Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում էր անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Հայկական երկրորդ պետության անկախությունը աշխարհը դեռեւս չի ճանաչում: Հավանաբար միջազգային հանրությանը դեռ որոշ ժամանակ է պետք նման քայլ կատարելու համար: Չէ՞ որ բոլորին պարզ է, որ Ղարաբաղի ժողովուրդը չի հրաժարվի իր ընտրությունից: Համենայն դեպս` ինքնակամ: Իսկ ուժ կիրառելու սպառնալիքներով նրան չես վախեցնի. Ղարաբաղի ժողովուրդն արդեն անցել է եւ համարժեք պատասխան տվել` հասնելով հանրապետության ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակին: Եթե համեմատենք նախկին ԽՍՀՄ այլ չճանաչված, մասնակիորեն կամ անգամ ամբողջովին ճանաչված հանրապետությունների հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին կարելի է խոսել իբրեւ կայացած պետության: Բնականաբար, դե ֆակտո կայացած: Թեեւ խնդիրներն, իհարկե, բազմաթիվ են: Մեր զրույցը Աշոտ Ղուլյանի հետ այդ խնդիրների, ձեռքբերումների, հանրապետության առաջ ծառացած հիմնահարցերի մասին է:
– Որո՞նք են, ըստ Ձեզ, Լեռնային Ղարաբաղի կարեւորագույն ձեռբերումները անցած 20 տարիների ընթացքում:
– Պետականության վերականգնումը, անկախության հռչակումը, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի օրինական իրագործումը եւ երկրի անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու հնարավորությունների ստեղծումը:
– Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում այժմ քննարկվող բանաձեւը ենթադրում է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղին սահմանակից տարածքները, փախստականների վերադարձ, խաղաղարարների ներկայություն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցերը. որքանո՞վ է այս սխեման իրագործելի, որքանո՞վ է տեղի բնակչությունը պատրաստ, ասենք, խաղաղապահների ներկայությանը:
– Այն հերթականությունը, որ բերվում է այդ թվարկման մեջ, չի կարող հակամարտության կարգավորման բանաձեւ դառնալ: Խնդրի առանցքը ԼՂՀ անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումն է, ինչը կարող է ուղի հարթել մյուս հարցերի քննարկման համար: Չեմ կարծում, որ ԼՂՀ-ի համար ընդունելի է իր անվտանգության հարցերը խաղաղարար ուժերին թողնելը. մենք սովոր ենք հարցերը լուծելիս հույս դնել սեփական ուժերի վրա:
– Կցանկանայի՞ք արդյոք կանխատեսումներ անել, թե ո՞վ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը, եւ ե՞րբ կարող է տեղի ունենալ այդ կարեւոր իրադարձությունը:
– Կանխատեսումներ չեմ անի, սակայն ենթադրում եմ, որ չի կարելի անվերջ չարաշահել Հայաստանի Հանրապետության եւ միջնորդ-երկրների համբերությունը:
– Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը առիթ դառնալ Ադրբեջանի փլուզման համար. չէ՞ որ ինքնավարության մասին կարող են խոսել այդ երկրում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունները:
– Միանգամայն հնարավոր է: Սակայն Ադրբեջանը կփլուզվի հակառակ դեպքում, եթե շարունակի խոչընդոտել ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ինչպես էլ որ գնահատվեն այդ երկրի հնարավորությունները, միեւնույն է, դեռ ոչ մի պետության չի հաջողվել ետ շրջել պատմության անիվը:
– Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ղարաբաղի ամենագլխավոր խնդիրներից մեկը բնակչության արտագաղթն է երկրից: Անբնակ հողերն է շարունակ մատնացույց անում ադրբեջանական քարոզչությունը, այդ նույն խնդիրն է ժամանակ առ ժամանակ բարձրացվում հայկական մամուլում: Ի՞նչ է արվում մարդկանց այստեղ պահելու համար: Հնարավո՞ր է ինչ-ինչ ծրագրեր մշակել, որպեսզի, օրինակ, Ղարաբաղում հայեր վերաբնակեցվեն հայերի համար, այսպես ասած, ոչ այնքան անվտանգ երկրներից:
– Դա խաբուսիկ տպավորություն է: Եթե անգամ ինչ-որ մեկին ձեռնտու է իրավիճակն այդպես ներկայացնել, դա դեռ չի նշանակում, որ իրականում վիճակն այդպիսին է: Այլ հարց է, որ այդ գործընթացը մեզ եւս մտահոգում է, սակայն բնակչության արտագաղթ, որպես այդպիսին, չկա: Զանազան ծրագրեր են գործում, նորերն են կյանքի կոչվում: Ամենակարեւորն այն է, որ այդ մարդիկ այլեւս իրենց «ներգաղթածներ» չեն համարում, այլ երկրի տերեր: Այդ իրավունքը նրանք վաստակել են արյամբ եւ ԼՂՀ պետականության կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման գործում իրենց ծանրակշիռ ավանդով: Ինչ վերաբերում է զանգվածային վերաբնակեցմանը, ապա հայրենիքի բարգավաճման համար կարելի է օգտագործել ցանկացած տարբերակ: