Պաննետայի հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ այն հարցին, թե արդյո՞ք «Արաբական գարունը» կտարածվի ոչ արաբական Իրանի վրա, Պենտագոնի ղեկավար Լեոն Պաննետան դրական է պատասխանել: «Որպես ապացույց` Իրանի վերջին ընտրությունների ժամանակ մենք տեսել ենք, որ երկրի ներսում շարժում է ընթանում, որը առաջ է քաշում նույն հարցերը, որոնք մյուս երկրներում դարձան հեղափոխության պատճառ: Ես կարծում եմ, որ Իրանում բարեփոխումներն ու հեղափոխությունը միայն ժամանակի հարց են»,- ըստ «Ռոյթերսի»` ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Պաննետայի խոսքով` Իսլամական Հանրապետությունում ընդդիմադիր շարժումը շատ բան է վերցրել Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցած հեղափոխական շարժումներից: Նա նաեւ նշել է, որ չափազանց կարեւոր է պաշտպանել իրանցի հեղափոխականների ջանքերը: Հիշեցնենք, 2011թ. սկզբին զանգվածային ժողովրդական ելույթների հետեւանքով Թունիսում եւ Եգիպտոսում հեղափոխություններ տեղի ունեցան: Լիբիայում ցույցերը վերածվեցին քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում տապալվեց Մուամար Կադաֆիի վարչակարգը: Սիրիայում հակակառավարական ժողովրդական ցույցերը դեռեւս շարունակվում են: