ԼՂՀ Մարտակերտի շրջան տանող Նոր Մարաղա գյուղի ճանապարհին ուղեկիցներիցս մեկը հանկարծ հիշեց հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ գերեվարված մի ընտանիքի պատմություն, որի մասին գրել էր ամերիկյան թերթերի համար: Նրա ստացած վերջին տեղեկությունն այն էր, որ 1,5 տարի գերության մեջ մնացած Լոլային ադրբեջանցիները վերադարձրել են:
«Լոլան հիմա մեծ աղջիկ է՝ հավանաբար, 19-20 տարեկան: Իսկ ինչո՞ւ չգտնել»,- հուզված ասաց զրուցակիցս՝ գյուղացի թզավաճառ կնոջը հարցուփորձ անելով: Պարզվեց՝ գերության մեջ մնացած ընտանիքն ապրում է Շուշիում, իսկ ընտանիքի մոր հայրը՝ Նոր Մարաղայում, ում հետ, սակայն, չկարողացանք հանդիպել: Հաջորդ օրն առավոտյան տեղեկություն ստացանք, որ Լոլան աշխատում է Շուշիի հիվանդանոցում, որտեղ էլ անմիջապես ուղեւորվեցինք: Շուշիի հիվանդանոցի կիսախարխուլ շենքում լռություն էր տիրում, որը երբեմն խախտում էին հատուկենտ հիվանդների ոտնաձայները: Բարձրացանք ծննդաբերական բաժանմունք, որտեղ Լոլան աշխատում է՝ որպես մանկաբարձ: Մի քանի վայրկյան անց մեզ ընդառաջ եկավ հեզ, դեմքի մեղմ արտահայտությամբ աղջիկը: Զրուցակիցս, որ Լոլայի մասին գրել էր նրա գերության տարիներին, սկսեց հուզվել: Մեր զրույցը տեւեց մի քանի րոպե: Նախ խոսեցինք Շուշիում ծնելիության մասին, որտեղ, ըստ նրա, ծնունդների թիվը կտրուկ նվազել է, եւ պատահում է, որ անգամ ամիսը մեկ ծնունդ չեն ունենում: «Պատերազմը մեծ հետքեր թողեց քաղաքում…»,- հանկարծ ասաց 21-ամյա աղջիկը՝ նայելով դեպի հիվանդանոցի երկար միջանցքը: Իր գերության մասին Լոլան իմացել էր վերջերս: Նրա ասելով՝ մայրը միշտ թաքցրել էր այդ փաստը թե՛ իրենից, թե՛ եղբորից, որը նույնպես գերեվարվել էր: «Բացարձակ բան չեմ հիշում… Փոքր էի»,- իրեն բնորոշ մեղմությամբ պատասխանեց Լոլան: Ժամեր անց մենք ուղեւորվեցինք Լոլայենց բնակարան, որտեղ դուռը բացեց աղջկա մորական տատը՝ հրավիրելով ներս: Տատն անտարբեր նստեց բազմոցի ծայրին՝ ուշադիր նայելով մեզ: Կորուստների դառնությունից նա քչախոս էր դարձել: Վերջինս կանչեց աղջկան՝ Կարինեին՝ Լոլայի մորը, ով դողդողացող ձայնով, հազիվ լսելի, բարեւ տվեց մեզ, հետո նստեց սենյակի անկյունում: Տիկին Կարինեն խոսում էր կցկտուր՝ անընդհատ սրբելով արցունքները: Նա, կարծես, չէր կարողանում բոլորի ներկայությամբ խոսել, միայն մատնացույց էր անում այժմ Ադրբեջանի տարածքում գտնվող Մարաղա գյուղն ու կրկին սրբում թաց դեմքը: Քիչ անց խնդրեցի նրան առանձին զրուցել: «Մարաղայից եմ: Էն ժամանակ որեւէ մեկը չէր հավատում, որ ադրբեջանցիները գյուղ կմտնեն: Կանոնավոր բանակ չկար, գյուղի տղամարդիկ էին հսկում սահմանները: Հետո ինչ-որ ծրագիր էին կազմել` հակառակորդի շղթան ճեղքելու, գյուղից դուրս գալու համար, բայց չստացվեց»,- փայտյա աթոռին կուչ եկած` պատմում էր կինը, ում խոսքով՝ մինչ 1992թ. կրակոցներ մշտապես էին լինում, գողություններ էին անում դաշտերից, կրակում դաշտում աշխատող մարդկանց վրա: «1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցիները մտան գյուղ: Դա բանակ չէր, այլ անկանոն հրոսակախումբ՝ զինվորական, ոստիկանական, քաղաքացիական համազգեստներով: Ոնց որ գազազած ոհմակ լիներ: Անխնա ծեծում-ջարդում-գերի էին վերցնում գյուղացիներին: Իմ աչքի առաջ սպանում էին: Ես տեսել եմ սպանություններ, արյան լճակներ, մոխրացած, մորթված դիակներ, կանայք, որոնց աղիքները դուրս էին թափված: Տները եւ տներին մոտ ընկած դիակները վառում էին: Էն ժամանակ այս ամենը չէի զգում, կարծես քարացել էի»,- վերհիշում էր պատերազմի ականատեսը: Կնոջ փոխանցմամբ՝ ապրիլի 10-ի ամբողջ գիշերը ադրբեջանցիները հրետակոծել են ամբողջ գյուղը: «Հետո կեսօրին անցան ավտոմատներին: Ավտոմատների գնդակները կարկուտի տարափի պես թափվում էին: Նրանք, որոնք մենակ էին եւ ապրում էին գյուղի ծայրամասերում, կարողացան փախչել, իսկ նրանք, ովքեր երեխաների հետ էին` մնացին գյուղում: Մենք մտածում էինք, որ տղաները պոստում էին, ու կզգուշացնեն: Կոնկրետ մենք շատ հոգով էինք, չկարողացանք: Գետնափոր ապաստարաններում էինք մնում: Տան առջեւի մասում ավազե պարկեր էին դրել, որտեղ թափվում էին գնդակները: Նրանք խփում էին մեր գյուղի խաղողի այգիներից: Լուսամուտով դուրս էին գալիս, գնում էին փոսը: Հետո արկեր էին պայթեցնում, ու ամեն արկի պայթյունից էնքան մեխ ու մետաղ էր թափվում: Էդ ժամանակ մենք անմիջապես գնում էինք գետնափոր ապաստարանները»,- սառը հայացքով պատմում էր զրուցակիցս: Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իրենց գտան գետնափոր ապաստարանում, որտեղ թաքնվել էին 12 հոգով: «Մեր հարեւաններն էին, մեր ընտանիքից` ես, երկու երեխաներս ու կեսրայրս: Իմ աչքի առաջ ադրբեջանցիները տարան ամուսնուս հորը, ով այն ժամանակ 65 տարեկան էր, ոտքից էլ վիրավոր էր, չէր կարող փախչել, բայց հետո գերիների փոխանակման ժամանակ այդպես էլ չգտանք նրա անունը»,- նշեց տիկին Կարինեն, ով դժվարացավ հիշել, թե վերջին անգամ ե՞րբ էր տեսել ամուսնուն, ով այդպես էլ մնաց անհայտ կորածների ցուցակում: Գյուղը շատ զոհեր է տվել, որոնց թիվը զրուցակիցս հստակ չգիտեր: Նրա ասելով՝ մոտ 56 դիակներ միայն գյուղից էին հավաքել, բոլորի աճյուններն ամփոփվել են գյուղի գերեզմանատանը, մոտ 70 հոգու գերի են տարել՝ այդ թվում նաեւ 10 երեխաների: Գերեվարված երեխաների թվում էին նաեւ տիկին Կարինեի երկու երեխաները՝ Նարեկն ու Լոլան: «Երբ արդեն ինքնապաշտպանական շղթան ճեղքել էին՝ մտնելով գյուղ, սկսել էին վայրագ սպանությունները: Այդ օրը երեխաներիս խլեցին ինձնից՝ աղջիկս` 1,5, տղաս՝ 3 տարեկան էր: Նրանց ձեռքին ավտոմատներ, կացնանման գործիքներ կային, որոնց մի կողմը կացինի նման սուր էր, մյուս կողմն էլ մուրճի էր նման: Մի կողմով խփում էին, մյուս կողմով` կտրում: Ավտոմատներ ամենքը չունեին, բայց այդ գործիքը կար մեծամասնության մոտ»,- շարունակեց կինը, ում եւս գերի էին տարել: Կնոջ ասելով՝ որդին գտնվեց գերության երրորդ օրը: «Հետո ինձ էլ տարան այդ օրը: Երեխաներին առանձին տարան, ինձ՝ առանձին: Ես չտեսա երեխաներին: Ինձ 3 ամիս հետո փոխանակեցին: Ապրում էի ադրբեջանցի գյուղացու տանը: Նրանք ինձ ազատ արձակեցին էն պայմանով, որ գամ Ղարաբաղ եւ փորձեմ գտնել իրենց տղային: Հենց այդ մարդը գտավ իմ տղային»,- նշեց գերության մեջ հայտնված կինը: Կնոջ փոխանցմամբ՝ շուրջ 3 ամիս ինքն ու որդին բնակվում էին ադրբեջանցիների ընտանիքներում՝ գյուղեգյուղ թափառելով: «Նրանք մեզ թաքցնում էին շրջապատից: Եթե որեւէ մեկը գլխի ընկներ, որ իրենք հայ են պահում` վատ կլիներ: Տարբեր գյուղերում ապրեցինք: Ես վախենում էի դուրս գալ տնից, բայց երեխան իրենց երեխաների հետ խաղում էր դրսում: Իսկ երբ շրջապատը կասկածում էր, որ իրենք հայ են թաքցնում, մեզ աղջիկների հետ տեղափոխում էին մեկ այլ գյուղ»,- վերհիշում էր զրուցակիցս, ում ադրբեջանցիները հետագայում Հադրութի Տող գյուղում փոխանակել են դիակների հետ: Այդ ժամանակ էլ զրուցակիցս լսեց քրոջ մահվան լուրը, ով դիակների հետ փոխանակելիս ականից էր մահացել՝ որբ թողնելով երկու երեխաներին: «Արդեն 1,5 տարի էր անցել, որ Լոլային գերի էին տարել: Ես չէի հավատում, որ կգտնեինք: Լոլային, փաստորեն, Գյանջայի մանկատուն էին տարել: Երեխայի աչքերից զգացի, որ նա իմ երեխան է»,- պատմում է կինը: Այդ տարիներին գերությունից վերադարձած ընտանիքը տեղափոխվեց Ստեփանավան, որտեղ բնակվում էր ամուսնու քույրը: Շուշի վերադարձան 2007թ.: Երկու երեխաներն էլ ընդունվեցին համալսարան:
Տիկին Կարինեն այս ամբողջ պատմությունը պատմում էր բավական սառը, մի տեսակ զսպելով արցունքները: Ըստ նրա՝ թեեւ հիմա գերության մեջ չեն, բայց դժվարությունները շարունակվում են: Այսօր նա աշխատանք չունի: Նարեկն ու Լոլան աշխատում են, բայց նրանց աշխատավարձով, մեղմ ասած՝ ծերը ծերին չեն հասցնում: «Ինչ էլ լինի` թող պատերազմ չլինի: Էն ժամանակ ամուսնուս կորցրեցի, հիմա տղաս մեծացել է… Նրանք տուժած սերունդ են: Երեխաներից շատ բան թաքցրել եմ գերության, պատերազմի մասին: Երբ տղաս դպրոց գնաց, այրեցի բոլոր այն թերթերը, որտեղ գրել էին մեր մասին,- ասաց զրուցակիցս եւ ավելացրեց,- Էն ժամանակ ուժեղ էի, հիմա ուժեղ չեմ: Ուժասպառ եմ եղել»: Երբ արդեն հրաժեշտ էի տալիս տիկին Կարինեին, տան դռան մոտ սկսեց անզուսպ լաց լինել: Երկուսս էլ լռեցինք: Հետո պատմեց, թե ինչպես է Նոր Մարաղա գյուղի վերաբնակիչներից մեկը փորձում խլել հոր հողամասը: «Ես գիտեմ, որ մեզ դժվար թե օգնեն, բայց գոնե էս մի հարցում ընդառաջեն մեզ: Ախր, հայրս էդ միրգն ու բանջարեղենը աճեցնում է երկու որբերի համար»: Կնոջ փոխանցմամբ՝ վերաբնակիչը մեծ կապեր ունի «վերեւներում», իսկ իրե՞նք…. Իրենք որեւէ բան չունեն, բացի այն ծանր հիշողություններից ու դառը կյանքից, որ, թվում է, դարից էլ երկար է ձգվում…