«Wikileaks» կայքում հրապարակված փաստաթղթերից մեկում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները անդրադարձել են Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը, դեռեւս 2010 թվականի հունվարին գրելով, որՀԱԿ-ը փլուզման եզրին է: «Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է» խորագրով Պետդեպարտամենտ ուղարկված հաղորդագրության մեջ ամերիկացի դիվանագետները գրել են, որ 2009-ի վերջին – 2010-ի սկզբին ՀԱկ-ը բախվել է մի շարք լուրջ խնդիրների. «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»,- գրել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները: Նույն աղբյուրները մատնանշելով` նրանք պնդել են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ փնտրել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները: «Ազգայնականորեն տրամադրված ՀԱԿ-ի անդամների մի մասը կտրականապես համաձայն չէ այն մտեցումներին, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը: Խոսքը, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին է: Ընդդիմադիր դաշինքի ազգայնական անդամները դժգոհ են այն աջակցությունից, որ այս խնդիրներում նախագահ Սարգսյանին ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը», – գրել են ամերիկացի դիվանագետները` որպես թիվ մեկ դժգոհ ուժ նշելով Հնչակյան կուսակցության անդամներին: ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:
ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին դժգոհել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս: Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին` ամերիկացի դիվանագետներն արձանագրել են, որ այն գործարարները, որոնք նախկինում ֆինանսավորում էին ընդդիմությանը` հույս ունենալով, թե այն ի վերջո իշխանության կգա, 2009-ի վերջին – 2010-ի սկզբին դադարել էին դա անել: «Տեղեկություններ կան, որ այդ գործարարների թվում է նաեւ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը»,- նշված է հաղորդագրությունում: Ամփոփելով հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրել են. «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»: