Ժառանգություն» կուսակցությունը: Նախ` այդ կուսակցության անդամների հետ խոսակցությունների մասին գրեթե հրապարակում չկա: Իսկ այլ գործիչների հետ խոսակցությունների ժամանական ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն իրենց դրական կարծիքն են հայտնել այդ ուժի վերաբերյալ: Կամ այնպես են արտահայտվել, որ կուսակցությունը ներկայացվել է որպես բավականին անկախ եւ դրական վարկանիշ ունեցող կառույց: Որ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին բարձր վարկանիշ ունի, եւ խորհրդարան է անցել ինքնուրույն ուժերով: Հիշեցնենք, որ 2003թ. ընտրություններից հետո, երբ նորաստեղծ «Ժառանգությունը» խորհրդարանում հայտնեց, շատերը համոզված էին, որ այդ քաղաքական ուժը ամերիկյան պրոյեկտ է, եւ դրանով է պայմանավորված նրա հաջողությունը: Նույնիսկ ասում էին, թե «Ժառանգության» համար նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամերիկահայ գործարար, «Լինսի» հիմնադրամը ֆինանսավորող Քըրք Քըրքորյանն է զանգահարել: Եվ հիմա, երբ «Wikileaks»-ը հրապարակում է ամերիկյան դիվանագետների հետ ՀՀ տարբեր քաղաքական գործիչների խոսակցությունները, որոնք հիմնականում բացասական հետեւանք են թողել եւ խառնաշփոթ առաջացրել Հայաստանի գրեթե ողջ քաղաքական էլիտայի շրջանում, նորից կարծիքներ են շրջանառվում, թե «Ժառանգությունը» դուրս է մնացել այդ հարվածների շարքից` «ամերիկյան հետքի» շնորհիվ: Այդ հրապարակումների դեպքում իրենց նկատմամբ դրական տրամադրվածության հանգամանքը ընդունում է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Եվ տպավորություն է ստեղծվել, թե այդ կուսակցության անդամները ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ քաղաքական ոչ մի ուժի կամ գործչի մասին չեն խոսել, կամ նրանց նույնիսկ նման հարց չի տրվել: «Պիտի հաստատեմ, որ «Ժառանգության» դեմ որեւէ նյութ չկա: Ի՞նչ պիտի լինի: «Ժառանգության» անդամները հայ-թուրքական, ժողովրդավարության կամ այլ հարցերի հետ կապված իրենց տեսակետներն ինչպես հայտնել եւ հիմնավորել են հանրության առաջ, նույն բանը կրկնել ենք դիվանագետների հետ հանդիպման ընթացքում: Մեր խնդիրները դրել ենք դիվանագետների սեղանին, պայքարել ենք մեր տեսակետների համար, հետեւաբար որեւէ փաստ չկա: Մենք նրանց չենք փորձել տեքստեր ուղարկել, չենք փորձել նրանց համաձայնությամբ գործել: Այսինքն` որեւէ բան մենք նրանց հետ ոչ համաձայնեցրել ենք, ոչ պարտավորված ենք եղել, դրա համար մեր շփումները եղել են կոռեկտության սահմաններում: Եղել են հանդիպումներ, դրանք ընկալել ենք` որպես շատ նորմալ, միմյանց դիրքերը հասկանալու նպատակ հետապնդող հանդիպումներ: Ոչ դանոսով ենք զբաղվել, ոչ որեւէ մեկի ոտքի տակը փորել ենք, ոչ էլ որեւէ մեկից բամբասել ենք: Վիկիլիքսյան հրապարակումներում անգամ չկա մի հայտարարություն, մի տեսակետ, որը մենք հայտնած չլինենք հրապարակավ: Հետեւաբար` այս առումով խիղճներս հանգիստ է, գլուխներս` բարձր եւ ճակատներս` պարզ»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան պրոյեկտ լինելու մասին խոսակցություններին, Ս.Սաֆարյանը դրանք զազրախոսություն է համարում: «Այնքան են անցել պարկեշտության սահմանները, որ անգամ դիվանագետների մոտ են թույլ տվել սեփական ընդդիմախոսի հասցեին զազրախոսել: Բայց ստացել են գրավոր պատասխան, որ մենք այդ կուսակցության հետ կապ չունենք եւ չենք ուղղորդում: Հիմա պարզվեց, թե ովքեր են վազում դեսպանատուն, ովքեր են գլուխները դեմ տալիս դեսպանատան աշխատակիցների դոշին ու բամբասում, զրպարտում, դանոս իրականացնում: Շատ ցավ ապրեցի ես այդ թղթերը կարդալիս, որովհետեւ այն տպավորությունն էր, որ իրենք մեր հարցերը լուծելու համար ուղղակի տղա են բերում»,- ավելացրեց նա:
Հ.Գ. Ի դեպ, վերջերս լրացել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու 10 տարին: