Գնդապետ Մուամար Կադաֆիի հարսն իրենց տանը դանակահարել է թուրք սպասավորի: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է անձամբ դանակահարված սպասավորը` 54-ամյա Ադնան Թամը: Նա պատմել է, որ մեկ տարի առաջ մեկնել է Տրիպոլի եւ որպես սպասավոր աշխատանքի ընդունվել Կադաֆիի որդիներից Հանիբալի առանձնատանը: Նշելով, որ 1 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, թուրք սպասավորն ասել է. «Սակայն, երբ Թուրքիան աջակցություն հայտնեց լիբիացի ժողովրդի շարժմանը, Հանիբալի ու նրա կնոջ վերաբերմունքն իմ նկատմամբ կտրուկ փոխվեց: Նրանք սկսեցին ատել ինձ եւ ստորացնում էին` անվանելով` «դավաճան թուրք»: Ամեն օր բռնությունների էի ենթարկվում: Հանիբալն ու նրա մարդիկ ինձ մահակներով ծեծում էին: Նրանց տնից փախչելը դժվար էր. տունը հսկում էին զինված մարդիկ: Իսկ Հանիբալի նյարդային հիվանդ կինը` Ալինեն, ինձ նույնիսկ դանակահարել է»,- պատմել է թուրք սպասավորը` նշելով, որ իրեն հաջողվել է փախչել զուգարանի պատուհանից: