Ինչո՞ւ է լռում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

08/09/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան դեպքը դեռ ամբողջովին չբացահայտված` երեկ վաղ առավոտյան հերթական մահվան ելքով միջադեպը գրանցվեց ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերից մեկում: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Վասիլի Մկրտչյանը:

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ տղան մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Առհասարակ «Եղնիկներ» կոչվող զորամասում (որը հայտնի է իր կրիմինալ համբավով), արդեն որերորդ նման դեպքն է գրանցվում: Անցյալ տարի «Youtube»-ում շրջանառության մեջ դրվեց մի տեսանյութ, որտեղ «Եղնիկներ» զորամասի` մինչեւ գոտկատեղը մերկ սպան նվաստացնում էր շարքային զինծառայողներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում, հայհոյում, հարվածում, ստորացնում: Դաժան այդ դեպքը մեծ աղմուկ առաջացրեց հասարակության շրջանում: «Եղնիկներ» զորամասի սպա Սասուն Գալստյանը մայորի կոչում ուներ եւ գումարտակի հրամանատարի տեղակալն էր. նա դատապարտվեց «Պաշտոնազանցության» հոդվածով:

Մինչ այդ, մամուլում հրապարակումներ եղան Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցող դաժանությունների մասին. հեղինակները` դարձյալ սպաներն էին: Նշվեց, որ այդ ամենը տեղի էր ունենում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գիտությամբ եւ նրա որդու անմիջական մասնակցությամբ: Վերջինս այս զորամասում գնդի հրամանատար էր եղել, այնուհետեւ` բանակային 4-րդ կորպուսում իր ազդեցությամբ երկրորդ մարդն էր` որպես «նայող»: Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անունը կրող այդ զորամասում սպաները զինվորներին ամենադաժան կտտանքների էին ենթարկում: Հրամանատարներից Վարդան Մարտիրոսյանը` «Ռոժ» մականունով, զինվորի ուսադիրները պոկելով` գետնին էր գցում եւ երիկամներին ու մեջքին ոտքով հարվածում` հրամայելով համբուրել իր կոշիկները: Իր այդ հրամանին չենթարկվող զինվորի գլխին կոշիկի կրունկով ուժեղ հարվածներ էր հասցնում: Զինվորի դեմքին «Ռոժի» կրունկի հետքերն էին: Այնքան էին հարվածել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողացել ուղիղ կանգնել: Զինվորներին շարում էր, ծնկների վրա կանգնեցնում, սպայի գոտիով հարվածում նրանց դեմքերին: Այնպես, որ բոլորի քթից արյուն էր հոսում:

Մամուլում տեղ գտած այս հրապարակումներից հետո Ռազմական ոստիկանության աշխատակիցները այցելել էին Վ. Սարգսյանի անվան զորամաս` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել էր, որ, բացի վերոնշյալ դեպքերից, այդ զորամասի «Ռոժ» մականունով հրամանատարը` Վարդան Մարտիրոսյանն ու կրտսեր Խաչատուրովը նաեւ դրամահավաքությամբ են զբաղվել: Նրանք «նալոգ» էին սահմանել` պայմանագրային ծառայողներին ստիպելով վճարել 10-15 հազարական դրամ: Այնուհետեւ այդ «ստավկաները» բարձրացրել էին` մինչեւ 300.000 դրամի: Ստորադաս զինվորականներին ստիպել էին, որպեսզի իրենց համար «Ակբա» բանկից 300.000 դրամից մինչեւ 1,5 միլիոն դրամ վարկ վերցնեն` խաբելով, թե իրենք կմարեն վարկերը: Զինվորները, ի վիճակի չլինելով մարել այդ վարկերը, լուրջ խնդիրների առջեւ էին կանգնել: «Ռոժի» ու Խաչատուրովի որդու` Գրիշայի մասին ԶԼՄ-ները պատմում էին, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում նրանք «12 եղբայրներ» (կամ` «12 ախպերներ») անունով թայֆա-«բրատվա» են ձեւավորել:

Պարզվում է` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին սպայական թողարկումն արդեն իսկ վարակված է եղել քրեական ավանդույթներով: Դեռեւս 90-ականներին ապագա սպաներն առնչվում էին տխրահռչակ` իրենց «12 եղբայրներ» կոչող խմբի հետ: Այդ խումբը ակադեմիայում սովորելու տարիներին բազմաթիվ անգամներ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Ներքին «ռազբորկաներ», ծեծ, նվաստացումներ, դրամահավաք… «12 եղբայրների» գործունեության շրջանակը բավական լայն է եղել եւ նրանք տոտալ, ոչ ֆորմալ վերահսկողություն են իրականացրել ակադեմիայում: Հետագայում, սպայական կոչում ստանալուց հետո, այդ խմբի անդամները պաշտոններ ստանալով` իրենց գործունեությունը սկսեցին ծավալել ՀՀ եւ ԼՂՀ տարբեր զորամասերում: «Եղնիկներ» զորամասի հրամանատար Համլետ Սեւոյանը, Արարատի զորամասի հռչակավոր «Ռոժը», Խաչատուրովի որդի Գրիշա Խաչատուրովը այդ «12 եղբայրներից» երեքն են եղել: Այս խմբի հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների` դարձյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովն է:

Հունիսի 24-ին Կապանում կայացած Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ այս իմաստով ուշագրավ միջադեպ էր տեղի ունեցել: ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել էր ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին` նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», խիստ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Պատմում են, որ Խաչատուրովը Կոստանյանին նաեւ ասել է. «Որպեսզի դատես սպային, ինքդ պետք է սպա լինես»: Խաչատուրովի այս մեղադրանքը դահլիճում ներկա սպաների մի մասը ողջունել էր բուռն ծափահարություններով, ինչից հետո Գ. Կոստանյանը հակադարձել էր Խաչատուրովին եւ ծափահարողներին` թվարկելով քրեածին այն սպաների անունները, ովքեր վայելում են Յու. Խաչատուրովի հովանավորությունը:

Պատահական չէր, որ «Եղնիկներ» զորամասում օրերս սպանված ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի դեպքի մասին անդրադառնալիս ՀՀ զինդատախազի առջեւ հարց տրվեց` թե այդ գործի շրջանակներում արդյոք զորամասի հրամանատարական կազմը պատասխանատվության կենթարկվի՞: Այս ասուլիսից ժամեր անց ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ Ա. Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով եւս երկու սպաներ են ձերբակալվել:

Նախօրեին իրավապաշտպան հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարություն էին տարածել, որում արտահայտում էին բանակում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, դաժան դեպքերի` սպանությունների մասին: «Միայն 2008-2011թթ. ընթացքում Զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ. ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ: Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն:… Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրան հետեւող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի եւ բնակչության լայն զանգվածների բարոյալքման: … Անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների եւ արդարադատության կառույցների կողմից»:

Ո՞վ` ինչի՞ համար է պատասխանատու

Բնականաբար, բանակում այսօր տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, դաժան եւ մահվան ելք ունեցող դեպքերի համար պատասխանատու են բոլորը` սկսած ՀՀ ՊՆ նախարարից` մինչեւ շարքային սպան: Սակայն կա նաեւ խնդրի իրավական-օրենսդրական կողմը, որը վերջին շրջանի քննարկումներում երկրորդական պլան է մղվել: Բանն այն է, որ «ՀՀ Պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն` փոխվել է զինված ուժերի կառավարման համակարգը: Ըստ այդ օրենքի, որն ընդունվել է 2008թ., հստակ տարանջատվում են ՀՀ նախագահի, կառավարության, պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի լիազորությունները բանակի կառավարման հարցում: Մասնավորապես` հստակ տարանջատվում են պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Ըստ օրենքի` պաշտպանության նախարարը պետք է լինի ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական եւ քաղաքական անձ ու ներկայացնի իշխող քաղաքական ուժը կամ կոալիցիան: Իսկ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի պաշտոնը երկրի զինվորական բարձրագույն պաշտոնն է: Նույն օրենքի համաձայն` բանակի վրա քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար Պաշտպանության նախարարությունում պետք է հիմնականում աշխատեն քաղաքացիական անձինք եւ ոչ թե զինվորականներ: Այլ կերպ ասած, բանակը պետք է դառնա ապաքաղաքական կառույց եւ իրականացնի քաղաքացիական վերահսկողություն: Այսինքն` ըստ օրենքի, Բանակի զորակազմի անմիջական կառավարման գործում զգալի է ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի` տվյալ դեպքում` Սեյրան Օհանյանի, այլ նաեւ հենց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի` տվյալ դեպքում` Յուրի Խաչատուրովի դերը: Ի պաշտոնե հենց նա պետք է պատասխանատվություն կրի բանակում տիրող իրավիճակի, ողբերգական միջադեպերի համար: Բանակի անձնակազմի, այդ թվում` բուժանձնակազմի, կարգապահության, անձնակազմի տեղաշարժի` նշանակումների հետ կապված հարցերում գլխավոր պատասխանատուն այսօր Խաչատուրովն է` Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետը, ով, ինչպես նշեցինք, երկրի զինվորական բարձրագույն պաշտոնյան է:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել ոչ միայն բանակում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, դաժան դեպքերի, սպանությունների, ԶՈՒ պետի եւ սպայակազմի գործունեության, այլեւ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի միջեւ լարված հարաբերությունների մասին: Նախարարությունը թեեւ մշտապես արձագանքել է մամուլի հրապարակումներին, սակայն առ այսօր Յուրի Խաչատուրովը որեւէ մեկնաբանություն չի տվել հասարակությանը հուզող հարցերի` բանակում տիրող իրավիճակի (մասնավորապես` ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում), իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Այնինչ, ինչպես արդեն նշեցինք, ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուներից առաջնայինը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, ով, սակայն, երբեւէ հրապարակային պատասխանատվություն չի կրել եւ որեւէ մեկնաբանություն-պարզաբանում չի տվել: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը նաեւ վերջին օրերին հայկական բանակում իրար հաջորդող սպանությունների դեպքերի առնչությամբ: Նա, ինչպես միշտ, շարունակում է լռություն պահպանել, այնինչ հասարակությունն այսօր ավելի շատ հենց նրա պարզաբանումներին ու բացատրություններին է սպասում: Երեկ երեկոյան Յու. Խաչատուրովն, այնուամենայնիվ, խոստացել է այս հարցերի վերաբերյալ հարցազրույց տալ մեր թերթին, որը կտպագրենք թերթի հաջորդ համարում: