Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Կովալենկո՛, խոստովանիր» հրապարակման մեջ ներկայացրել էինք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հաղորդագրությունը:
Պատգամավորը եւս մեկ անգամ ահազանգում էր Ծաղկաձորի «Կեչառիս» վանական համալիրի տարածքում կառուցվող հանրային սննդի օբյեկտի մասին եւ գրավոր նամակով հարցաշար էր ուղղել ինչպես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, այնպես էլ` Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին: Նա մասնավորապես խնդրել էր 10-օրյա ժամկետում գրավոր պատասխանել, թե արդյո՞ք Կ. Շահգալդյանը կապ ունի սննդի օբյեկտի կառուցապատող «Կարիգագ» ՍՊԸ-ի հետ` փայատե՞ր է, թե՞ բաժնետեր: «Օգտագործելով Ձեր պաշտոնական դիրքը, ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան բաժնից ուզում եք ստանալ «Կեչառիս» վանական համալիրի տարածքում «Կարիգագ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու համաձայնություն: Ինչո՞ւ եք Ձեր լիազորությունների սահմաններից դուրս գալով` թույլ տվել ապօրինի շինարարություն վանական համալիրի վանքապատկան տարածքում` առանց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելու»,- մի շարք հարցերից զատ` նշված էր մարզպետին ուղղված հաղորդագրության մեջ: Երեկ, չգիտես ինչո՞ւ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նամակ-պատասխան է ուղարկել ոչ թե Ա. Բախշյանին, այլ` մեր խմբագրություն, որը տպագրում ենք ամբողջությամբ: «168 Ժամ» թերթի N81 (841) հերթական համարում ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի տարածած հաղորդագրության հիման վրա պատրաստված հրապարակումն ունի հստակ պարզաբանումների եւ ճշգրտումների անհրաժեշտություն: Չնայած այն հանգամանքին, որ Կոտայքի մարզպետարանն այս պահի դրությամբ տիկին Բախշյանի կողմից որեւէ նամակ դեռեւս չի ստացել, պարզապես հարգելով Ձեր թերթի հեղինակությունը` անհրաժեշտ ենք համարել արձագանքել հիշյալ հրապարակմանը եւ թերթի ընթերցողներին ներկայացնել նաեւ որոշակի պարզաբանումներ, որոնք իրենց հիմնավորումներով գուցե ավելի ծանրակշիռ կլինեն, քան տիկին Բախշյանի` խիստ միակողմանի եւ ակնհայտ միտումնավոր դիտարկումները: Ի սկզբանե նշեմ, որ ներկայացված «Կարիգագ» ՍՊԸ-ի հետ ինչպես ես, այնպես էլ ընտանիքիս անդամները, բարեկամներս, հարեւաններս, նախկին ու ներկա գործընկերներս որեւէ կապ չունենք: Այդպիսի կապ որոնողներին պետք է հիասթափեցնեմ, քանզի զուր ջանքերն արդյունքի չեն բերի: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ «Կարիգագ» ՍՊԸ-ի կողմից «Կեչառիս» վանական համալիրի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանի եւ «Կարիգագ» ՍՊԸ-ի միջեւ կնքված վարձակալական եւ կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա, այնուհետեւ աշխատանքների ծավալները տեսանելի հարթություն գալուն պես հայտնաբերվել է, որ կատարվում է ապօրինի շինարարություն եւ վերջինիս վերաբերյալ Ծաղկաձորի քաղաքապետարանն ու Կոտայքի մարզպետարանը ձեռնարկել են սահմանված որոշակի գործողություններ:
– Պաշտոնական գրություն Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` ապօրինի շինարարությունը դադարեցնելու եւ տարածքը նախկին տեսքի բերելու առաջարկությամբ:
– Պատասխան գրություն Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից, ըստ որի, կազմվել է համապատասխան ակտ` տարածքի զավթման եւ ինքնակամ շինարարության մասին, որը ստորագրել է շինարարություն իրականացնող Ա. Թադեւոսյանը: Շինարարությունը դադարեցվել է:
– Այս ամենին զուգահեռ` իրականացվել են նաեւ որոշակի օրենքով սահմանված գործընթացներ, որոնք եւ հանգեցրել են նմանատիպ անհիմն մեղադրանքների, այդ ամենը եւս ունի պարզաբանման անհրաժեշտություն:
– Կոտայքի մարզպետարանը հետագայում ստացել է նաեւ հիշյալ կառուցապատման համար Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը, որոնք, բնականաբար, չէին կարող պահվել մարզպետարանում, այլ ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացվեին ՀՀ Քաղաքաշինության նախարարություն: Ավելին, քաջ գիտակցելով, որ խնդիրն այս պարագայում վերաբերում է վանքապատկան հողերին` մարզպետարանը համապատասխան գրություն է ներկայացրել նաեւ ՀՀ Մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի` «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում կառուցապատում իրականացնելու խնդիրը պետք է քննարկվի ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի աոաջիկա նիստում եւ պահանջվում է նախարարություն ներկայացնել էսքիզային նախագիծը պլանշետի վրա եւ նույնի երկու օրինակ` գրքային տեսքով: Կոտայքի մարզպետարանի կողմից կատարված բոլոր ընթացակարգային սահմանված գործառույթների ապահովման պարագայում, ակնհայտ միտումնավորությամբ, այդ ամենը կապվում է Կոտայքի մարզպետի անվան հետ, որն անընդունելի է եւ չափազանց զավեշտալի, քանզի այդ նույն տրամաբանությամբ Կոտայքի մարզպետը եւս կարող է «Կարիգագ» ԱՊԸ-ի փայատեր կամ բաժնետեր լինելու մեջ մեղադրել ցանկացած մեկի, այդ թվում` Անահիտ Բախշյանին: Նույնքան զարմանալի է այն դիտարկումը, որ մենք պետք է ստանայինք Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի համաձայնությունն, այն պարագայում, երբ կա Կոտայքի թեմի առաջնորդարանի եւ կառուցապատողի միջեւ համապատասխան պայմանագիրը, որը վավերացվել է Հրազդանի պետ.նոտարի կողմից եւ պետական գրանցում է ստացել անշարժ գույքի կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանումում: (Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բոլոր հիմնավորող փաստաթղթերը):
Այս պարագայում խիստ հռետորական հարց է առաջանում, միգուցե տիկին Բախշյա՞նն է իրավասու տնօրինելու վանքապատկան հողերը: Մեկ նկատառում եւս. որեւէ մեկը կարող է չկասկածել, եթե այդ կառուցապատումն ընթանար իմ հովանավորությամբ, ապա ապահովված կլիներ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ուղղակի այդ պարագայում շահարկելու հնարավորություն չէր լինելու: Ինձ համար պարզից էլ պարզ է տիկին Բախշյանի հոգեվիճակը. առջեւում քաղաքական գործընթացներ են, որտեղ ինքն ուզում է դերակատարում ունենալ, բայց կարող եմ համոզված ասել, որ այդքան էժանագին, արդեն սպառված գործելաոճով, ավելի շատ կխանգարի իր ներկայացրած քաղաքական ուժի հետագա հաջողություններին:
Այս ամենով հանդերձ` դիմում եմ մեր հանրապետությունում իր վարկն ու հեղինակությունն ունեցող «168 Ժամ» թերթի խմբագրությանը եւ ակնկալում թերթի աջակցությունը` միակողմանի այդ դիտարկումներին հրապարակավ արձագանքելու հնարավորություն ընձեռելու եւ Կոտայքի մարզպետի պարզաբանումները եւս տպագրելու հարցում»:
Հ.Գ. Երեկ մենք զրուցեցինք նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Բախշյանի հետ: Նախ տիկին Բախշյանը շատ զարմացավ, որ Կ. Շահգալդյանը մինչ օրս իր ուղարկած նամակը չի ստացել: Նաեւ զարմացավ այն հանգամանքից, որ մարզպետը պատասխանել է թերթում զետեղված հրապարակմանը, այլ ոչ թե իրեն: Մենք փոխանցեցինք, որ Կ. Շահգալդյանը փորձել է հակափաստարկներ մատնանշել եւ Ա. Բախշյանի մամուլով հաղորդագրություն տարածելու քայլը ձեւակերպել է իբրեւ «էժանագին» գործելաոճ, որի միտումն առաջիկա ընտրություններին դերակատարում ունենալն է: «Է, թող ասի, հետո ի՞նչ, բա էդպես պիտի ասի` բա ի՞նչ պիտի անի: Էդ ի՞նչ հակափաստարկ պիտի ներկայացնի: Ես հիմա չեմ պատասխանի, Դուք տպագրեք նրա պատասխանը` հետո ես կուսումնասիրեմ եւ կանդրադառնամ դրան»,- պատասխանեց Ա. Բախշյանը: