Անկախության միֆերը

08/09/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոբելյանները, որոշակի իմաստով, անցածը ի մի բերելու առիթ են: Արժեր, որ հայ մշակութաբաններն ու ազգագրագետները վերլուծեին բոլոր այն միֆերն ու լեգենդները, որ մենք հյուսել ենք անկախության քսան տարում: Դրանց գիտական վերլուծությունը մեր ազգային ինքնագիտակցությունը բոլորովին այլ մակարդակի կբարձրացներ: Մենք մեզ ավելի լավ կճանաչեինք: Զարգացման ավելի հստակ ու, որ ամենակարեւորն է, իրագործելի ծրագրեր կկազմեինք: Բայց ազգիս գիտական միտքը, կարծես, հոբելյանական առիթը բաց թողեց: Այլապես առիթ կունենայինք դիտարկել, թե ինչ առաջընթաց արձանագրեցինք միֆեր ու տեսլականներ հորինելու գործընթացում: Անկախության հենց սկզբին մենք բավական նաիվ պատկերացումներ ունեինք, թե ինչով ու ինչպես ենք ներկայանալու համաշխարհային շուկայում: Ինչով ենք վաստակելու մեր հացը: Անկախության առաջին միֆերն իրենց պարզունակության պատճառով լուրջ վերլուծության կարիք չունեն: Սկզբում մենք մտածում էինք, որ երկիրը պահելու ենք հանքային ջուր ծախելով: Հետո հորինեցինք արաբական երկրներին պարզ` խմելու ջուր վաճառելու լեգենդը: Հաջորդը պղնձամոլիբդենային հումքի հերթն էր: Այսինքն` սկզբում ենթադրում էինք, որ հնարավոր է ապրել առանց աշխատելու` երկրի բնական ռեսուրսները վաճառելու հաշվին: Այս միֆերի հորինմանը զուգընթաց` քայքայվում էր երկրի արդյունաբերական համակարգը: Հետո հասկացանք, որ նախ` մեր երկիրը բավարար չափով բնական ռեսուրսներ չունի, որոնց արտահանումով կարելի է կերակրվել: Ապա գլխի ընկանք, որ բնական ռեսուրսներով հարուստ շատ երկրներ, միեւնույն է, չեն կարողանում դառնալ հզոր ու բարեկեցիկ: Օրինակ, Ռուսաստանը, որի վերջին մի քանի հարյուր տարվա պատմությունը ռեսուրս վաճառելու եւ առաջընթացի ետեւից մի կերպ քարշ գալու պատմություն է: Ուստի Հայաստանում նավթի հանքահորեր փնտրելու բոլոր ծրագրերը 1988-90թթ. հետո հասարակության կողմից լուրջ չեն ընդունվում: Ավելին, մենք արդեն գիտենք` հենց իշխանությունները խոսում են նավթի հետախուզական ծրագրերի մասին, ուրեմն երկրում կամ տնտեսական ճգնաժամ է, կամ` քաղաքական: Կամ` երկուսը միասին: Բայց առաջին էտապի միֆերն էականորեն տարբերվում են նախորդներից: Դրանք բոլորը հասարակական մասշտաբներ ունեին: Այսօր դժվար է գտնել, թե ով կամ ովքեր էին ջուր-մոլիբդեն վաճառելու ծրագրերի հեղինակները: Բոլորն էին այդ ծրագրերը բերնեբերան տարածում։ 1995թ. հետո ստեղծված միֆերն իրենց մասշտաբներով հասարակական չեն: Լայն հասարակությունը դրանց արդեն չէր հավատում: Հետեւաբար, դրանք արդի մոդայիկ հայերենով ասած` «էլիտար միֆեր» են: Որովհետեւ հեղինակները իշխանության այս կամ այն օղակի ղեկավարներ էին եւ են: 90-ականների երկրորդ կեսին ծնվեց Հայաստանը տարածաշրջանային բանկային կենտրոն դարձնելու ծրագիրը: Ստեղծվեց ու մոռացվեց: Թվում էր, թե ընդմիշտ: Որովհետեւ ոչ մի երկրում էլ լայն հասարակությունը բանկային գործից գլուխ չի հանում: Բայց առանձին ու խիստ գրագետ բանկիրներ հիշում էին այս ծրագիրը: Մի երկու-երեք տարի առաջ դեռեւս նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակեց դրա մոդիֆիկացված տարբերակը: Նրա առաջարկած ծրագիրն ավելի համեստ էր եւ ենթադրում էր ոչ թե ողջ երկիրը, այլ միայն Դիլիջան քաղաքը վերածել ֆինանսական կենտրոնի: Մեր վարչապետի ծրագիրն իրոք ավելի համեստ էր, բայց նույնքան անիրագործելի: Որքան նախորդը: Բայց ծրագիր հորինելը փառահեղ զբաղմունք է: Զբաղմունք, որի համն առած մարդը դրանից չի հրաժարվի: ՀՀ վարչապետի ու կառավարության ծրագրերի դեմն առնելն անհնար էր: Ծնվեց Գյումրին տեխնոպարկ դարձնելու միֆը: Անցած 22 տարում երկրաշարժից հետո դեռ չվերականգնված քաղաքը տեխնոպարկի վերածելու ծրագիրը որքան անիրական, նույնքան էլ վարակիչ դուրս եկավ: Ռուսահայ գործարարներից Ռուբեն Վարդանյանը հղացավ Դիլիջանը կրթական կենտրոն դարձնելու ծրագիրը: Բայց հասարակությունն այս ծրագրերին արդեն լուրջ չէր մոտենում: Այլապես կհիշեր, որ կրթական դիլիջանյան ծրագիրն էլ իր նախատիպը ուներ: Հինգ-վեց տարի առաջ մեր կառավարությունը Գլաձորի համալսարանը վերականգնելու մտադրություն ուներ: Նորավանքի կիրճում ենթադրվում էր համալսարանական բնակավայր կառուցել եւ ալամ աշխարհի հայ գիտնականներին հրավիրել կրթելու հայ պարմանիներին ու պարմանուհիներին:

Մեր գիտական ներուժը եւս առասպելական ընկալում ուներ: Ազգային զարթոնքի տարիներից ինչ ասես չհնարեցինք: Էլ գրավիտացիայի ուժով աշխատող էլեկտրակայան, էլ Ֆերմիի հավասարման լուծում, էլ այլմոլորակայինների հետ համագործակցություն: Բայց ավանդույթը չի ընդհատվել: Վերջերս նույնիսկ մի հայ գիտնական լրագրողներին իր հեղինակած հավերժական շարժիչը ներկայացրեց: Մի սարք, որի կառուցման փորձերից համաշխարհային գիտությունը, կարծեմ, 17-րդ դարի կեսերից է ձեռք քաշել: Առանձնահատուկ միֆ էր նաեւ ՁԻԱՀ-

ՍՊԻԴ-ի բալասանը, որին քնքշորեն «Արմենիկում» անվանեցինք: Հետո խայտառակ եղանք ու մոռացության տվինք: Ով կմտածեր, որ ժամանակակից գիտությունը թանկ հաճույք է: Որ` աղքատիկ լաբորատորիայում համաշխարհային բալասաններ չեն սինթեզվում: Բայց այս բարդ` ֆինանսա-գիտա-տեխնոպարկային միֆերի կողքին վերջին տարիներին նաեւ պարզագույն ծրագրեր էին ծնվում: Ասենք` համաշխարհային շուկան այծի պանիրով ու ծիծակի թթվով հեղեղելու միֆերը: Հիմա ոչ ոք չի հիշում, որ այս վերջին ծրագրերի հեղինակը պետության առաջին դեմքն է: Իսկական առաջնորդը այ այսպիսի պարզ ու հասկանալի ծրագրերի պիտի հեղինակի: Թե չէ մյուսները ինովացիոն, տեխնոպարկային, ֆինանսաբանկային ինչքան անհասկանալի տերմին գիտեն` օգտագործում են: Օգտագործում են` իրենց միֆական ծրագրերին ավելի խորհրդավոր ու հմայիչ տեսք տալու համար: Մեր կառավարությունն անիրագործելի ծրագրերի հարցում ավելի առաջ գնացած կլիներ, եթե ստիպված չլիներ ծախսել իր թանկագին ժամանակն այլ բաների վրա: Օրինակ, մի երկու-երեք ամիս առաջ կառավարության ողջ բանական ներուժը ուղղորդվել էր Ֆորբսի մասնագետների գնահատականների սխալականությունն ապացուցելու շնորհակալ գործին: Երեկ էլ «Մրցունակության համաշխարհային զեկույցն» է հրապարակվել: Ոսումնասիրված 142 երկրից Հայաստանը 92-րդ տեղն է զբաղեցնում: Հիմա մեր կառավարությունը բան ու գործ թողած` այս ուսումնասիրությունն է հերքելու: Բայց կարող էր, չէ՞, նոր ծրագիր հորինելով զբաղվել: