Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վստահության վարկանիշը հասել է առավելագույնի` սկսած 2010թ. սեպտեմբերից: «Institut francais d’opinion publique»-ի (IFOP) սոցիոլոգների հետազոտությունների համաձայն` սեպտեմբերին նախագահի աշխատանքներին հավանություն է տվել հարցվածների 37 տոկոսը: Համեմատության համար, ըստ «The Daily Telegraph»-ի տվյալների, 2011թ. ապրիլին Սարկոզիին իրենց վստահությունը հայտնել էր հետազոտության մասնակիցների ընդամենը 30 տոկոսը: Սարկոզիի նկատմամբ վստահության աճին, ըստ IFOP փորձագետների, մի քանի գործոն է նպաստել: Նախ` ֆրանսիացիների մեծ մասը դրական է վերաբերվել Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ Մուամար Կադաֆիի հակառակորդներին` Սարկոզիի կողմից աջակցություն ցուցաբերելու հանգամանքը: Երկրորդ` Ֆրանսիայի քաղաքացիները գնահատել են Սարկոզիի` պետպարտքը կրճատելու եւ բյուջեի պակասուրդը նվազեցնելու ձգտումը, եւ երրորդ` ֆրանսիացիները դրական են ընդունել երկրի առաջին տիկին Կարլա Բրունիի հղի լինելու լուրը` հատկապես ԱՄՀ-ի նախկին ղեկավար եւ նախագահի նախկին թեկնածու Դոմինիկ Ստրոս-Կանի անվան հետ կապված սեքսուալ սկանդալի ֆոնին: Հարցման արդյունքները, ըստ սոցիոլոգների, որոշ չափով մեծացնում են 2012-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում Սարկոզիի շանսերը: Այդուհանդերձ, նա ընտրողների շրջանում վայելող հեղինակության աստիճանով դեռ զիջում է միայն Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդին (Francois Hollande):