ԱՄՆ Կառավարությունը մոտ 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրել Հայաստանի դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով: Օժանդակության մասին փաստաթուղթը երեկ ստորագրել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Փաստաթուղթը, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի Կառավարությունների միջեւ կնքված` թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխությանը: Ծրագրերը կնպաստեն «Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին»: Դրամական օժանդակության գումարի շրջանակում կիրականացվեն նաեւ մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցության, քրեափորձագիտական ինստիտուտի զարգացման, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի փողերի լվացման դեմ ուղղված կարողությունների զարգացման, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի, Փի-Էյչ Ինթերնեյշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման եւ Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագրեր: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն նշել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը հպարտ է աշխատել Հայաստանի իրենց գործընկերների հետ` ձեւավորելու համար մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել ազատ ու արժանապատիվ կյանքով, առանց վախենալու հանցավորությունից ու վստահ, որ պաշտպանված է օրենքի իշխանությամբ»: