Պտտվիր, պտտվիր կարուսել

08/09/2011

«Ընդդիմություն-իշխանություն երկխոսության առկախումից հետո Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների»,- երեկ Լոռու մարզում ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը: «Այլ ուղի գոյություն չունի, որով հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն իրավիճակից եւ կանգնեցնել օրեցօր ավելի խորացող քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամը»,- ասել է նա: «Իսկապես մենք շատ էինք ուզում, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվեր: Կարեւորագույն պատճառը, որ մեզ պետք էր եւ մինչեւ հիմա էլ շատ պետք է` այնուամենայնիվ, իշխանություններից ստանալ պաշտոնական պատասխան մինչեւ սեպտեմբերին նշած մեր ժամկետը լրանալը. պատրա՞ստ են արդյոք նրանք գնալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ: Ցավոք սրտի, պաշտոնական պատասխան մենք չունենք, որովհետեւ մենք առկախեցինք երկխոսությունը», – հայտարարել է Շահնազարյանը` հերթական անգամ ավելացնելով, որն եթե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, ՀԱԿ-ը պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն` մինչեւ հիմա չի պահանջում: